Ագահաբար՝ աթոռներին կառչած. Հրապարակ
Ասում են՝ պաշտոնը քաղցր բան է, ով մի անգամ վայելում է այդ հաճույքը, այլեւս չի ուզում զրկվել դրանից եւ չզրկվելու համար պատրաստ է ամեն «զրկանք» կրելու: Երեւի դրանով էր բացատրվում այն ջերմեռանդությունը, որը դրսեւորում էր Հանրապետական կուսակցությունը տարիներ շարունակ ընտրություններում հաղթելու համար: Երբ հիշում ես վերջին տարիներին իշխանությունների վարքը, անխուսափելիորեն հանգում ես այն մտքին, թե ինչ գնով են փորձել պահպանել իրենց աթոռները:
Էլ Սահմանադրություն են փոխել եւ երկրի կառավարման կարգ, չնայած մեր տիպի երկրի համար շատ ավելի ճիշտ էր նախագահական կառավարումը: Էլ օրենքների մեջ են փոփոխություններ կատարել ու հարմարեցրել իրենց: Էլ սեփական խոսքից ու խոստումներից են հրաժարվել: Էլ նվիրված թիմակիցներին են խաբել: Ամեն ինչ ուղղված է եղել նրան, որ Սերժ Սարգսյանը չհեռանա, իսկ ՀՀԿ-ն դառնա սովետական Կոմկուսի նման կուսակցություն, որին չի սպառնում ընտրություններում պարտությունը:
Հիմա իշխանության ղեկին հայտնվել են երիտասարդ մարդիկ, որոնք, թվում է, պետք է կառչած չլինեն աթոռներից եւ պետք է նման եռանդով չձգտեին իշխանության: Բայց բոլոր փաստերը վկայում են, որ նրանք եւս գնում են հների ճանապարհով: Այն, թե ինչ ագահությամբ նրանք սկսեցին բաշխել պետական պաշտոնները, եւ թե ովքեր հայտնվեցին այդ պաշտոններին, վկայում է այն մասին, որ նպատակը ոչ թե երկրի վիճակը բարելավելն է, ոչ թե ժողովրդի կենսամակարդակը բարձրացնելը, այլ իշխանական լծակներին տիրապետելը: Հակառակ դեպքում կադրային կոտորած չէին անի, «զեբրաների» վրա պառկածներին, փողոց փակածներին ու Գյումրիից քայլածներին պաշտոններ չէին բաշխի: Երբ 24 կամ 28 տարեկան պատանին մարզպետ ու նախարար է նշանակվում, դա երկրին ոչ մի լավ բան չի խոստանում:
Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: