Էլի վարկ ու էլի արտաքին պարտքի ավելացում. Իրատես
Օրերս կառավարությունը հավանություն տվեց 2019-ի բյուջեի նախագծին, որը շուտով կներկայացվի «լուծարվող» խորհրդարանի դատին: Ստացվում է, որ «ժողովրդի կամքը չարտահայտող» ԱԺ-ն պետք է հավանություն տա «ժողովրդական իշխանության» կարևոր ֆինանսատնտեսական փաստաթղթին: Չծանրանանք քաղաքական անսովոր այս իրավիճակի վրա, ընդամենը բյուջեի տնտեսական մեկ դրվագի անդրադառնանք:
Ըստ նախագծի, 2019-ի պետական բյուջեի եկամուտները կկազմեն շուրջ 1,462 տրլն դրամ, ծախսերը 1.614 տրլն դրամ, դեֆիցիտը 151,6 մլրդ դրամ: Բյուջեի դեֆիցիտի մեջ 98,5 մլրդ դրամը կգոյանա արտաքին աղբյուրներից, իսկ 53 մլրդ դրամը ներքին աղբյուրներից: Ավելի պարզ ասած՝ դեֆիցիտը «փակելու» միակ հույսն էլի արտաքին պարտքի ավելացումն է: Հիմա ողջ խնդիրն այն է, թե վարկային այդ միջոցներն ի՞նչ ուղղությամբ են ծախսվելու: Ոչ վաղ անցյալում ՀՀԿ-ական կառավարությունը աշխատավարձ ու թոշակ բարձրացրեց դրսի վարկային միջոցների հաշվին, այսինքն, պարտք վերցրին, թոշակ ու աշխատավարձ տվեցին, հետո տնտեսությունը կանգնեց փաստի առաջ, պետական պարտքի շեմն էլ վտանգավոր ցուցանիշի հասավ:
Վերջին տարիներին, իհարկե, աշխատավարձ ու թոշակ չբարձրացրին, սակայն դրա բացատրությունն էլ դժվար էր հասարակությանը տալ, թե ինչպես նախկինում վարկային միջոցներով են բյուջեի այդ բացը լրացրել, ու երկիրը կքել է հերթական պարտքի չափաբաժնի տակ:
Այսօր իշխանությունը 2019-ի բյուջեում մի շարք սոցիալական ծախսեր է ներառել՝ սկսած նվազագույն թոշակի բարձրացումից: Հիմա հարց՝ ո՞րն է այն աղբյուրը, որն սպասարկելու է բյուջեի այդ ծախսերը, կա՞ն ներդրումներ, որոնք կապահովեն մշտական ֆինանսական հոսքեր: Այսօրվա տնտեսական իրավիճակում դրա նշաններն անգամ չկան, ուրեմն ի՞նչ, էլի՞ վարկ աշխատավարձ ու թոշակ բարձրացնելու համար:
Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: