Կրքերը թեժանում են. պայքար “դաբրո”-ի համար
ՀՀԿ Գորիսի տարածքային կառույցի անդամ, Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Յուրա Սաֆարյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց, որ ՀՀԿ Գորիսի տարածքային կազմակերպությունը դեռ որոշում չի կայացրել հունիսի 8-ին կայանալիք Գորիսի քաղաքապետի ընտրություններին որեւէ թեկնածուին պաշտպանելու մասին:
Նշենք, որ առաջադրված է 4 թեկնածու՝ անկուսակցականներ Հրայր Յոլյանը, Տիգրան Կարապետյանը, ՀՀԿ-ականներ Արա Բուդաղյանն ու Վաչագան Ադունցը: Վերջինիս թեկնածությունը պաշտպանում է ՀՀԿ-ն:
“Որպես ՀՀԿ անդամ ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, Գորիսում ՀՀԿ-ի նիստ չի հրավիրվել եւ չի քննարկվել, չի որոշվել որեւէ մեկի թեկնածությունը պաշտպանելու կամ առաջադրելու մասին: Վաչագան Ադունցին տրված տեղեկանքը կեղծ է”,-ասաց Յուրա Սաֆարյանը: Այն հարցին, որպես Հանրապետական փորձել է՞ պարզել, թե ինչու են կեղծ տեղեկանք տվել:
“Դե մեզանից չեն հարցնում, իրենք ինչ ուզում գրում են”,-ասաց Սաֆարյանը:
ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանն էլ Henaran.am-ի հետ հեռախոսազրույցում նշեց, որ համայնքի ղեկավարների թեկնածուների առաջադրումների հարցը որոշում են տարածքային եւ մարզային կառույցները: “ՀՀԿ գործադիր մարմնի կամ խորհրդի քննարկման հարց չէ, փորձեք Սյունիքի մարզային կառույցից ճշտել, թե երբ են որոշում կայացրել”,-ասաց նա:
Ի դեպ, ավելացնենք, որ ՀՀԿ Սյունիքի մարզային կառույցում մեր հեռախոսազանգերն անպատասխան թողեցին:
Հիշեցնենք, որ թեկնածուներից Արա Բուդաղյանը անցած տարի հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ սպանված Ավետիք Բուդաղյանի եղբայրն է: Հիշեցնենք, Բուդաղյան եղբայրներից մեկն էլ` Արտակ Բուդաղյանը, վիրավորվել էր: Կալանավորվել էին Սուրիկ Խաչատրյանի որդին եւ թիկնապահը, սակայն գործը կարճվեց: