“…ինչ ես պզուկներդ մաքրում հայելու վրա, այ պզուկ”. Ժամանակ
Երեկ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ Զոյա Զաքինյանի նախագահությամբ, սկսվեց մայիսի 15-ին Նոյեմբերյանի N զորամասում սպանված զինծառայող Լյուքս Ստեփանյանի գործով դատական նիստը: “Ժամանակ”-ն է անդրադարձել դատավարությանը: Երեկ ցուցմունք է տվել ամբաստանյալ Դավիթ Խաչատրյանը: Ներկայացնում ենք հատվածներ ցուցմունքից:
“Ինչ էլ որ ասեմ, չի նշանակում՝ Լյուքսի մահվան մեջ եւ Հրաչյայի վիրավորվելու մեջ ես մեղք չունեմ: Ցավում եմ, իրոք տանջվում կատարվածի համար: Ամեն ինչ կտայի, որ իրենց տենց բան չլիներ: Լավ հասկանում եմ, որ այդ ամենն իմ գործողությունների հետեւանքով է առաջացել, բայց մենք իրար հետ շատ մոտ ենք եղել, իրար հետ ընկերություն ենք արել, ծառայությունն այդ զորամասում իրար հետ ենք սկսել, մի ընտանիքի պես ենք եղել, ու էնքան մոտ էինք իրար հետ, որ կարող էինք նեղ ընկերական շրջապատում էդ կարգի հայհոյանքներ անել”:
“Հետո ես մոտեցա դռան կողքին կախած հայելուն եւ դեմքիս բշտիկներն էի մաքրում: Այդ ժամանակ Լյուքսն ասաց՝ ինչ ես պզուկներդ մաքրում հայելու վրա, այ պզուկ։ Ես պատասխանեցի՝ է, հավես չունեմ, թարգի, ու ծիծաղելով ասացի՝ թարգի, հավես չունեմ, ինքը հայհոյեց, ես էլ հայհոյեցի, նորից հայհոյեց Լյուքսը, փորձեց ինձ ջղայնացնել, նորից մի քանի հայհոյանք տվեց, եւ ես գետնից չորացած հողի կտոր վերցրի ու նետեցի Լյուքսի ուղղությամբ՝ տաղավար, զենքը աջ ուսիցս ձախ ուս տեղափոխեցի, որ կարողանամ հողակտորը ավելի հեռուն գցել, եւ երբ զենքը փոխում էի մի ուսիցս մյուսը, ինքն ասաց՝ չես կարող կրակել։
Իմ մոտ միտք առաջացավ վախեցնել նրան, ու քանի որ աջ ձեռքիս էր կախած զենքը, հանեցի, դրեցի ոտքիս, բացեցի ապահովիչը, որ կարողանամ լիցաքավորել ու վախեցնեմ իրան, հետո պահեցի իր կողմը, ասաց՝ չես կարա կրակես, ով որ չկրակի, ու մի քանի հայհոյանք տվեց։ Հրաչյան ասաց՝ իջեցրու զենքը, հո խաղալիք չի։ Ես իջեցրի զենքը, այդ ընթացքում զենքը արգելքի հանդիպեց, ամեն ինչ ակնթարթում եղավ, փորձեցի մի քիչ ավելի ուժ գործադրեմ, որ անցնի այդ արգելքից, երբ ուժ տվեցի, մի քիչ հետ ու ներքեւ, միանգամից ազատվեց պայուսակիս կոթը, եւ ազատվելու հետ միաժամանակ կրակոց ստացվեց։
Ես հանկարծակի եկա, վախեցա, նայեցի՝ տեսա խառնաշփոթ իրավիճակ էր։ Վազեցի տաղավարի մոտ, տեսա՝ Հրաչյան գետնին է ընկել, իսկ Լյուքսը նույն դիրքով նստած էր՝ գլուխը կախ, արյուն էր գնում դեմքից”,- Դավիթը պատմելուց հետո հուզվեց, սրբեց աչքերը:
Դավիթ Խաչատրյանը շարունակեց, որ կատարվածից հետո սկսել է գոռալ, լաց լինել. “Հետո մեկը եկավ, գրկեց ինձ, տարավ, ասաց, որ զենքս գցեմ, ես թողեցի զենքս, եկան ռազմական ոստիկանության աշխատակիցները: Ցավում եմ էս ամեն ինչի համար, մտնում բոլորի դրության մեջ, էս ամեն ինչը ինձ ահավոր ցավ է պատճառում: Այդ ամենը եղել է կատակ, ես չեմ էլ պատկերացրել, որ այդպես կլինի: Այնքան մոտ ենք եղել, որ հայհոյանքով կատակ էինք անում: Յուրաքանչյուրը գիտի, որ հայհոյանք լինում է բանակում, բայց ոչ ոք չի խոսում այդ մասին ”,- ասաց նա:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: