Պատերազմ, այնուամենայնիվ, լինելու է. չի կարող չլինել. Հրանտ Մելիք-Շահնազարյան
Նախկին իշխանությունների ժամանակ Հայաստանն առնվազն երկու-երեք կարևոր խնդիր էր առաջարկում աշխարհին։ Առաջին հերթին, դա անվտանգությունը և կանխատեսելիությունն էր Հարավային Կովկասում, այսօր՝ «Ադեկվադ» ՀԿ-ի նախաձեռնած «Ադեկվատ դիսկուրս» կոնֆերանսի ժամանակ ասաց «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
«Երկրորդ հարցը, որը վերջին տարիներին շատ ակտիվ էր տարածվում, այն էր, որ Հայաստանը, հենվելով պատմական անցյալի վրա և հետամուտ լինելով միջազգային հարթակներում Հայոց ցեղասպանության ճանաչմանը, բարձրաձայնում էր շատ ակտուալ՝ մարդության դեմ ուղղված հանցագործությունների խնդիրը։
Հայաստանը ձևավորում էր միջավայր, որտեղ քաղաքակիրթ աշխարհը կարող էր համատեղ ջանքերով պայքարել այդ հանցագործությունների դեմ։ Դա շատ ակտուալ հարց էր հատկապես Մերձավոր Արևելքում, որտեղ հայկական գործոնն ուժեղ է։ Այդ գաղափարը մենք բարձրաձայնել և հասցրել էինք միջազգային մակարդակ, ունեինք և հիմա էլ ունենք այդ շանսերը՝ դառնալու մարդկության համար կարևոր այս խնդրի պայքարի առաջամարտիկ, լոկոմոտիվ ուժ։ Բայց հայտարարելով շարունակականության մասին, ըստ էության, այդ բանը տեղի չունեցավ։ Տեղի չունեցավ, կարծում եմ, բացառապես մեկ պատճառով, որի անունն է Նիկոլ Փաշինյան», – ասաց բանախոսը։
Հրանտ Մելիք-Շահնազարյանը միաժամանակ նշեց՝ թեև շատ է խոսվում սահմանին անվտանգության մակարդակի բարձրացման և կրակոցներ թվի նվազման մասին, սակայն ակնհայտ է, որ նախորդ տարվա սեպտեմբեր ամսից
մինչ օրս թվացյալ հանդարտությունը հակառակորդն օգտագործում է հետագայում էլ ավելի բարենպաստ դիրքերից ագրեսիա կիրառելու համար։
«Այդ մի քանի ամիսների, այսպես կոչված, չակերտավոր հարաբերական անդորրի գինը վճարվում է առաջնագծում՝ զոհերով։ Ամբողջ խնդիրը նրանում էր, որ իշխանություններին և Փաշինյանին պետք էր ընդամենն այս պահին արդյունքներ ցույց տալ», – ասաց քաղաքագետը։
Վերջում Հրանտ Մելիք-Շահնազարյանը շեշտեց, որ պատերազմ, միևնույնն է, լինելու։
«Չի կարող չլինել, երբ պետության ղեկավարը քանդում է պատերազմի զսպման մեխանիզմները», – ասաց նա։