Դո՛ւք եք լինելու ձեր հաղթանակի տերը, հպարտ եմ ձեզանով. Փաշինյանը հանդիպեց սիսիանցիներին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Սյունիքի մարզ: Այս պահին ՀՀ վարչապետը Սիսիանի հրապարակում հանդիպում է քաղաքի ու հարակից բնակավայրերի բնակիչների հետ:
Իր խոսքում Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այցն աշխատանքային բնույթ ունի, և այցելել են տեղում խնդիրներին ծանոթանալու և դրանց լուծումը տալու համար:
«Ես ցավում եմ, որ մեր թավշյա, ոչ բռնի հեղափոխության ժամանակ շատ մեղավոր էի զգում ինձ, որ Սյունիքը քայլարշավի «մարշրուտում» տեղ չէր զբաղեցրել, բայց եթե Մեղրիից սկսեինք, հիմա երևի նոր Երևան հասնեինք, մի փոքր արդարացում ունեմ»,- ասաց Փաշինյանը:
Խոսելով այցի նպատակի մասին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իրենց ամենամեծ խնդիրն այն է, որ հաղթանակածի զգացողությունը մարդկանց մեջ պաշտպանվի ոչ թե մեկ ամիս, մեկ տարի, այլ այդ զգացողությունը լինի մշտական։
«Հայաստանի Հանրապետությունը երկիր մոլորակի վրա պետք է գոյություն ունենա հավիտյան և հաղթանակածի զգացողությունը պետք է լինի հավիտյան: Ուզում եմ ընդգծել,որ դո՛ւք եք լինելու ձեր հաղթանակի տերը: Խոնարհվում են յուրաքանչյուրիդ առաջ, հպարտ եմ ձեզանով, սիրում եմ յուրաքանչյուրիդ ու բոլորիդ: Այցը գործնական նպատակ ունի՝ տեղում ծանոթանալ խնդիրներին, լսել ձեր մտահոգությունները, քննարկել և գտնել լուծման ուղիները»,– ասաց նա:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հարցուպատասխանի միջոցով կլսի քաղաքացիներին:
Սիսիանի պատմության թանգարանի էքսկուրսավարը բարձրացրեց Բռնակոթի ոռոգման ջրի խնդիրը.«Գյուղն ունի երկու կետ, և այսօր այդ ամբողջ ջուրը աշխատեցնում են միայն ՀԷԿ-երը, և գյուղացու ամբողջ բերքը ոչնչանում է: Խնդրում եմ լուծել այս հարցը»:
Փաշինյանն ասաց, որ շատ հարցերի դեպքում ընդամենը քաղաքացիների ասածն ընդունելու է ի գիտություն, այսինքն՝ ճշտելու է, թե ինչ իրավիճակ է և եթե լինեն խախտումներ, ապա անպայման այդ հարցը պետք է լուծվի:
Դարպասի բնակիչներից մեկն էլ ասաց, որ իրենց համար անհասկանալի է, թե ինչպես են 32 գյուղ միավորվել մեկ համայնքում.«Ոչ ոք ի զորու չէ, որ 32 գյուղին տիրություն անի»:
ՀՀ վարչապետն ասաց, որ համայնքների խոշորացման գործընթացը վիճահարույց է և այդ իրավիճակի հետ կապված իր կարծիքին այն է, որ մի պահ դադար առնեն, որպեսզի հասկանան, թե ինչ արդյունքներ են գրանցվելու խոշորացման արդյունքում կամ գրանցվելու են, թե ոչ:
Ինչ վերաբերում է Սիսիանի քաղաքային հիվանդանոցի լուծարման վերաբերյալ հարցին, Փաշինյանն ասաց, որ հարցը քննարկվել է և լուծման ճանապարհին է: