Ադրբեջանի նպատակը ոչ այնքան մեսիջներ ուղարկելն է, որքան ռազմական գործողությունների պատրաստվելը. փորձագետներ
Ադրբեջանական զորավարժությունները կրում էին հարձակողական բնույթ, ինչը ենթադրում է առաջանգծի տարբեր հատվածներում ճեղքում, հրետանու կիրառամբ մեր դիրքերին հարվածներ, հեռահար հրետանային միջոցների կողմից թիկունքային ռազմավարական նշանակության օբյեկտների և զորամասերի խոցում, և արդեն զրահատանկային ստորաբաժանումների միջոցով ճեղքում և հայկական ստորաբաժանումների ջախջախում: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Razm.info մասնագիտացած կայքի վերլուծաբան Հայկ Խաչիկյանը՝ ներկայացնելով Ադրբեջանում ընթացվող զորավարժությունների սցենարը:
Նա նաև հայտնեց, որ այս զորավարժությունները իրենց մասշտաբով ամենամեծը չեն. «Հայտարարվող թվերով՝ այն ամենալայնամասշտաբը չէ: Նման զորավարժություններ եղել են նաև անցած տարիներին, իսկ ամենախոշոր զորավարժություններն Ադրբեջանն անցկացնում է հունիս-հուլիս ամիսներին: Բայց ընդհանուր առմամաբ՝ տարվա մեջ առնվազն երեք անգամ իրենք անցկացնում են խոշոր զորավարժություններ»:
Razm.info մասնագիտացած կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանն էլ ասաց, որ Հայաստանում այս թեման մեծ արձագանք ստացավ, և հատյկապես իշխանական մամուլը փորձեց թեման շրջանառել, ինչ-որ մեսիջներ գտան իրենց պատկերացմամբ, և իրենք էլ, ըստ էության, հերքեցին այդ ուղերձների թեման:
«Ադրբեջանի բանակի խոշոր զորավարժության նպատակը ոչ այնքան մեսիջներ ուղարկելն է, որքան հենց ռազմական գործողություններին պատրաստվելը: Սրան պետք է ուշադրություն դարձնել, քանի որ ցանկացած պահի Ադրբեջանը կարող է ռազմական գործողություններ սկսել»,- ասաց նա:
Ըստ Վրթանեսյանի՝ մենք ցանկացած պահի պետք է սպասենք Ադրբեջանից նման գործողությունների. «Ապրիլյան պատերազմը հստակ ցույց տվեց, որ Ադրբեջանը արկածախնդրությունից չի խորշում: Մենք պետք է հասկանանք, որ Ադրբեջանը մեկ-երկու օրում կարող է անցնել հարձակվողական վիճակի: Իրականում իրենց, 6-10 ժամ է պետք, իրենց զորքերը բացազատելու և հարվածների ուղղությամբ կենտրոնացնելու համար: Այսինքն, ցանկանած պահի հնարավոր են ռազմական գործողություններ՝ կախված Ադրբեջանի ղեկավարության ինչ-ինչ դրդապատճառներից, ըստ այդմ, հայկական կողմը պետք է զգոն լինի»: