Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է գլխավոր դատախազության հայտարարությունը
Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է գլխավոր դատախազության մայիսի 17-ի հայտարարությունը։ Ժուռնալիստների միության հայտարարությունում նշվում է․
«Մայիսի 17-ին ՀՀ գլխավոր դատախազությունն արձագանքելով Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների մայիսի 17-ի ասուլիսում ներկայացրած դիրքորոշումներին՝ հայտարարություն է տարածել, որում անդրադարձ է կատարվել նաև մամուլի աշխատանքներին։
«…Սակայն հանրային կարծիքի խեղաթյուրման միջոցով իբր պաշտպանություն կազմակերպելու այս ուղեգծի շարունակման պարագայում մեղադրանքի կողմը ստիպված է լինելու անհրաժեշտության դեպքում ձեռնարկել առանձին լրատվամիջոցների, սոցիալական ցանցերի կեղծ կամ իրական օգտատերերի օժանդակությամբ գեներացվող այս կեղծիքի տարածման ու մանիպուլյացման փորձերը թույլ չտալուն և հանրությանն օբյեկտիվ տեղեկատվությամբ ապահովելուն ուղղված միջոցներ՝ մնալով օրենքի տառի պահպանմանը հավատարիմ»,- նշված է ՀՀ Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի կողմից տարածված հաղորդագրության մեջ:
Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է ՀՀ Գլխավոր դատախազության սույն հայտարարությունը՝ այն որակելով՝ որպես ուղղակի ճնշում մամուլի, խոսքի ազատության վրա, և կոչ է անում զերծ մնալ նման գործունեությունից և հայտարարություններից։
Ի գիտություն ՀՀ Գլխավոր դատախազության՝ «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի Հոդված 4-ը հստակ սահմանում է Լրատվության ոլորտում խոսքի ազատության իրավունքի ապահովման երաշխիքները, ըստ որի՝
«Լրատվական գործունեություն իրականացնողները և լրագրողները գործում են ազատորեն` իրավահավասարության, օրինականության, խոսքի (արտահայտվելու) ազատության և բազմակարծության սկզբունքների հիման վրա: Լրագրողն իր մասնագիտական օրինական գործունեության ընթացքում, որպես հասարակական պարտք կատարող անձ, պաշտպանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
Հարկ ենք համարում նաև հիշեցնել, որ լրագրողների և Դատախազության հաղորդակցության ընթացքում՝ լրագրողների իրավունքների հիմնական երաշխիքները և դրանց կարևորությունն ընդգծվում է մի շարք միջազգային փաստաթղթերում։
Այսպես՝
Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի Եվրոպական դատախազների խորհրդատվական խորհրդի 9 (2014) կարծիքով՝ Հռոմի կանոնադրությամբ, նշվում է, որ դատախազների և մեդիայի հետ շփումներում պետք է հաշվի առնվեն տեղեկատվություն ստանալու և մամուլի ազատության իրավունքը։
Խորհրդի 8(2013) կարծիքի համաձայն՝
Դատախազությունը հատկապես զգուշավորություն պետք է դրսևորի խոսքի ազատության և տեղեկացված լինելու իրավունքի նկատմամբ։
«Մամուլի ազատությունը պետք է երաշխավորված լինի իրավական գործընթացների ժամանակ։ ՄԻԵԿ-ի 10-րդ հոդվածի ներքո ՄԻԵԴ նախադեպային պրակտիկայի համաձայն՝ մամուլը պարտականություն ունի փոխանցել հանրային հետաքրքրություն ներկայացնող տեղեկություններ և գաղափարներ, որն ընդգրկում է հանրության իրավունքը՝ ստանալ դրանք՝ դրանով հնարավորություն ընձեռելով մամուլին իրականացնել հանրային հսկիչի դերը։ Այս գործընթացում մեդիան պետք է ավելի պաշտպանված լինի, եթե իր ներդրումն ունի այնպիսի հարցերի քննարկմանը, որոնք հանրային հետաքրքրություն են ներկայացնում։
Արդարադատության արդյունավետության եվրոպական հանձնաժողովի դատական իշխանության և դատախազական մարմինների հաղորդակցության ուղեցույցի (2018) համաձայն՝ լրագրողները պետք է դիտարկվեն՝ որպես գործընկերներ, ոչ թե թշնամիներ։
2019 թվականի մայիսի 17-ին ՀՀ Գլխավոր դատախազության տարածած հայտարարությունը փորձ է՝ ճնշում գործադրել մամուլի ազատության վրա և հասարակության աչքերում լրատվամիջոցներին ներկայացնել՝ որպես հասարակական կարծիքը խեղող թշնամիներ։ Սա ուղղակի խոչընդոտ է մամուլի ազատ գործունեության համար։
Այդ պատճառով Հայաստանի ժուռնալիստների միությունը Հայաստանում լրագրողների առջև ծառացած խնդիրների հարցը բարձրացնելու է խոսքի ազատության պաշտպանությամբ զբաղվող կառույցների, այդ թվում՝ ԵԱՀԿ խոսքի ազատության հարցերով ներկայացուցչի առջև։
Թվում է, թե զուտ իրավական գործընթացների գլխավոր դերակատարները պետք է կողմերը լինեն, իսկ ԶԼՄ-ները՝ զուտ այդ կողմերի տեսակետների, կարծիքների, հայտարարությունների ու միմյանց հակադարձումների` հասարակության լայն շրջանակներին հասանելիություն ապահովողները։ Սակայն, չգիտես ինչո՞ւ, ՀՀ Գլխավոր դատախազությունը, իր բուն անելիքը թողած, փորձում է նաև սահմանափակել լրատվամիջոցների ազատությունը, գրաքննության ենթարկել հրապարակումները։
ՀՀ Գլխավոր դատախազությունը, ըստ էության, շեղվել է Սահմանադրական իր առաքելությունից ու գործառույթների կատարումից և ներքաշվում է քաղաքական գործընթացների մեջ՝ այդ ընթացքում դառնալով քաղաքական գործընթացների կողմ»։