19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Գրականությունը ոչ թե արդարանալու, այլ ներողություն խնդրելու միջոց է . Արա Ալոյան

Բանաստեղծություն երկնելու ի վերուստ տրված շնորհը Արա Ալոյան բանաստեղծի օդն ու ապրելու իմաստն է: Արան պատրաստվում է հրատարակել իր նոր գիրքը, որի ծնունդը նրա համար նույնքան սպասելի է, որքան զավակի ծնունդը: Սակայն գրական դաշտը մի տեսակ լցված է տարատեսակ ասելիքով, երբեմն անպատեհ ու ժամանակավրեպ, երբեմն ապագային տրվելիք երկիմաստությամբ: Henaran.am-ը զրուցեց բանաստեղծ Արա Ալոյանի հետ: Առանց հարցադրումների, պարզապես անկեղծության րոպեներին կորզած մտքերը ցանկանում ենք ներկայացնել Ձեր ուշադրությանը:

1. Այսօր համատարած գրամոլություն է նկատվում, այնքան, որ ընթերցանության ու գրելու միջև տեսակարար կշիռը մեծապես ծանրացել է՝ “հօգուտ” վերջինիս, և ի վնաս երկուսի: Դրան նպաստել է նաև համացանցը, որը ընդհանրահարթակ է դարձել, օժտել ազատ կամարտահայտությամբ, գրելու հավելյալ հնարավորությամբ, և անտարբերությունը փոխարինվել է ամենախոսությամբ, ամենագրությամբ:

2. Այս ամենում, մտավախությունն այն է, որ ճշմարիտ խոսքը, արժեքավոր գիրը կարող է ստվերվել, կորչել այս հսկա ծխածածկույթում, աղմուկ-աղաղակի մեջ, հարայ-հրոցում: Ինչ-որ առումով, գրի իրավունքը կենսական իրավունք է՝ անհատի իրացման համատեքստում, բայց այստեղ բաժանարար գծեր չկան մասնագիտական զրույցի, գրի և պարապ մեկնաբանությունների, շարադրամոլության միջև:

3. Առհասարակ, խոսքը, գիրը, որ արտանետվում են հրապարակ, գոյաչափելի պետք է լինեն, այսինքն՝ պարագրկեն հրապարակողին ու հրապարակը միաժամանակ՝ Վերինի լույսի ներքո: Պարզ ասած, ասելիքը եռաչափ պետք է լինի, առանց որևէ բևեռի սրման, տարանջատման, հարմոնիկ նախահենքով, առողջ տրամաբանությամբ: Գրականությունն օրինակ, արդարանալու միջոց չէ, որով սոսկ բացատրես քո ցավը կամ բերկրանքը, քո սերն ու սեռը, արդարանաս, որ կարող ես գրել, հարցն այն չէ՝ վատ թե լավ, պակաս թե ավելի մեծ օժտվածությամբ, պատկերավորությամբ:

4. Գրելն արդեն մեծամտություն է, պատկերացնո՞ւմ եք, դրան գումարվի նաև անձնականությունը (ոչ անհատականությունը), և, ուրեմն, գրելու համար պետք է նախ ներողություն խնդրել տապալված, գոյութենակասեցված ծառից, ճերմակ թղթից, թանաքից, լսողի համբերությունը, ուշադրությունը, առավելևս՝ գնահատանքը փոխհատուցելու համար երախտապարտ լինել, տածել ներում և այլն: Մեծ հաշվով, գրականությունը հենց ներողություն խնդրելու բացառիկ, աստվածաշնորհ միջոց է, որովհետև մակերեսը գիրն է, խորքը՝ մեղքի, մարդաբանության վիթխարի գալարկծկումները…Ես սա ասում եմ դրան ձգտողի միամիտ բարձրա-բացախոսությամբ… 5. Ես շարունակում եմ հավատալ, որ իմ գրական-հրապարակային ներումահայցումները ոչ թե կընկալվեն իբրև պերճախոսություն, գեղարվեստի հաջողակ երևումներ, այլ իմ կենսագրության կարևոր հենասյուն: Ներողություն խնդրելու մեջ շնորհակալության զգացում կա, իսկ արդարանալն անշնորհակալ է և ներում չունի: ԵՎ խոսքը միայն գրականության մասին չէ, մեծ հաշվով՝ մարդկային փոխհարաբերություններին է վերաբերում ասածս: Ես ընտրել եմ Ի սկզբանե Բանն է ավետարանական ճշմարտության գրողական առիթը, որն ինձ, միգուցե, անհամեստ է դարձնում, բայց գոնե՝ ազնիվ է պահում…Ավելի լավ է ազնվորեն ներում հայցել, քան մեծամտաբար արդարանալ…

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ