Հաջող ամուսնությունը առեղծվա՞ծ է, թե՞` իրականություն
Հարսանիքը ցանկացած մարդու կյանքում ամենակարեւոր իրադարձություններից մեկն է: Սակայն քչերն են, որ ամուսնության մասին մտածելիս մտածում են նաեւ խոչընդոտների մասին, որոնց պատճառով էլ հետագայում շատ ընտանիքներ են քայքայվում: Ամուսնական կյանքի առօրյայի հետ բախվելով` շատ զույգեր բախվում են իրենց համար անհաղթահարելի խնդիրների հետ եւ միակ ելքը տեսնում են բաժանման մեջ: Ամուսնությունը ոչ միայն սեր եւ կիրք է, այլ դրանք պահպանելու կարողություն: Ինչպես ասել է ֆրանսիացի գրող Անդրե Մորուան. “Ամուսնությունը շինություն է, որն անհրաժեշտ է ամեն անգամ վերակառուցել”: Ընտանեկան կյանքը աշխատանք է` ոչ միայն ֆիզիկական, այլ նաեւ հոգեկան: Կենցաղային մանրուքների պատճառով սկանդալներից խուսափելու համար հարկավոր է մշակել սեփական կանոնները, ինչը թույլ կտա ապրել զուգընկերոջ հետ` առանց նրան կորցնելու:
Առաջին հերթին, ընտանեկան կյանքի ողջ խառնաշփոթում կարիք չկա մոռանալ ինքդ քո մասին` սեքսուալ գրավչությունը քիչ դեր չի խաղում: Սակայն սեքսը չպետք է պարտականություն լինի, այլ ավելի շատ` նախադրյալ: Թող այն լինի չնախատեսված:
Կարիք չկա հարաբերություններ պարզել կամ վիրավորել ձեր “կեսին” բարեկամների կամ օտար մարդկանց ներկայությամբ: Թող ձեր անձնականը մնա ձեր միջեւ, քանի որ բացի քննադատություններից եւ չարությունից ուրիշ լավ բանի դա չի հանգեցնի: Մի հիշեք հին սխալները, բոլոր էլ սխալվում են: Միմյանց փոխելու փորձերը եւս անտեղի են:
Հետաքրքրություն ցուցաբերեք զուգընկերոջ կյանքի հանդեպ` նրա առողջության եւ աշխատանքի: Միմյանց հանդեպ ունեցած սերն ու քնքշանքը, օգնությունը եւ փոխադարձ աջակցությունը, բարությունը եւ անկեղծությունն են հաջող ամուսնության եւ 2 սրտերի իսկական միության գրավականը: