Սա ուղղակիորեն խայտառակություն է. Հայոց աշխարհ
Շատերն են արդեն նկատում, որ նախընտրական քարոզարշավի հենց մեկնարկից «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը ագրեսիվ ոճով է հանդես գալիս: Հրապարակային հանդիպումներում, նաեւ ուղիղ միացման ժամանակ նրա ելույթներում բառային ագրեսիան գերադրական աստիճանի է հասնում, եթե չասվի՝ հիստերիայի:
Ու կապ չունի՝ բանակի խնդիրների մասին է խոսում, թե Արցախի խնդրի, ինչ-որ առեղծվածային գյուղապետերի, որ իբր ինչ-որ մարդկանց սպառնացել են ընտրությունների հետ կապված, թե մեկ ուրիշ խնդիր է արծարծում:
Երեկվա քարոզարշավային ընթացքը ոչ միայն չցրեց նախօրեի ելույթներով Նիկոլ Փաշինյանի թողած այդ տպավորությունը, այլեւ հակառակը: Դա գուցե կարող էր «ուտվել» ուլտրաընդդիմադիր որեւէ գործչի պարագայում, բայց լիովին հակառակ ազդեցություն է թողնում պետության ղեկավարի դիրքից հանդես եկող Նիկոլ Փաշինյանի պարագայում:
Երեկ, օրինակ, Սպիտակում ընտրողների հետ հանդիպման ժամանակ նա այսպիսի հայտարարություն արեց. «Այդ որտե՞ղ կա ՀՀԿ-ական գյուղապետ, որի մտքով անցնում է իր գյուղացիներին ընտրության կամ որեւէ այլ առիթով վախեցնել. ուրեմն այդ գյուղապետեր, իմացեք, անձամբ գալու եմ ձեր հետեւից ու վզներիցդ բռնած դուրս եմ շպրտելու ձեր կաբինետներից:
…Այս երկրում մարդ կա, որ համարձակվում է քաղաքացուն վախեցնե՞լ: Տո, այո, բոլորիդ կպառկեցնենք ասֆալտներին: Էս ովքե՞ր են սրանք, ի՞նչ հանրապետական, ի՞նչ օլիգարխ, ի՞նչ հաստավիզ, ի՞նչ մուսկուլավոր: Բոլորիդ կպառկեցնենք ասֆալտներին ու տարիներով վեր չեք կենա ասֆալտի վրայից:
Ես ոստիկանությանն ասում եմ՝ թող չփորձի մեկը թփրտալ՝ գող կլինի, ավտարիտետ կլինի, պատերով կտանք բոլորիդ: Վախեցնում են քաղաքացուն, գլուխներդ պատին եք տվել: Ով եք դուք ընդհանրապես, մի հատ անուն, ազգանուններդ ասեք: Դուք ծակերից պիտի դուրս չգաք, փողոցներում չպետք է քայլեք, ձեր տեղը բանտերում է: Բոլորդ հայտնվելու եք բանտերում, գողեր, թալանչիներ, ստահակներ…»:
Լավ, թերեւս նախընտրական քարոզչության պարտադրած նյարդային տոնայնությունը միառժամանակ դնենք մի կողմ:
Բուն բովանդակությանը գանք: Ո՞վ է ելույթ ունեցողը: Պետության փաստացի ղեկավարը, որին ենթարկվում են, մասնավորապես, ոստիկանությունը, ԱԱԾ-ն: Կա՞ փաստ, որ որեւէ գյուղապետ, լինի ՀՀԿ կամ ՔՊ անդամ, սպառնացել է որեւէ կոնկրետ քաղաքացու, թե՝ գնա այս կամ այն ուժին կամ թեկնածուին ընտրիր: Փաստ կա՞:
Պետության ղեկավարը պետք է կոնկրետ փաստերով խոսի, բոշի բազար չէ, ի վերջո, գրո՛ղը տանի: Եթե փաստ կա, ԱԱԾ-ն էլ է ձեր տրամադրության տակ, ոստիկանությունն էլ, պատժիչ կառույցներն էլ, բռնեք ու ոչ միայն փռեք ասֆալտին, այլեւ ասֆալտափռիչը (կատոկը) քշեք վրայով:
Իսկ եթե կոնկրետ փաստ չկա, ապա դա լիովին անպատասխանատու պահվածք է, ավելին՝ վատ նպատակ է հետապնդում է՛լ ավելի շիկացնել նախընտրական, առանց այդ էլ ու բնականորեն թեժ մթնոլորտը: Ու դա անում է պետության ղեկավարի դիրքից հանդես եկող ա՞նձը: Ու դրա վրա ուրախացո՞ղ կա:
Կրկնենք՝ եթե կան կոնկրետ օրինախախտներ եւ օրինախախտման փաստեր, իսկ որեւէ անձի, առավել եւս՝ պաշտոնատար անձի կողմից որեւէ քաղաքացու կամարտահայտման վրա ազդելու նպատակով ճնշում գործադրելը օրենքի խախտում է, ապա բռնեք ու ամենայն խստությամբ պատասխանատվության ենթարկեք: Իսկ եթե չկա, ապա վերացական «լսել ենք», «մեզ լուրեր են հասել» ասելով՝ հիստերիայի հասնող ելույթները ոչ միայն անտեղի են, այլեւ վտանգավոր բոլորի համար:
Նույն Նիկոլ Փաշինյանը հետեւողականորեն շարունակում է քարոզել ոչ թե իր գլխավորած դաշինքի օգտին, համարելով, որ ընտրողների ձայներն առանց այն էլ իր գրպանում են, այլ գերազանցապես ՀՀԿ-ի դեմ: Ժամանակ առ ժամանակ ընտրության այլ մասնակիցների էլ է փաշինյանական ջղագրգիռ ելույթներից ինչ-որ բան «բաժին հասնում»:
Սա աննախադեպ երեւույթ է Հայաստանի վերջին տասնամյակների պատմության մեջ, որ պետության ղեկավարի դիրքից քարոզարշավի մասնակցող ֆիգուրը իր ամբողջ հռետորաբանությունը կենտրոնացնում է ընտրապայքարի մյուս մասնակիցներին պախարակելու, վիրավորելու, պիտակավորելու, սպառնալիքներ տեղալու վրա: Սա ուղղակիորեն խայտառակություն է: Դեռ բացահայտ ֆյուրերական համախտանիշի նախանշանների մասին էլ չասած:
Հա, ու այնպես է ներկայացնում, թե ինքը «սիրո եւ համերաշխության» տոնայնության մեջ է, եւ այդ ուրիշներն են կողքից լարում իրավիճակը:
Երկու օր է՝ շատ-շատերս հետեւում ենք քարոզարշավի ընթացքին ու հիմնական ելույթ ունեցողներին: Այդ բոլորի շարքում իր անհավասարակշիռ ու ջղագրգիռ ելույթներով ակնհայտորեն դեռ որ միայն Նիկոլ Փաշինյանն է աչքի ընկնում: Բայց հարցը միայն նյարդայնությունը չէ: Հարցն այն է, որ պետության ղեկավարի դիրքում հայտնված անձնավորությունը ծայրահեղացնում եւ միտումնավոր է լարում մթնոլորտը: Դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի՝ անկախ ընտրությունների, քվեարկության արդյունքներից: Ի՞նչ է դա՝ ասելիքի բացակայությո՞ւն, քաղաքական բովանդակության սնանկությո՞ւն: Թե՞ պարզունակ պոպուլիզմ՝ միահյուսված հղկված արկածախնդրության հետ:
Օրինակ, այն օրը, որ հայտարարեց, թե մեր բանակում զինվորների ճաշը ուտելու բան չէ (բազմաթիվ զինվորների, այդ թվում՝ զորացրվածների, այսինքն՝ որեւէ բանով չկաշկանդված տղաների հետ եմ զրուցել, անկեղծ ասած, առաջին անգամ եմ նման բան լսում): Վստահ ենք, որ յուրաքանչյուրի տանը կամ գոնե շրջապատում առնվազն մեկ երիտասարդ կլինի, որը վերջին 4-5 կամ 5-10 տարվա ընթացքում է զինծառայություն անցել, հենց իրենց հարցրեք:
Հասկանալի է, որ մեր զինված ուժերը, մեր զինվորները հինգ աստղանի ռեստորաններում չեն ճաշում, բայց վստահաբար վիճակն այնպիսին չէ, ինչպես անպատասխանատու հայտարարում է վարչապետի պաշտոնակատար ու այդ պաշտոնին հավակնող Նիկոլ Փաշինյանը:
Կամ, եթե ենթադրենք այդպես է, ի՞նչ է նշանակում, թե՝ իներցիայով շարունակում են նույնքան վատ կերակրվել: Մի՞թե կես տարվա մեջ դա անհնար էր շտկել մեկի համար, որը զուտ մեկ հայտարարությամբ մոնոպոլիա ու կոռուպցիա է վերացնում:
Բայց դեռ նորանոր դրսեւորումներ կլինեն ագրեսիվ հռետորաբանության: Քարոզարշավին դեռ մի 10 օր էլ կա: Վատն այն է, որ հիմնական ֆավորիտը համարվող Փաշինյանը նեգատիվ տոնայնություն է հաղորդում նախընտրական մթնոլորտին ամբողջությամբ վերցրած: Վատն այն է, որ մյուսները, կամա-ակամա, եթե միայն հակադարձեն, էլի այդ դեստրուկտիվ ջրերն են ընկնելու:
Դա «լավագույն» դեպքում լեզվակռվի է վերածվելու՝ անպտուղ ու անօգուտ, վատագույն դեպքում՝ իրարուտոցու, որ էլի անպտուղ եւ անօգուտ է:
Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: