Լավ, Գարեգինին փոխեցինք, Գարեգին Երրորդը եկավ, իսկ եկեղեցում ոչինչ չփոխվեց, դա՞ է արդյունքը
«Եթե չեմ սխալվում, Սահմանադրության մեջ գրված է, որ եկեղեցին անջատված է պետությունից։ Կարծում եմ՝ պետությունն էլ պետք է անջատված լինի եկեղեցուց»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Հովհ. Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար և ռեժիսոր Ռուբեն Բաբայանը՝ խոսելով Գարեգին Բ կաթողիկոսի հրաժարականի պահանջի մասին։
Հիշեցնենք, որ վերջին շրջանում հանրության մեջ որոշ շրջանակներ բողոքի ակցիաներ են կազմակերպում՝ պահանջելով կաթողիկոսի հրաժարականը։ Հուլիսի 6-ին այդ պահանջով մի խումբ քաղաքացիներ մուտք էին գործել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանատուն։
Ռ. Բաբայանը մեզ հետ զրույցում նշեց, որ վերջին տարիներին եկեղեցին շատ ակտիվորեն է խառնվել պետական գործերի մեջ.
«Դրանով իսկ, միգուցե, ինքն իրեն է վարկաբեկել, որոշակի հեղինակազրկում է ունեցել։ Ես բացարձակապես չեմ ուզում խառնվել եկեղեցու գործերի մեջ, չեմ կարծում եմ՝ Կաթողիկոսի հեղինակությունն անձամբ իմ և իմ երկրի հեղինակությունն է։ Թող դրա մասին մտածեն հոգևորականները, այն մարդիկ, ովքեր զբաղվել են և՛ ընտրություններով, և՛ այս օրով պատասխանատվություն են կրում իրենց ղեկավարի հանդեպ։
Օրինակ, մենք համարեցի՞նք, որ մեր վարչապետը կամ նախագահը չի բավարարում մեզ, փոխեցինք։ Կարծում եմ՝ նույնը պետք է անեն նաև եկեղեցականները, ու ես որևէ ցանկություն չունեմ խառնվելու այդ գործերին։ Ինքս ինձ համարում եմ հավատացյալ մարդ, բայց ոչ այդքան ակտիվ, որ ինձ իրավունք վերապահեմ՝ որոշելու, թե ով է լինելու Կաթողիկոսը, կամ ով չի լինելու։ Առավել ևս, եթե անկեղծ ասեմ, իմ և Աստծո հարաբերությունների վրա դա բացարձակապես չի ազդում։ Երբ մենք փորձում ենք մեր և Աստծո միջև գտնել միջնորդներ, դա միայն խանգարում է մեր անմիջական կապին»։
Մեր ճշտող հարցին՝ այսինքն՝ քաղաքացիները չպե՞տք է նման պահանջ բարձրացնեն, չպե՞տք է խառնվեն եկեղեցու գործերին՝ Ռ. Բաբայանը պատասխանեց, որ ինքը դա նկատի չուներ. «Չէ, կարող են խառնվել, առավել ևս, եթե նրանք ակտիվ, հավատացյալ քաղաքացիներ են, որոնք ամեն կիրակի գնում են եկեղեցի, և այլն։ Կաթողիկոսն իրենց հոգևոր այրն է, և իրենք կարող են բազմաթիվ պահանջներ ներկայացնել, ու սա շատ բնական է։ Ինքս ինձ չեմ վերապահում դա, որովհետև ես այդ դասին չեմ պատկանում, ես ավելի տոլերանտ եմ այդ տեսակետից։ Այն քաղաքացիները, որոնք շատ սերտ են կապում իրենց կյանքը Հայ Առաքելական եկեղեցու հետ, իրենք, իհարկե, իրավունք ունեն իրենց վերաբերմունքն արատահայտել։
Միայն մի բան խորհուրդ կտայի՝ չմոռանանք, որ մենք քրիստոնյա ենք, փորձենք նույնիսկ ամենասկզբունքային հարցադրումների մեջ քրիստոնյաներ մնալ, որովհետև քրիստոնեությունն ուժ է։ Ես բազմաթիվ եկեղեցականների եմ ճանաչում, շատ կարգին մարդիկ են, շատ բարձր մակարդակի մտավորականներ և քաղաքացիներ են, կարծում եմ՝ նաև իրենք պետք է իրենց սեփական ակտիվ մասնակցությունը բերեն, որովհետև, իհարկե, ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ամեն ինչ չէ, որ լավ է մեր եկեղեցում այսօր, բայց ես անձամբ չէի ուզենա խառնվել այդ գործին»։
Խոսելով Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության և Կաթողիկոսի հրաժարականի պահանջի կապի մասին՝ Ռ. Բաբայանն ասաց, որ յուրաքանչյուր իրադարձություն բերում է տարբեր հետևանքների։ Ըստ նրա՝ կան մարդիկ, որոնք մտածում են՝ այս ժամանակներում կարելի է որոշակի անձնական կամ խմբակային հարցեր լուծել, ինչը, մեր զրուցակցի համոզմամբ, նորություն չէ։
«Ճիշտ են ասում, որ յուրաքանչյուր հեղափոխության ժամանակ փրփուրը բարձրանում է ջրի երես։ Պետք է պարզապես կարողանալ տարանջատել այդ փրփուրը մարգարիտներից։ Ամեն ինչ էլ կա մեր կյանքում, ու այնպես չի լինում, որ մեկ օրվա ընթացքում միանգամից ամբողջ հասարակությունն ազնվականանում է ու միայն ազնվական մղումներով է շաժվում։
Բազմաթիվ մարդիկ կփորձեն այսօրվա իշխող համակարգի մեջ խցկվել նույն հաջողությամբ, ինչպես առաջ էին անում։ Այս ցանկությունները կլինեն, բայց կարևորը սրանք սթափ աչքով տեսնելն է։ Արդյո՞ք մղումներն արդարացի են, արդյո՞ք մղումների հիմքում դրված է բարին, արդար ցանկությունը, թե՞ կան կոնյունկտուրային, խմբակային հարցեր, ցանկություն՝ օգտվել պահից, չէ՞ որ հաճախակի մարդիկ նաև սեփական անհաջողակ լինելը փորձում են կապել շրջապատի հետ, և կարծում եմ՝ այս մեր հեղափոխության ամենակարևոր թեզն այն էր, որ փոփոխությունները նաև մեր մեջ պետք է կատարվեն։ Այնպես չէ, որ մեր մեջ ամեն ինչ իդեալական էր, ու վատը միայն շրջապատն էր»,- նկատեց Ռ. Բաբայանը։
Անդրադառնալով այն խնդրին, թե արդյո՞ք Կաթողիկոսի հրաժարականի պահանջի ալիքն ունի որոշակի ուղղորդվածություն՝ մեր զրուցակիցը նկատեց, որ ընդհանրապես սովորություն կա ամեն ինչի մեջ ման գալ ինչ-որ մեկի «ձեռքը»։ Նա ասաց, որ ինքը հենց այնպես մեղադրանքներ ներկայացնել չի ուզում, որովհետև փաստեր չունի։
«Կարծում եմ՝ մարդիկ, ովքեր բարձրացնում են այդ հարցերը, անկեղծ են իրենց մղումների մեջ, բայց անկեղծ լինելը դեռ չի նշանակում՝ պարկեշտ լինել։ Բոլոր դեպքերում, պարկեշտության սահմաններն անցնել պետք չէ, ու եթե դու համոզված ես քո ճշմարտացիության մեջ, դու քեզ ավելի զուսպ ես պահում։ Ընդհանրապես շատ են աղմկում նրանք, ովքեր ինչ-որ բանից վախենում են և այդքան էլ համոզված չեն, որ այն, ինչ իրենք անում են, արդար է»,- նշեց Ռ. Բաբայանը։
Նա կարծում է՝ շատ եկեղեցականներ խորն անհանգստություն են ապրում այն վիճակից, որի մեջ այսօր գտնվում է Հայ Առաքելական եկեղեցին. «Ընդհանրապես կարծում եմ՝ եկեղեցու՝ իշխանությանը շատ մոտ լինելը խանգարում է առաջին հերթին եկեղեցուն։ Եկեղեցին սկսում է ընկալվել՝ որպես պետական մի կառույց, և պետական բոլոր ախտերը տեղափոխվում են նաև եկեղեցու վրա։ Կարծում եմ՝ միգուցե արժեր, որ եկեղեցականներն իրենք հավաքվեին և փորձեին որոշել Հայ Առաքելական եկեղեցու տեղն այսօրվա Հայաստանում։ Անկեղծ խոսակցություն է պետք, որովհետև մեզ հաճախակի թվում է, որ ինչ-որ անձի փոխելով՝ մենք փոխում ենք ամբողջ համակարգը, բայց դա այդպես չէ։ Լավ, Գարեգինին փոխեցինք, Գարեգին Երրորդը եկավ, իսկ եկեղեցում ոչինչ չփոխվեց, դա՞ էր արդյունքը։ Կարծում եմ՝ լուրջ վերլուծելու խնդիր ունեն բոլորը, առաջին հերթին՝ եկեղեցականները»։