27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Վերելակով» Արցախը նվաճել չի ստացվի

«Իրավունքին» ուշագրավ տեղեկություն տրամադրեց Արցախի ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալասանյանը` կապված օրերս տեղի ունեցած Նիկոլ Փաշինյանի եւ Բակո Սահակյանի հանդիպման հետ: Այսպես, անդրադառնալով հարցին, թե հանդիպման ժամանակ ինչու էր բացակայում ԱՀ դրոշը, պարոն Բալասանյանը տեղեկացրեց, որ ինքը եւս այդ հարցով հետաքրքրվել է, եւ կառավարությունից բացատրել են, որ հանդիպումը պլանավորված չի եղել. «Բացատրում են, որ պատահական է ստացվել այդ հանդիպումը, եւ որ հապճեպության արդյունքում է, որ Արցախի դրոշը չի տեղադրվել…»:

Ասպիսով, ինչո՞ւ կարիքեղավ Փաշինյան-Սահակյան նման «հապճեպ»: Այն էլ այն նույն օրը` հոկտեմբերի 15-ին, երբ երկուսն էլ ծայրահեղ զբաղված պետք է լինեին. Փաշինյանը նոր էր հանդիպել Մինսկի խմբի համանախագահներին, եւ Հայաստանում էր նաեւ Վրաստանի վարչապետը: Իսկ ահա Սահակյանը պատրաստվում էր հաջորդ օրը ընդունել համանախագահներին: Նման պահին

առաջացած «հապճեպություն» խելքին մոտ մեկ բացատրություն կարող է ունենալ: Որ համանախագահների հետ Փաշինյանի հանդիպման ժամանակ ի հայտ են եկել այնպիսի կարեւոր նյուանսներ, որոնք պետք է ոչ թե պարզապես արագորեն փոխանցվեին Սահակյանին (դրա համար պարտադիր չէր անձնական հանդիպումը), այլ դա արվեր ցուցադրաբար, դեռ այդ պահին Երեւանում գտնվող համանախագահների աչքի առաջ:

Ի դեպ, մեկ հետաքրքիր հանգամանք եւս. համանախագահները Երեւանում էին հոկտեմբերի 14-ին, եւ այդ օրն էլ հանդիպեցին ԱԳ նախարաար Մնացականյանի հետ: Հաջորդ օրը տեղի ունեցավ Փաշինյանի հետ հանդիպումը, եւ միայն հոկտեմբերի 16-ին նրանք մեկնեցին Ստեփանակերտ: Այսինքն, Երեւանում էին երկու օր՝ ունենալով ընդամենը երկու հանդիպում: Եվ ինչո՞վ էին զբաղված մնացած ժամանակ: Կան կցկտուր խոսակցություններ, որ նրանք Երեւանում սպասում էին որոշ պարզաբանումների, որոնք կարող էին տրվել Սահակյանի հետ Փաշինյանի կողմից ինչ-որ հարցեր ճշտելուց հետո: Ըստ նույն այդ լուրերի` Փաշինյանը Սահակյանի հետ հանդիպումից եւ Վրաստանի վարչապետի հետ պաշտոնական ընթրիքից հետո եւս մեկ՝ ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել համանախագահների հետ՝ կապված այդ ճշգրտումների հետ:

Թե կոնկրետ ինչի մասին է խոսքը, աղբյուրը դժվարացավ մանրամասնել: Սակայն Սահակյանի հետ համանախագահների հանդիպումը որոշ մտքեր առաջացնում է: Այսպես, այդ հանդիպման հետ կապված եղավ նման հակիրճ տեղեկատվություն. «Բակո Սահակյանը վերահաստատել է պաշտոնական Ստեփանակերտի հավատարմությունն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում՝ վերստին շեշտելով բանակցային լիարժեք ձեւաչափի վերականգնման եւ հակամարտության կարգավորման բոլոր փուլերին Արցախի մասնակցության անհրաժեշտությունը»…

Եվ ահա այստեղ նկատենք` «պատահաբար» հենց այդ «չարաբաստիկ» հոկտեմբերի 15-ին որոշեց ասուլիսով հանդես գալ Վիտալի Բալասանյանը` ներկայացնելով որոշ ուշագրավ բացահայտումներ եւ ակնարկելով, որ Դուշանբեի «վերելակում» Փաշինյանն Ալիեւին խոստացել է՝ չպնդել բանակցություններին Արցախի մասնակցության հարցը: Իսկ ահա Սահակյանը համառում է, թե՝ առանց Արցախի մասնակցության հարց չի լուծվի: Մի խոսքով, կարծես թե Փաշինյան-Սահակյան այդ «հապճեպ» հանդիպումը բան չի տվել:

Նաեւ հաշվի առնելով, որ Բալասանյանը Դուշանբեի «վերելակի» հարցով թեեւ բավականին բան ասաց, սակայն նաեւ զգացվում էր, որ մի քանի այդքան էլ ասելիք դեռ մնացել է: Բայց նախ նկատենք., դեռ մայիսին նա, Դուշանբեի հետ կապված, այն միտքն էր հայտնել, որ այնտեղի պայմանավորվածությունները Ստեփանակերտի համար գաղտնի են. «Այդ վերելակային պայմանավորվածությունը, ես չգիտեմ` ինչի մասին էին, չգիտեմ` ի՞նչ են պայմանավորվել: Այնքանով, որքանով լսել ենք: ՀՀ-ից պաշտոնական ոչ մի հաղորդագրություն չենք ստացել»: Դա ակնարկ էր, որ Փաշինյանը գործում է՝ Ստեփանակերտին շրջանցելով: Իսկ ահա ասուլիսից օրեր առաջ Բալասանյանը հանդես եկավ նաեւ հայտնի աղմկոտ հարցազրույցով՝ միանգամայն այլ տեղեկացվածություն ի ցույց դնելով. «Վերելակում ինչ-որ մութ հարցերի շուրջ խոսակցություն է եղել:

Ընդհուպ կան խոսակցություններ, որ Իլհամ Ալիեւը ինչ-որ փաստաթուղթ կամ թղթեր է փոխանցել Նիկոլ Փաշինյանին»: Նման էր ակնարկի. ինչ-որ բան ասում է` մինչեւ վերջ չբացելով փակագծերը: Եվ ահա համանախագահների հետ հանդիպման օրը Բալասանյանի տոնը դարձավ շատ ավելի սպառնալից: Նախ` նա այս միտքն առաջ քաշեց. «Արցախի հիմնախնդրի կարգավորման շուրջ Հայաստանի վարած քաղաքականությունը շարունակությունն է Լեւոն Տեր-Պետրոսյանի վարած քաղաքականությանը…

Լեւոն Տեր Պետրոսյանի քաղաքականությունը հետեւյալն էր, տալ լայն ինքնավարություն, ստատուս Ադրբեջանի կազմում: Մինչ օրս Լեւոն Տեր-Պետրոսյանը չի հրաժարվել այդ մտքից ու այդ ծրագրից… Այնպես չէ, որ Փաշինյանը տեսլական է ներկայացնում, չկա տեսլական, տեսլականը այն փաստաթղթերն են, որոնք Լեւոն Տեր-Պետրոսյանի փաստաթղթերն են, որոնք նա ժամանակ առ ժամանակ դնում է շրջանառության մեջ»: 

Եվ Փաշինյանի արցախյան քաղաքականությունն ուղղակիորեն կապելով Տեր-Պետրոսյանի հետ` Բալասանյանն անցավ նաեւ «վերելակին». «Մենք իհարկե գիտեինք, թե ինչի մասին են այդ բանակցությունները, մենք հենց այնպես չէ, որ պիտի լսենք իրենց: Մենք էլ ունենք մեր հետախույզները, գիտենք, թե ում հետ ինչի մասին է խոսել վարչապետը, բայց չենք հրապարակելու, սպասելու ենք այնքան, որ ՀՀ վարչապետը ինքը խոսի, ներկայացնի, թե ինչի մասին է խոսել վերելակում կամ մյուս հանդիպումների ընթացքում»:

«Մեր հետախույզնե՞րը»: Բայց չէ՞որ մայիսին Բալասանյանը դեռ բան չգիտեր «վերելակի» մասին: Ինչ է, հետախույզները նո՞ր տեղ հասան: Նաեւ չմոռանանք, թե Դուշանբեում քանի այլ ղեկավար կար, այսինքն՝ արցախյան հետախությությունն այնտեղ հաստատ բան անել չէր կարող: Բայց նաեւ չմոռանանք, որ Բալասանյանը միանգամայն լուրջ եւ ադեկտվատ անձնավորություն է, մարտական գեներալ, եւ պարզապես ծիծաղելի կլիներ մտածել, թե նա պարզունակ «բլեֆ» է անում: Չէ, «վերելակի» մասին նա (նաեւ պաշտոնական Ստեփանակերտը) միանգամայն հստակ տվյալներ ունի: Այլ հարց  է, թե՝ որտեղից, ում նկատի ունի նա՝ «մեր հետախույզներ» ասելով:

Բայց մինչ դրան հասնելը նկատենք նաեւ հետեւյալը: Բալասանյանի այդ ողջ ասուլիսը արդեն նույնիսկ ակնարկ չես համարի, այն ամեն ինչ բացահայտելու սպառնալիք էր: Եվ հաշվի առնելով, որ այդ ամենը հնչեցվեցին ՄԽ-ի այս բավականին տարօրինակ այցին զուգահեռ, ենթադրելի է դառնում, որ Դուշանբեի «վերելակի» մանրամասների բացահայտման մասին ակնարկները պետք է, որ սերտորեն կապված լինեին համանախագահների հետ Փաշինյանի համաձայնության գալ-չգալու հետ կապված Արցախում առկա սպասելիքների հետ:

Այլ հարց է, Սահակյանը կանգնա՞ծ է Բալասանյանի այս բոլոր ակնարկ-սպառնալիքների թիկունքին: Միգուցե, նրա հետ այդ «հապճեպ» հանդիպման նպատակը հենց դա պարզելու իմաստով էր, միգուցե Փաշինյանին պետք էր հասկանալ՝ որքա՞ն հեռուն է պատրաստ գնալ Բալասանյանը, եւ միգուցե, պաշտոնական Ստեփանակերտը, ապա նոր համանախագահներին վերջնական պատասխան տար:

Առավել եւս, որ դեռ հարց է, թե ինչ պատասխան է ցանկալի Արցախի համար: Այսինքն, եթե Բալասանյանն այն միտքն է առաջ տանում, որ Փաշինյանը Տեր-Պետրոսյանի ծրագիրն է առաջ տանում, ապա նկատենք, որ այն շատ ավելի համահունչ է Բոլթոնի հայտնի «Հողեր՝ խաղաղության դիմաց» բանաձեւին, ինչի մասին, ի դեպ, ասուլիսում Բալասանյանը եւսուղղակիորեն խոսեց, բայց նաեւ չպնդելով, որ դրա թիկունքին Թրամփն է կանգնած: Ավելին, Թրամփի իմպիչմենտը պահանջող ամերիկյան ուլտրալիբերալների հետ Փաշինյանի հանդիպման փաստի հիշեցումը շատ ավելի թափանցիկ ակնարկ էր, թե Բալասանյանը սլաքնուր է տանում, որ Փաշինյանը հակված է ուլտրալիբերալ ուղղությանը: Իսկ ահա ՄԽ-ի պաշտոնական քաղաքականությունը եւ հայտնի վեցկետանոց առաջարկը միանգամայն այլ է եւ այլ հարթությունում: Այսինքն, Բալասանյանի խոսքից այն տպավորությունն է առաջանում, որ Փաշինյանը նաեւ ՄԽ-ի հետ է խաղում:

Հենց այստեղ է, որ էլ ավելի է կարեւորվում Բալասանյանի թիկունքի պաշտոնական Ստեփանակերտի կանգնած լինել-չլինելու հարցը: Նկատենք, որ համանախագահների հետ Սահակյանի հետ հանդիպումը եկավ հուշելու, որ Արցախը պարզապես չի կատարի առանց իր համաձայնության ձեռք բերված եւ ոչ մի պայմանավորվածություն, ովքեր էլ, որ դրանք ձեռք բերած լինեն: Հենց դա էլ, ի դեպ, դրված էր Բալասանյանի ողջ խոսքի տակ: Այսինքն, այն տպավորությունն է, որ Արցախում մտածում են այնպես, ինչը հրապարակային դաշտ է բերվում «ապստամբ» գեներալի շուրթերով:

Ի դեպ, այստեղ նաեւ չմոռանանք, որ մի շարք կրիտիկական պահերին հանկարծ պարզվեց, որ Սահակյանը Մոսկվայում է:

Եվ ահա Բալասանյանն էլ իր հերթին, Փաշինյանի քաղաքականությունը կապեց Տեր-Պետրոսյաանի եւ «Բոլթոնի ծրագրի» հետ, ու չմոռանանք, որ բոլթոնյան այդ ուղղությունը Մոսկվայում եւս համարում են իրենց դեմ ուղղված աշխարհաքաղաքական դիվերսիա: Ընդ որում, այս օրերին նաեւ Մոսկվայի անհանգստությունն է պարզ զգացվում: Վերջապես, եթե դեռ մայիսին Բալասանյանն ասում էր, թե Ստեփանակերտին Փաշինյանը տեղեկատվություն չի տվել «վերելակի» մասին, իսկ հիմա էլ, թե Արցախում ամեն ինչ գիտեն, հարց է ծագում նաեւ, թե որտեղի՞ց այդ հստակ ինֆորմացիան: Իսկ ահա Մոսկվայում, անշուշտ, այդ ողջ տեղեկատվությանը տիրապետում էին… Մնում է միայն Բալասանյանի թիկունքը պահել, առավել եւս, որ հիմա ոմանք շատ կուզենային նրան լռեցնել,  ու ուլտրալիբերալիզմի այս մի վերջին նկրտումն էլ կչեզոքանա:

Առավել եւս, որ գրեթե անմիջապես արցախյան խնդրի կարգավորման հրատապության մասինխոսեց նաեւ ՌԴ ԱԳՆ-ն՝ի դեմս խոսնակ Զախարովային, ով, ի դեպ, եւս մեկ անգամ հատուկ ընդգծեց, որ Արցախի կարգավիճակի հարցը խաղաղ բանակցություններում լուծելիք խնդիր է, այսինքն, որ Տեր-Պետրոսյանի, Բոլթոնի եւ նման բոլոր ծրագրերը, անկախ Դուշանբերի «վերելակից», անընդունելի է: Առավել եւս Սիրիայից հետո, որը փոխում է ողջ աշխարհաքաղաքական ֆոնը:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ