Էջմիածնում բեսպերեդել է, ուշքի եկեք. Ժողովուրդ
ԱԺ՛ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանի հետ կատարվածից հետո Էջմիածնում պարզապես բեսպրեդել է: Ընդ որում՝ այդպիսի վիճակ էր նաեւ թավշյա հեղափոխությունից հետո, երբ Մանվել Գրիգորյանն իրեն Էջմիածնում նախկինի պես չէր պահում: Իրավիճակը խորացավ արդեն նրա որդու՝ Էջմիածնի նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հրաժարականը պահանջողների ցույցերի ժամանակ եւ նոր թափ ստացավ Մանվել Գրիդորյանի ձերբակալությունից հետո:
Մասնավորապես, օրաթերթին պարբերաբար տեղեկություններ են ստացվում քաղաքում տիրող իրավիճակի, մթնոլորտի եւ էջմիածինցիների քայլերի մասին: Ամբողջ քաղաքում այնպիսի իրավիճակ է, որ նույնիսկ Գրիգորյանների բարեկամները, նրա ընտանիքի անդամներն անգամ չեն փորձում փողոց դուրս գալ, քանի որ ամենուր նրան ծաղրող պաստառներ են, բռնության սպառնալիքներ հնչեցնելու պատրաստ քաղաքացիներ:
Բանը հասել է նրան, որ Մանվել Գրիգորյանի ընտանիքի անդամներին պատկանող բիզնես-օբյեկտներից ոչ մեկը չի աշխատում բոլորը փակ են եւ կրկին քաղաքացիների ցասումից խուսափելու նպատակով, քանի որ քաղաքում չեն դադարում խոսակցություններն այն մասին, որ տարբեր ժամանակներում Մանվել Գրիգորյանից եւ նրա ընտանիքից տուժածները, հարմար առիթն օգտագործելով կարող են վենդետա իրականացնել: Ինչպես արդեն նշեցինք, ամբողջ Էջմիածնում Մանվել Գրիգորյանին ծաղրող պաստառներ են. նրա լուսանկարները «տուշոնկաների» հետ: Այդպիսի լուսանկարներ փակցված են անգամ ԵԿՄ շենքի եւ Գրիգորյաններին պատկանող շինությունների պատերին:
Իրականում Էջմիածնում տիրող իրավիճակը կարող է վատ հետեւանքներ ունենալ: Այդ քաղաքում մշտապես թշնամիներ համարվող երկու կլանների ղեկավարները՝ Արթուր Ասատրյանը (Դոն Պիպո) եւ Մանվել Գրիգորյանը կալանավորված են, այսինքն՝ չեզոքացված: Սա էլ նշանակում է, որ այժմ քաղաքում թելադրող չեն կարող համարվել նաեւ նրանց կլանի ներկայացուցիչները կամ մտերիմները, եւ այդ պատճառով էլ քաղաքում նոր մանվելներ եւ պիպոներ են ծնվում, արդեն իրենց սեփական կլանը ստեղծում, հարցեր լուծում:
Եվ բանը հասել է նրան, որ Էջմիածնում ցանկանում են իշխել եւ թելադրող լինել արդեն երկար տարիներ արտասահմանում ապրածները: Օրինակ, թերթի տեղեկություններով, Սանկտ-Պետերբուրգից եւս մարդիկ են եկել, ովքեր փորձում են Էջմիածնի «նայողը» համարվել: Իսկ ահա ոմն Էդվին, ով գործարար է եւ Էջմիածնում առեւտրի կենտրոն ունի, ցանկանում է քաղաքապետ դառնալ: Ընդ որում, թերթի տեղեկություններով նա հենց Դոն Պիպոյի թեկնածուներից է, քանի որ վերջինս իր հաջողության հարցում այնքան վստահ է եղել, որ անգամ քաղաքապետի թեկնածու էր պատրաստել: Եվ չնայած Պիպոն կալանավորված է, սակայն Էդվինը շարունակում է քաղաքապետի թեկնածուն համարվել, այդ ուղղությամբ քայլեր անել:
Միայն թե, արձանագրենք՝ Էջմիածինը «զոն» չէ, ու եթե հետագայում պետք է այնտեղ նոր «նայողներ» լինեն, ապա ցավով կարձանագրենք՝ հեղափոխությունը գոնե այստեղ չի հասել իր նպատակին: Եւ ուրեմն, որպեսզի Նոր «նայողներ» չհայտնվեն, պետք է պետությունն իրադրությունն իր ձեռքը վերցնի, պետք է լինի օրինական ընտրված քաղաքապետ եւ քաղաքը ղեկավարի, հակառակ դեպքում ոչինչ էլ չի փոխվի եւ ջրից հելնելով’ կընկնենք ջրհորը: Սակայն ոչ իշխանությունն է տեղից շարժվում, ոչ էլ ոստիկանությունը: Ընդ որում՝ վերջիններիս անգործությունը տեսանք նաեւ ցույցերի օրերին, երբ Էջմիածնում փողոցներ էին փակվում, սակայն ոստիկանությունը տեղից այդպես էլ չէր շարժվում:
Իրավիճակն այնպիսին է, որ Մանվել Գրիգորյանին պատկանող 12 գազալցակայանները եւ մյուս բիզնեսները չեն աշխատում: Ընդ որում՝ լուրեր են շրջանառվում, որ ինչ-որ խմբեր թույլ չեն տալիս այդ օբյեկտներն աշխատեցնել: Աա էլ արդեն ՊԵԿ-ի գործառույթն է, սակայն վերջինս անտարբեր է, եւ դրա փոխարեն կան մարդիկ, ովքեր փորձում են տիրանալ դրանց «չորով»:
Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: