28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է Արցախի ժողովրդին Հանրապետության օրվա առիթով

Սեպտեմբերի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության նախագահ տիար Բակո Սահակյանին և հավատավոր ժողովրդին Հանրապետության օրվա առիթով:

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք հղում Ձեզ, Լեռնային Ղարաբաղի պետական այրերին և մեր ողջ հավատավոր ժողովրդին Արցախի Հանրապետության օրվա առիթով:

Արդեն 28-րդ տարին անընդմեջ ազգովի տոնախմբում ենք պատմական անարդարությունների դեմ նորագույն շրջանում հայ ազգի հաղթանակն ազդարարող` Արցախի անկախության հռչակման տարեդարձը։ Տոնում ենք արդար հպարտությամբ հաղթությունը մեր զավակների հերոսական պայքարի, որի շնորհիվ Արցախը դարձավ համայն մեր ժողովրդի ազատ ու արժանապատիվ կյանքի նոր հույսերի փարոսը: Պատերազմական դժվարին տարիներին մեր ժողովրդի զավակների հեղած արյամբ նվիրագործվեց արցախյան հողը, որի երջանիկ ու անվրդով կյանքի համար տակավին հարկադրված ենք պայքարել, երբեմն անգամ մեր զավակների կյանքի գնով:

Բարձրորեն գնահատում ենք խիզախ ոգին ու նվիրումը արցախաբնակ մեր զավակների, հայրենի սահմաններն անառիկ պահող մեր քաջարի զինվորների, որոնց հանձնառության շնորհիվ զորեղ ու լավատես է նաև աշխարհասփյուռ հայոց հոգին և կյանքը:

Ադրբեջանի բռնությունից ազատագրման այս օրը վերստին հաստատում ենք մեր Սուրբ Եկեղեցու զորակցությունը Արցախին և նրա բարեսեր ժողովրդին: Հայոց Եկեղեցին իր օրհնությամբ և ողջ ներուժով շարունակելու է սատարել հայրենի պատմական հողի վրա վերականգնված ազատ ու անկախ պետականության ամրապնդման սրբազան առաքելությանը: Դրա անուրանալի վկայությունը նաև հոգեփրկչական օրհնաբեր գործունեությունն է Արցախի թեմի, որի հիմնադրման 30-ամյա տարեդարձը նշանավորվեց Ստեփանակերտի նորակառույց Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցու օծումով:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Մեր հայցն ենք առ Աստված բարձրացնում, որ  Երկնավոր Տերը ին զորակից լինել Արցախի մեր հերոս ժողովրդին՝ պարգևելով աննկուն կամք ու ոգի՝ հաղթահարելու պարտադրյալ պատերազմի բոլոր դժվարությունները: Թող Բարձրյալ Տերը խաղաղ ու անսասան պահի Արցախ աշխարհը, շեն ու պայծառ՝ արցախահայության կյանքը», – ասված է Վեհափառ Հայրապետի շնորհավորագրում:

 

ԱՒԱՆԴԱԿԱՆ ՈՒՂՂԱԳՐՈՒԹԵԱՄԲ

 

Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհաւորել է Արցախի ժողովրդին

Հանրապետութեան օրուայ առիթով

 

Սեպտեմբերի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհաւորական ուղերձ է յղել Արցախի Հանրապետութեան նախագահ տիար Բակոյ Սահակեանին եւ հաւատավոր ժողովրդին Հանրապետութեան օրուայ առիթով:

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնութիւնն ու շնորհաւորանքներն ենք յղում Ձեզ, Լեռնային Ղարաբաղի պետական այրերին եւ մեր ողջ հաւատաւոր ժողովրդին Արցախի Հանրապետութեան օրուայ առիթով:

Արդէն 28-րդ տարին անընդմէջ ազգովի տօնախմբում ենք պատմական անարդարութիւնների դէմ նորագոյն շրջանում հայ ազգի յաղթանակն ազդարարող` Արցախի անկախութեան հռչակման տարեդարձը։ Տօնում ենք արդար հպարտութեամբ յաղթութիւնը մեր զաւակների հերոսական պայքարի, որի շնորհիւ Արցախը դարձաւ համայն մեր ժողովրդի ազատ ու արժանապատիւ կեանքի նոր յոյսերի փարոսը: Պատերազմական դժուարին տարիներին մեր ժողովրդի զաւակների հեղած արեամբ նուիրագործուեց արցախեան հողը, որի երջանիկ ու անվրդով կեանքի համար տակաւին հարկադրուած ենք պայքարել, երբեմն անգամ մեր զաւակների կեանքի գնով:

Բարձրօրէն գնահատում ենք խիզախ ոգին ու նուիրումը արցախաբնակ մեր զաւակների, հայրենի սահմաններն անառիկ պահող մեր քաջարի զինուորների, որոնց յանձնառութեան շնորհիւ զօրեղ ու լաւատես է նաեւ աշխարհասփիւռ հայոց հոգին եւ կեանքը:

Ադրբեջանի բռնութիւնից ազատագրման այս օրը վերստին հաստատում ենք մեր Սուրբ Եկեղեցու զօրակցութիւնը Արցախին եւ նրա բարեսէր ժողովրդին: Հայոց Եկեղեցին իր օրհնութեամբ եւ ողջ ներուժով շարունակելու է սատարել հայրենի պատմական հողի վրայ վերականգնուած ազատ ու անկախ պետականութեան ամրապնդման սրբազան առաքելութեանը: Դրա անուրանալի վկայութիւնը նաեւ հոգեփրկչական օրհնաբեր գործունէութիւնն է Արցախի թեմի, որի հիմնադրման 30-ամեայ տարեդարձը նշանաւորուեց Ստեփանակերտի նորակառոյց Սուրբ Աստուածածին առաջնորդանիստ եկեղեցու օծումով:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Մեր հայցն ենք առ Աստուած բարձրացնում, որ  Երկնաւոր Տէրը ին զօրակից լինել Արցախի մեր հերոս ժողովրդին՝ պարգեւելով աննկուն կամք ու ոգի՝ յաղթահարելու պարտադրեալ պատերազմի բոլոր դժուարութիւնները: Թող Բարձրեալ Տէրը խաղաղ ու անսասան պահի Արցախ աշխարհը, շէն ու պայծառ՝ արցախահայութեան կեանքը», – ասուած է Վեհափառ Հայրապետի շնորհաւորագրում:

###

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ