Գորիսի քաղաքապետի երիտասարդ թեկնածուն չի խախտում օրենքը
Հունիսի 8-ին մի շարք մարզերում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են 2 քաղաքային համայքներում՝ Ջերմուկում եւ Գորիսում: Այստեղ կպայքարեն 4 թեկնածու, որից երկուսը Հանրապետական են:Գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Գորիսը 14 տարի ղեկավարած 59-ամյա Նելսոն Ոսկանյանը որոշել է այլեւս քաղաքապետ չաշխատել: Սա է եղել միակ պատճառը, որ չի առաջադրվել: Նա շարունակելու է նախկին գործը շինկազմակերպությունում:
ՀՀԿ-ն առաջադրել է 47-ամյա, “Հայջրմուղկոյուղու” Գորիսի տեղամասի պետ Վաչագան Ադունցին, սակայն Գորիսի ՀՀԿ տարածքային կառույցի անդամները Henaran.am-ի զրույցում նշել են, որ կառույցը նման որոշում չի կայացրել:
“Շանի” ՍՊԸ տնօրեն, Գորիս քաղաքի ավագանու անդամ, անկուսակցական Հրայր Յոլյանը 35 տարեկան է եւ լուրջ ծրագրեր ունի Գորիսը զարգացնելու համար:
ՀՀԿ-ական 39-ամյա Արա Բուդաղյանը “Վարարակն” ՍՊԸ տնօրենն է: Նա անցած տարի հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ սպանված Ավետիք Բուդաղյանի եղբայրն է: Արա Բուդաղյանն ինքնառաջադրվել եւ համոզված է, որ Հանրապետականների մեծ մասը նրան կսատարի:
Քաղաքապետի աթոռի համար պայքարող 4-րդ թեկնածուն ամենաերիտասարդն է: “Գորիսի Գամմա” ԲԲԸ գործադիր տնօրեն Տիգրան Կարապետյանը 33 տարեկան է եւ կարծում է, որ երիտասարդ գորիսեցիները իրեն կընտրեն: Վերջինս խոստացավ նախընտրական քարոզարշավը մեկնարկելուց հետո խոսել բոլոր հարցերի, ծրագրերի մասին:
“Եկեք չշտապենք, որ հետո չասեն՝ օրենքն խախտում է”,-նկատեց թեկնածուն: