19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Բեռլին-Անկարա քաղաքական կամուրջը ճաքեր է տալիս /ֆոտո/

Գերմանական Die Welt (Աշխարհ, 30.05.2014թ.), թերթը տեղեկացնում է, որ երկրի Արտաքին գործերի նախարարությունը մայիսի 28-ին դիմել է դիվանագիտական սուր քայլի`իր մոտ է հրավիրել Թուրքիայի դեսպան Հուսեին Ավնի Կարսլիողլուն: ԱԳՆ-ի քաղաքական դիրեկտոր Հանս-Դիթեր Լուկասը (Hans-Dieter Lucas, 51տարեկան) նրան զայրացած հայտնել է իր կառավարության վրդովմունքը`վերջերս Էրդողանի կողմից Գերմանիայի Կանաչների կուսակցության համանախագահ`ծագումով Թուրքիայից Չեմ Օզդեմիրի (48 տ-ն) հասցեին հնչեցրած վիրավորանքների ու սպառնալիքների համար: Քրիստոնյա-դեմոկրատների փոխնախագահ Արմին Լաշերտի (Armin Laschet, 53 տ-ն) միջոցով քաղաքական Բեռլինն արդեն հայտարարել էր, որ «Օտար պետության ղեկավարի սպառնալիքը Բունդեսթագում ներկայացված կուսակցության ղեկավարի` Օզդեմիրի հասցեին, ով պաշտպանել է իր կանցլերի տեսակետը, հարված է բոլոր ժողովրդավար ստանդարտներին և Էրդողանի հարձակումը նրա վրա, միաժամանակ դիտվում է որպես հարձակում գերմանական պետության և ժողովրդավարության վրա»: էրդողանյան թեման մայիսյան տաք քննարկումների նյութ է դարձել նաև Գերմանիայի նախագահական Բելեվյու ամրոց-նստավայրի և կանցլեր Անգելա Մերկելի գերատեսչության գրասենյակներում: Երևույթի նախապատմությունն ու սրընթաց զարգացումները, արդեն 10 օրից ավելի է, ինչ իրենց են գամել քաղաքական և լրատվական Գերմանիայի խոսափողներն ու գրիչները և սերտորեն առնչվում են 2014թ. օգոստոսին Թուրքիայի նախագահական ընտրությունների և դրա առաջին թեկնածուի` սկանդալային Էրդողանի հետ:

 

2014-ի մայիսի 24-ը Գերմանիայի 2000-ամյա պատմական քաղաքում

 

Ոչ միայն գերմանական Արաքսը`1238,8 կմ երկարությամբ ձգվող Հռենոսն (գերմաներեն`  Rhein, լատիներեն`Rhenus) էր այդ օրը ավանդաբար երկու մասի բաժանում բնակչությամբ չորրորդ գերմանական քաղաքին`մեկ միլիոնանոց բազմազգ Քյոլնին, այլև Թուրքիայի նախագահական աթոռի համար կատաղի պայքարող անհավասարակշիռ մի քաղաքական գործիչ, ում այցի նկատմամբ անցյալում այդպիսի ընդգրկուն բողոքի դրսևորում դեռ չէր արձանագրել քաղաքական և էթնիկ Գերմանիան: «Եվրոպայում թուրք ժողովրդավարների միությունը», որը, հիրավի, համարվում է Թուրքիայի իշխանության երկարացված ձեռքը Եվրոպայում, հիմնադրման 10-ամյա հոբելյանին մասնավոր այցով Քյոլն էր հրավիրել նախագահական ընտրությունների իր թեկնածուին: Ինչպես ներքին, այնպես էլ արտաքին առումով, օրվա ընտրությունը շատ հանդուգն էր: Ներքին առումով` որովհետև Թուրքիայի ածխահորերում ցայսօր եղած ամենամեծ մարդկային ողբերգության` Սոմայի աղետի ու դրան հաջորդած 300-ից ավելի ածխահատների հողարկավորության սգո օրերին, երկրի վարչապետը սառնասրտորեն արտասահմանյան նախընտրական արշավի է մեկնում: Արտաքին առումով` քանզի այցի հաջորդ օրը`մայիսի 25-ին, Գերմանիայի բնակիչները միաժամանակ երեք` եվրոպական, նահանգային և ինտեգրացիոն կառույցների ընտրության էին գնալու: Ուստի պաղարյուն վարչապետին թե´ ներքին և թե´արտաքին աշխարհից համահունչ ապտակի արժանացրին: Գերմանիայի ալեվիների հարյուրհազարների հասնող համայնքը նախաձեռնեց այստեղ երբևէ Էրդողանի դեմ եղած ամենահզոր ցույցի կազմակերպումը: Երկրի ամենամեծ մուլտիֆուկցիոնալ դահլիճում` Քյոլնի Lanxess Arena-ում ելույթի եկած Էրդողանի դեմ բողոքին Քյոլն էին ժամանել ցուցարարներ տարբեր քաղաքներից, ինչպես նաև Անգլիայից, Ֆրանսիայից, Բելգիայից, Հոլանդիայից, Ավստրիայից, Շվեցարիայից, ընդհանուր`400 ավտոբուս, քյոլնեցիների հետ միասին մոտ 65 հազար ցուցարար (ըստ կազմակերպիչների`100 հազար): Գերմանիայում հակաէրդողանյան ցույցերի շղթան արդեն ավանդույթի է վերածվում: Ցուցարարների բազմալեզու պաստառները`«Տաքսիմը ամենուր է», «Մենք ոչ´ենք ասում Էրդողանին», «Թայիբ Էրդողան=գայլ`գառան դիմակով», «Մարդասպան Էրդողան», «Ամենուր դիմադրություն Էրդողանին», «Կորչի դիկտատոր Էրդողանը», և այլն, վկայում են մասնակիցների վճռականության մասին: Ալեվիների հետ համերաշխ քայլարշավի էին ելել գերմանացիներ, այլախոհ թուրքեր, ասորիներ, քրդեր, դերսիմցիներ, եզդիներ, հույներ և հայեր: Հռենոսի մյուս կողմում` Քյոլնի արենայում, վարչապետի մոտ 18 հազար երկրպագուներ չպարզեցին ոչ մի քաղաքական պաստառ: Արենայի ուխտավորները միայն ծափահարում էին Գերմանիայի կանցլերին, քաղաքական գործիչներին ու ԶԼՄ-ներին անհարիր շանթահարող իրենց վարչապետին ու միաշունչ բղավում`«Ռեջեբ Թայիբ Էրդողան»:

 

Հայ Ակադեմիականների Միության մասնակցությունը հակաէրդողանյան մեծ ցույցին

 

Գերմանիայում հայկական կառույցներից մայիսի 24-ի ցույցին մասնակցեց Հայ Ակադեմիականների Միությանը (ՀԱՄ): Հայկական դրոշների հետ միության անդամները պարզել էին «Էրդողանն ահաբեկիչ է», «Արարա´տ, մենք քեզ հետ ենք» «Արարատը եղել և մնում է հայկական» պաստառները: Քյոլնի և առհասարակ հակաէրդողանյան ցույցերին մասնակցելու միության գաղափարական հենքը հետևյալն է.

  1. Էրդողանը Թուրքիայի խոսնակն ու խորհրդանիշն է արտասահմանում և նրա դեմ պայքարը, պայքար է ուրացող պետության դեմ, որին եվրոպական բեմերում ասում ենք` հիշու´մ ենք մեր պատմությունը, պահանջատե´ր ենք և դեռ լուծելու խնդիրներ ունենք Թուրքիայի հետ: Ամենուր պետք է այդ երկրի ղեկավարներին դիմավորենք բողոքի ու պահանջատիրության մեր մշտական ներկայությամբ
  2. Համերաշխ ենք թուրքական ներկա իշխանությունների դեմ Արևմտյան Հայաստանի դրացի հալածված ազգերի պայքարի հետ, քաղաքական դաշնակից ենք նրանց
  3. Գերմանական ժողովրդավար քաղաքական դաշտում ներկայություն ենք դառնում, փաստում ենք կազմակերպված առկայություն, գերմանացի և մյուս ժողովրդավար քաղաքական գործիչների մեջ բարեկամներ ենք ձեռք բերում, գործիչներ, որոնցից շատերն իրենք են հայերին փնտրում

Ի կատարումն այս ծրագրային դրույթների, ՀԱՄ-ի անդամները ակտիվ ներկայություն ապահովեցին մայիսի 24-ի Քյոլնի մեծ ցույցին:  

 

Իսկ գերմանական արձագանքը, ինչպիսի՞ն էր այն:

Էրդողանի այցի, դրա նախորդ և հաջորդ օրերին, տեղի ունեցավ խոսափողերի և հեռուստաէկրանների իսկական փոխհրաձգություն, որին մասնակցեցին ավագ և կրտսեր սերնդի բազմաթիվ գործիչներ:

Նախ`Եվրոպառլամենտի պրեզիդենտի պաշտոնի համար մոտ 400 մլն. եվրոպացիների ձայները շահելու ելած թեկնածուները`գերմանացի Մարտին Շուլցը (Martin Schulz, 58 տ-ն, Սոցիալ-դեմոկրատական կուս.) և լյուքսենբուրգցի Ժան-Քլոդ Յունկերը (Jean-Claude Juncker, 59 տ-ն, Քրիստոնյա-սոցիալ-ժողովրդական կուս.) իրենց ընտրությանը և Էրդողանի այցին նախորդող շաբաթվա վերջին Համբուրգում կայացած հեռուստաբանավեճին հակառակ իրենց բազմաթիվ տարակարծիք մոտեցումներին, միաձայն հաստատեցին, որ «ներկա Թուրքիան, նրա ղեկավարությունը, տեղ չունեն Եվրոպական Միությունում, հասուն չեն դրա համար»: Այս ելույթները լուրջ ազդանշաններ էին հակաէրդողանյան մթնոլորտի թեժացման համար: Զգուշավոր, բայց վճռական էր նաև կանցլեր Անգելա Մերկելի (Angela Dorothea Merkel, 59 տ-ն, Քրիստոնիա-դեմոկրատ) ելույթը, որով աշխարհի ներկա թիվ մեկ կին գործիչը հույս էր հայտնում, որ «Էրդողանը գիտակցում է, թե այս անգամ որքան զգայուն է այցի օրը և որ նա ամենայն պատասխանատվությամբ ելույթ կունենա»: Հատկապես մտահոգիչ և խարազանող տոնով հանդես եկավ Քյոլնի քաղաքագլուխ Յուրգեն Ռոթերսը (Juergen Roters, 65 տ-ն, Սոցիալ-դեմոկրատ, 2009-ից Քյոլնի քաղաքագլուխ), ով հեռուստաէկրանից հայտնեց, որ «պատշաճ կլիներ, եթե Էրդողանը Գերմանիա գալու փոխարեն մնար իր երկրում և պարզեր Սոմայի աղետի խնդիրները… նրա այցը որոշակի սադրանք է»: Գերմանիայի չորս գլխավոր կուսակցությունների` Քրիստոնյա-դեմոկրատների, Սոցիալ-դեմոկրատների, Կանաչների և Ձախերի հայտնի շատ գործիչներ Էրդողանին Գերմանիա կատարելիք այցից հրաժարվելու խորհուրդներ և սուր գնահատականներ հնչեցրին: Հյուսիս-Հռենոսյան Վեստֆալիա (ՀՀՎ) մարզի, (Քյոլնը այս մարզի ամենամեծ քաղաքն է),  աշխատանքի և ինտեգրացիայի նախարար Գունթրամ Շնայդերը (Guntram Schneider, 63տ-ն, Սոցիալ-դեմոկրատ) Էրդողանի այցը համարեց «հյուրընկալության իրավունքի չարաշահում», ձաղկող էին նաև մարզի Կանաչների նախագահ Սվեն Լեհմանի (Sven Lehmann, 35տ-ն) խոսքերը: Կարծր էին հատկապես բեռլինյան ձայները: Ըստ կառավարող Քրիստոնյա-դեմոկրատական միության փոխնախագահուհի Յուլիա Կլյոքների (Julia Kloeckner, 42 տ-ն)`«խելացի կլիներ, եթե նա չգար…Էրդողանը երբեք այսքան հեռու չէր եղել եվրոպական արժեքներից, որքան հիմա է…հուսով եմ, որ Թուրքիայից եկած շատ քաղաքացիներ նրան այստեղ ուղղակի կարհամարեն, որը հստակ դիրքորոշում կլինի նրա նկատմամբ»: Նույն օրերին Քրիստոնյա-սոցիալ. միության գլխավոր քարտուղար Անդրեաս Շոյերը (Andreas Scheuer, 40տ-ն) Բավարիայից հայտարարեց, որ «Էրդողանն իրավունք չունի իր ընտրապայքարի ճակատամարտերը Գերմանիա տեղափոխել»: Քրիստոնյա-դեմոկրատների ցուցակով Բունդեսթագ անցած առաջին մուսուլման պատգամավոր, Հունաստանից Գերմանիա տեղափոխված թուրք ընտանիքի դուստր Ջեմիլե Յուսուֆը (Cemile Giousouf, 36տ-ն) հայտնեց, որ «վստահ է, որ Սոմայի ողբերգությունից հետո, շատերը կարծում են, որ վարչապետը պետք է լինի այնտեղ, որտեղ նրա կարիքը կա, այն է`իր երկրում և աղետի վայրում, այլ ոչ թե մեկնի Գերմանիա` հոբելյանական տոնակատարության»: Ամենաաղմկահարույցն ու խոցելին, իհարկե, մայիսի 19-ին «Գերմանաիա» ռադիոկայանի լրագրող Յասպեր Բարենբերգի (Jasper Barenberg) հետ Չեմ Օզդեմիրի ունեցած հարցազրույցն էր, որտեղ Կանաչների համանախագահը ուղղակի ասում է. «Էրդողանը կորցրել է իրականությունը ճանաչելու կարողությունը և նրա նախագահ դառնալը Թուրքիայի համար անկում  կնշանակի …» ապա ավելացնում`«մենք պետք է ծրագրեր մշակենք հետէրդողանյան Թուրքիայի համար, քանիզի Էրդողանը բևեռացնում, բաժան-բաժան է անում Թուրքիայի հասարակությունը և նույնն է անելու նաև Գերմանիայում թուրքական ծագմամբ քաղաքացիների հետ»:

Գանահարող նույն մթնոլորտն էր տիրում նաև 24-ի մեծ ցույցի ամբիոնում: Բազմաթիվ ալեվի գործիչների կողքին ելույթներ ունեցան Եվրոպառլամենտի պատգամավոր, Եվրոպայի Կանաչների կուս. համանախագահ Ռայնհարդ Բյուտիկոֆերը (Reinhard Buetikofer, 61 տ-ն), Բունդեսթագի պատգամավորներ` պրոֆ.դր. Հերիբերթ Հիրթեն (Prof. Dr. Heribert Hirte, 56տ-ն, Քրիստոնիա-դեմոկրատ) Ֆոլկեր Բեքը (Volker Beck, 54տ-ն, Կանաչներ), Սևիմ Դագդելենը (Sevim Dağdelen, 38տ-ն, Ձախեր), ՀՀՎ խորհրդարանից`Սերդար Յուկսելը (Serdar Yüksel, 41տ-ն, Սոցիալ-դեմոկրատ), Բերնհարդ ֆոն Գրյունբերգը (Bernhard von Grünberg, 68 տ-ն, Սոցիալ-դեմոկրատ), դանիական ծագումով Եվրոպառլամենտի թեկնածու Թինե Հյորդումը (Tine Hørdum, 31տ-ն, Սոցիալ-դեմոկրատ) և ուրիշներ: Օրվա բեմից բազմաթիվ հռետորներ Էրդողանից պահանջում էին նաև ճանաչել Հայոց ցեղասպանությանը:  

Հակաէրդողանյան հարյուրավոր հոդվածներն ու քաղաքական գործիչների բուռն արձագանքներն արդյո՞ք միայն բարոյախառն ելույթներ էին և չունեին որևիցե դիվանագիտական հարվածի ուժ կամ նպատակ, թե՞ սա ուղղակի արդեն նշանակում է, որ գերմանացիները թուրք ղեկավարի համար միակողմանի թռիչքի տոմս են պատվիրել և առաջարկում են նրան եվրոպական քաղաքական օդանավակայանից Թուրքիա թռչել Մուամար Կադաֆիի, Հոսնի Մուբարաքի և Զին բեն Ալիի ինքնաթիռով:

Ի հեճուկս վերոհիշյալի, Անկարայի տիրակալը իր հյուսիսային հպատակներին հրամայեց ավելի վեր բարձրացնել սպիտակ աստղով կիսալուսինը և մեկ ու կես մլն. ընտրողների սրտերը նվաճելու բաղձանքով ժամանեց Գերմանիա: Թուրքիայի ԱԳ նախարար Դավիթօղլուի և իշխանամետ «Յենի Սաֆակ» թերթի կողմից գերմանացիներին ուղղված պատասխան կրակոցները բավարար չհամարելով, աներեր Էրդողանը արենայի բեմից նախ ամպահար արեց հյուրընկալ երկրի գործընկերներին, հետո, կարծես բոլոր քննադատողներին որպես հավաքական պատասխան` թուրքական հեռուստաէկրանից դիմեց Չեմ Օզդեմիրին. «այդ այսպես կոչված թուրքին այլևս չեմ ուզում տեսնել Թուրքիայում… Դու արդեն շատ հեռուն գնացիր քո արտահայտությունների մեջ…»:

Դատելով Էրդողանի և նրա էմիսարների համառ պահվածքից, հատկապես այստեղ մշտապես հնչեցրած նրանց ագրեսիվ ելույթներից, կարելի է եզրակացնել, որ Գերմանիա հաճախակի կատարվող նրանց այցերի չբարձրաձայնվող նպատակներից է թուրքական սփյուռքի ազգայնամոլության վերարտադրության ապահովումը, Գերմանիայում թուրք երիտասարդ սերնդի գաղափարապես թուրքական ազգայնամոլությունից և իսլամից հեռանալու հնարավորությունները նվազագույնի հասցնելու մարմանջը:

Հստակ է արդեն, որ Անկարայի ներկա պետական սփյուռքյան դոկտրինը ազգայնամոլությունն ու մարտնչող իսլամիզմն է, որը Բեռլինում արդեն գիտակցում են:  

Իսկ Բոսֆորի ափի բնակիչը, 21-րդ դարի սկզբին, կարծես սկսում է նորից հիվանդանալ:  

 

Ազատ Օրդուխանյան

Հայ Ակադեմիականների Միության նախագահ

2 հունիսի 2014թ, Բոխում, Գերմանիա

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ