Ամերիկահայ համայնքը կհանդիպի ԱՄՆ նախագահի թեկնածուների հետ
“Միացյալ Նահանգների հայ համայնքի համակրանքին արժանանալու համար ԱՄՆ նախագահի թեկնածուներ Բարաք Օբաման եւ Միթ Ռոմնին պետք է մեծ ջանքեր գործադրեն”: “Արմենպրես” գործակալության հետ զրույցում նշել է ԱՄՆ-ի Հայ Դատի հանձնախմբի մամլո քարտուղար Եղիսաբեթ Չուլջյանը: Հայ Դատի հանձնախումբը կոչ է արել ԱՄՆ նախագահի թեկնածուներին` հայ-ամերիկյան հարցերի շուրջ իրենց տեսակետները ներկայացնել հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ: Հանձնախմբի մամլո քարտուղարը հայտնել է, որ դեռեւս պարզ չէ` երբ տեղի կունենա հանդիպումը, բայց Ամերիկայի Հայ դատի հանձնախումբն արդեն շուրջ չորս տասնյակ հարցեր է ուղարկել Միթ Ռոմնիին եւ Բարաք Օբամային: Այս հարցերի պատասխանները կօգնեն համայնքի ներկայացուցիչներին ավելի հստակ իմանալ, թե ինչ կարելի է սպասել երկու թեկնածուներից` Հայոց ցեղասպանության, Արցախի ինքնորոշման եւ Ջավախքի հարցերի վերաբերյալ, ինչը կօգնի հայ համայնքին ընտրությունների օրը ճիշտ որոշում կայացնել եւ գիտակցաբար քվեարկել:
Չուլջյանը հավելել է, որ ամերիկահայ գաղութը հիասթափված է նախագահ Օբամայի` հայկական հարցերի վերաբերյալ դրսեւորած վերաբերմունքից, եւ այս հանդիպումն առիթ կլինի թեկնածուների համար, որպեսզի ճշտեն, թե ի՞նչ է անելու Օբանման հաջորդ չորս տարիների ընթացքում: