Հարսանեկան լուսանկարիչը ծեծել է փեսային՝ իմանալով, որ հարսնացուն 15 տարեկան է

Թուրք լուսանկարիչ Օնուր Ալբայրաքը ծեծել է փեսացուին և փորձել կասեցնել հարսանիքը՝ տեղեկանալով, որ հարսնացուն անչափահաս է: Սոցցանցերի օգտատերերը հավանություն են տվել լուսանկարչի արարքին և հերոս անվանել նրան՝ գրում է PetaPixel-ը:
Լուսանկարիչը պատմել է, որ փեսացուն միայնակ է եկել իր մոտ և պատվիրել նկարահանել հարսանիքը, հարսնացուին ինքը տեսել է միայն հարսանիքի ժամանակ: Հարսնացուն վախեցած տեսք է ունեցել, և Օնուրը կասկածանքի մեջ է ընկել:
Լուսանկարիչը հարցրել է, թե քանի տարեկան է հարսնացուն, և տեղեկացել է, որ 15 տարեկան է: Օնուրը հրաժարվել է շարունակել նկարահանումը և պահանջել է դադարեցնել հարսանիքը: Փեսացուն փորձել է ուժով պարտադրել լուսանկարչին շարունակել իր աշխատանքը, արդյունքում ծեծվել է նրա կողմից:
Թուրքիայում ամուսնության թույլատրելի տարիքը 18-ն է: Հայտնի չէ, արդյոք պատասխանատվության կենթարկվի փեսացուն: