Բաքուն “գցեց” Հունգարիայի 3 միլիարդը. ինչ կտա Բուդապեշտի ներողությունը
“Ոչ թե Ադրբեջանը փող է տվել, այլ պարզապես Հունգարիան ծանր տնտեսական ճգնաժամի մեջ է, իսկ Ադրբեջանն ստանձնել էր 3 մլրդ դոլարով ծածկել Հունգարիայի պարտքը: Սակայն այդ գործարքը դեռեւս տեղի չի ունեցել”: Այս մասին այսօր` սեպտեմբերի 3-ին կայացած ասուլիսին հայտնեց հունգար հայագետ Բենեդեկ Զիգմունդը, ով վիրավորական է համարում Հունգարիայի հյուպատոսարանի վրայի այն հայտարարությունը, որ Հունգարիան “ծախվել է”:
Բենեդեկի խոսքով` Ադրբեջանը փաստացի խաբել է Հունգարիային, քանի որ պայմանավորվածություն է կայացել, որ Սաֆարովին հանձնելու դեպքում նա առնվազն 25 տարվա ազատազրկման կենթարկվի իր հայրենիքում, սակայն դա տեղի չունեցավ: Հայագետը նույնիսկ ներկայացրեց Հունգարիայի արդարադատության նախարարությանը Ադրբեջանի կողմից տրված երաշխավորագրի պատճեն:
Բենեդեկը ներողություն խնդրեց իր երկրի կառավարության անունից, սակայն փորձեց նաեւ արդարացնել` պատճառաբանելով, որ Հունգարիայի իշխանությունները դիվանագիտական հարաբերությունների փորձ չունենալով Ադրբեջանի հետ, չեն պատկերացրել, որ վտանգն այսքան մեծ կլինի:
Զիգմունդ Բենեդեկը նշեց, որ հետ է վերցնում ֆեյսբուքյան իր էջում գրած խոսքերը, ըստ որոնց ինքն ամաչում է հունգարացի լինելու համար, քանի որ հունգար ժողովրդի արձագանքից ելնելով` ինքը հպարտություն է զգում իր ժողովրդի համար: Նա նշեց, որ արդեն մի քանի բողոքի ակցիա է կազմակերպվել Բուդապեշտում եւ մի քանիսն էլ նախատեսվում են, եւ հազարավոր մարդիկ դրանց մասնակցելու ցանկություն են հայտնել:
Հայագետը կարծիք հայտնեց, որ իր կառավարությունը պետք է ներողություն խնդրի Հայաստանից եւ նշեց, որ ինքն էլ միջազգային ֆորումների միջոցով կփորձի լուծել այդ հարցը: