«Տռուսիկով» տարան, ասեցինք՝ փռեն ասֆալտին, չասեցինք՝ էդքան նվաստացնեն. Իջևանից բերման ենթարկվածների հարազատ
Իջևանի դեպքերից հետո մարզպետարանի մոտ բողոքի ցույց իրականացնող ձերբակալվածների հարազատներից մեկը պնդում է, որ երեկոյան ժամը 3:00-ին ոստիկանները մտել են իրենց տուն ու բռնի ուժով տարել երկու տղաներին ու ամուսնուն:
«Ժամը 3-ին, կոտրելով, փշրելով դուռը, մտել են տուն: Դուռը բացեցի, ասեցի՝ խնդրում եմ բացատրեք՝ ո՞վ եք ի՞նչ եք ուզում, հրեցին, իմ տան մեջ գցեցին, հեսա կապտուկը, նայեք (կինը ցուցադրեց ձեռքի վրայի կապտուկը – Aysor.am), որից հետո տղաս ձեներից իջավ, 10 հոգով բռնեցին, տռուսիկով, որի իրավունքը բացարձակ չունեին, տարան: Ասեցինք՝ փռեն ասֆալտին, չասեցինք՝ տան մեջ անմեղ մարդկանց փռեն ասֆալտին, իր ա կնոջ, երեխու մոր ներկայությամբ մարդուն էդքան նվստացնեն», – պատմեց բերման ենթարկվածներից մեկի կինը:
Վերջինս նշեց, որ դրանից հետո ամուսինն ու մյուս տղան են ներքև իջել, նրանց էլ են բռնել:
«Մեքենայի առաջ ինձ հրեցին գցեցին, գիշերով տռուսիկով տարան՝ ոտաբոբիկ առանց հագուստի», – ասաց կինը:
Նա նաև նշեց, որ հեռախոսով տեսագրել է կատարվածը և որպես ապացույց կարող է տեսանյութ ներկայացնել:
Ցուցարարներից մեկն էլ պնդեց, որ ոստիկաններից ոմանք եղել են քաղաքացիական հագուսով, մի մասը դիմակով, կանանցից մեկն էլ պնդեց, որ որոշ ոստիկաններից ալկոհոլի հոտ է եկել:
Հիշեցնենք, որ երեկ ուշ երեկոյան բախում է տեղի ունեցել Իջևանում ճանապարհը փակող ցուցարարների, որոնք, հիմնականում, փայտի գործով զբաղվողներն են և ոստիկանների միջև, երբ վերջիններս փորձել են ազատել ճանապարհը:
Այսօր ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը հայտարարել է, որ Իջևանի քաղաքացիները հարվածել են ոստիկաններին մակահներով ու քարերով, բախումները եղել են միակողմանի: