15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Մեր ազիզ ախպերը

Խոշոր հաշվով` վհատվել պետք չէ, որ Աստված մեզ Իլհամի պես հարեւան է տվել: Դեռ մի բան էլ պետք է թաքուն ուրախանալ, երախտապարտ լինել նախախնամությանը, որ այդքան բարեգութ է գտնվել հայության հանդեպ: Չգիտեմ` ով է ասել, բայց շատ դիպուկ է նկատված` լավ է ունենալ տխմար թշնամի, քան խորամանկ բարեկամ: Այդ տեսակետից հայերի բախտը բերել է. Իլհամի պես մեկ թշնամին հարյուր կասկածելի բարեկամ արժե:

Եվ իսկապես` բոլոր այն բարիքները, որ իր իշխանության օրոք մեր ազգի համար, թեկուզեւ ակամա, արել եւ շարունակում է անել անզուգական Հեյդարօղլին, Հայաստանը չի տեսել ո´չ ժողովրդավար, քաղաքակիրթ Եվրոպայից, ո´չ բարեկամ համարվող ԱՄՆ-ից, ո´չ էլ, անգամ, մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանից, ում հայկական որոշ շրջանակներ սիրում են պաշտամունքի հասնող, սակայն… անպատասխան սիրով: Բայց սա այլ թեմա է:

Լավ, իսկ այդ ո՞ր բարի արարքների համար ենք պարտական թշնամի երկրի նախագահին,- կհարցնի տարակուսած ընթերցողը: Պարզաբանենք` սկսելով ամենաթարմ օրինակից: Ասացեք, խնդրեմ, ո՞վ աշխարհի համար պարզ դարձրեց, որ արցախցին այլեւս երբեք չի կարող ապրել մի պետության կազմում, որը քնած մարդուն կացնահարող բաշիբոզուկին հերոսացնելու մակարդակից դեռ չի աճել: Անտարակույս` Իլհամ Ալիեւը:

Ավելին` մեկ գիշերվա մեջ նա ի շահ Հայաստանի կատարեց այնքան գործ, որքան երկու տասնամյակում ի զորու չեղան կատարելու մեր արտաքին քաղաքական գերատեսչությունը, ՀՀ իշխանությունները, քարոզչական մեքենան եւ խորհրդարանական դիվանագիտությունը միասին վերցրած: Այդպես` Հունգարիայի հետ խայտառակ գործարքի գնալով, Ալիեւ կրտսերը քողազերծեց բռնապետական, ոճրագործ Ադրբեջանի իրական դեմքը:

Երկրորդ` ո՞վ մերժեց «Մադրիդյան» կոչվող սկզբունքները` թույլ չտալով, որ հայերը կորցնեն ազատագրված տարածքները: Համենայն դեպս` դրանց գերակշիռ մասը: Դարձյալ մեր «ազիզ ախպերը»: Ո՞վ ռազմատենչ իր հայտարարություններով, պատմության կեղծարարությամբ, քարանձավային վայրագությանը բնորոշ գործողությունների կազմակերպմամբ, օրինակ` Նախիջեւանի հայկական գերեզմանոցի խաչքարերի, մշակութային մեր մյուս կոթողների ոչնչացման ձեռնարկմամբ, կարծես թե, բացեց միջազգային հանրության քնկոտ աչքերը:

Էլի՞ օրինակներ… խնդրեմ` ում հայտնի չէ, որ համայն աշխարհում միայն Իլհամ Ալիեւը կարող է ատելության, անհանդուրժողության եւ ներքին չարության «խմորից» պատրաստել հայ թշնամու այնպիսի հրեշավոր կերպար, որի ահից միջին վիճակագրական ադրբեջանցի զինապարտը կնախընտրի գլուխն առնել, հեռանալ իր երկրից, քան երբեւէ գործ ունենալ մարդկային կերպարանքը կորցրած, ամենադաժան հաշվեհարդարի ունակ հակառակորդի հետ: Եվ դա ո՞ւմ օգտին է: Անշուշտ` Արցախի: Որքան շատ հայից սարսափի թշնամին ու հեռու ծլկի, այնքան ավելի անառիկ կմնան Արցախի սահմանները:

Այս շարքը կարելի է երկար շարունակել, բայց ասվածն էլ բավական է` համոզվելու համար, թե իսկապես որքան բարեհաճ է գտնվել Արարիչը` մեզ այդպիսի դրացի ընծայելով: Մեր նեղ օրին հասնող այդպիսի «ազիզ ախպեր»: Այլապես հայոց փոքր ու վտիտ օրրանը կուլ կգնար:

Շատ ցավալի կլինի միայն, եթե Հայաստանի եւ Արցախի բարձրաստիճան իշխանավորները, պատկան շրջանակները չկարողանան լավագույնս օգտվել Տիրոջ ողորմածությունից կամ, որ նույնն է, Իլհամի տհասության պտուղներից:

Բաց թողնել այդպիսի պատեհությունը` նշանակում է Իլհամից ավելի տհաս լինել:

Գեւորգ Լալայան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ