ՄԻՊ-ը դիմում է ՛՛սպեկուլյացիայի՛՛
Մարդու իրավունքների պաշտպանի 2013 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը հետաքրքրվեց, թե որ մարզերից են դիմում ՄԻՊ գրասենյակ, հիմնականում ինչ բովանդակություն ունեն քաղաքացիների դիմումները: Նա նաև հետաքրրքվեց, թե ինչ օբյեկտիվ չափորոշիչներով է գնահատվում ՄԻՊ_ի աշխատանքի արդյունավետությունը:
Կարեն Անդրեասյանը պատասխանեց, որ իրենց համար չափորոշիչ է օրինակ՝ իրենց օրենսդրական և այլ համակարգային առաջարկների ընդունման ցուցանիշները: ՛՛Այն կազմել է 51%, աճել է, դա նշանակում է, որ մեր հավաքական ինտելեկտը կամ այն մտահոգությունը, որ կա մարդու իրավունքների տեսանկյունից, սկսել են ընկալելի և ընդունելի դառնան մեր իշխանությունների տարբեր թևերի կողմից՛՛:
ՄԻ պաշտանը կարևորում է նաև դիմումների թվաքանակը, սակայն դրանք պետք է լինեն հիմնավոր կամ նրա ուսումնասիրության տիրույթում: ՄԻՊ-ը հոլովակներ է պատրաստելու Հ1-ով, որտեղ մարդկանց բացատրելու են, երբ իրենց դիմեն, երբ՝ ոչ: Նա հավելեց, որ վերջրին տարիներին 30-35 % աճ է գրանցվել, երբ մարդը դիմել է իրենց, ու իր խնդիրը լուծվել է: ՛՛Մենք գիտենք, որ խնդիրները շատ են, ու ուզում ենք աճեցնել այդ դիմումների քանակը, բայց կեղծ ու արհեստական չլինեն դրանք, որ մարդիկ իրենց խնդիրները լուծեն այս ճանապարհով և ոչ թե ընկերների, հարազատների միջոցով:
Մեր մարդիկ շարունակում են բողոքել դատաիրավական, իրավապահ համակարգից, այստեղ հիմնական ցուցանիշը դատարաններն են, դատախազությունն է, և ես սա շարունակում եմ կրկնել յուրաքանչյուր տարի, մարդիկ ամենաշատը խնդիրներ տեսնում են իրավական համակարգի հետ շփվելիս: Որքան էլ դա աբսուրդային է, մենք գիտենք, որ սոցիալական-տնտեսական խնդիրները շատ են երկրում, բայց մարդիկ գալիս են մեզ մոտ՝ իրավական համակարգի խնդիրները լուծելու համար, հաջորդ տեղում նոր սոցիալ-տնտեսական խնդիրներն են՛՛,-շեշտեց Անդրեասյանը:
Նա հայտնեց, որ ամենաշատ դիմումները եղել են Լոռու, Շիրակի ու Սյունիքի մարզերից, որտեղ կան մարզային գրասենյակներ: ՛՛Հնարավոր է աճը պայմանավորված է նրանով, որ այստեղ մենք գրասենյակներ ունենք, այսինքն՝ ավելի մոտ ենք, հասանելի ենք իրենց: Ես այստեղ սպեկուլյացիա պետք է անեմ, այսինքն՝ ես չունեմ պատճառներ, թե ինչու է այս մարզն ավելի ակտիվ մեզ դիմում, քան այն, սա ընդամենը ենթադրություններ են՛՛: