Ժամանակն է, որ մեր հումանիստ պատգամավորները մտածեն այս մասին. Առավոտ
![](https://henaran.am/wp-content/uploads/2018/06/85572_b.jpg)
Սամվել Բաբայանի խափանման միջոցը փոխելը եւ գործը լրացուցիչ քննության ուղարկելը խնդրի «չոր» իրավական լուծում էր, որն ուղղակիորեն կապված չէ հեղափոխության հետ: Նրա առնչությունը «Իգլայի» տեղափոխման ու եվրոյի «լվացման» հետ առաջին ատյանի դատարանը չի ապացուցել, մնացել են կասկածներ, որոնք պետք է մեկնաբանվեն հօգուտ մեղադրյալի: Բաբայանն, իհարկե, Մայր Թերեզան չէ, դաշտային հրամանատար է՝ համապատասխան կրթությամբ եւ պետության մասին յուրահատուկ պատկերացումներով, բայց դա ամենեւին հիմք չի ծառայում նրա դեմ ինչ-որ անհասկանալի մեղադրանքներ առաջ քաշելու համար:
Ինձ արժանահավատ է թվում Բաբայանի բացատրությունը, որ իրեն ուզում էին մեկուսացնել, որովհետեւ նա ՕՐՕ նախընտրական դաշինքի փաստացի ղեկավարն էր, եւ խնդիր էր դրված, որ այդ դաշինքը չանցնի խորհրդարան: Ժիրայր Սեֆիլյանի ազատ արձակումն ինձ ավելի վիճահարույց է թվում, որովհետեւ նա չի մերժում զինված քաղաքական պայքարը՝ Տեր-Պետրոսյանի ժամանակ առնչություն էր ունեցել «Դրո» խմբի հետ, Քոչարյանի եւ Սարգսյանի օրոք ազատազրկվել էր ապօրինի զենքի եւ այլ մեղադրանքներով: Տրամաբանական է ենթադրել, որ իրեն կարող է մի օր դուր չգալ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, եւ այդ դեպքում նա նորից կորոշի «իրագործել իր ապստամբելու իրավունքը», եւ դեռ հարց է՝ կհասցնի՞ Փաշինյանը նրան ազատազրկել, թե՞ Սեֆիլյանն այս անգամ կկարողանա հաջողությամբ «ապստամբել»:
ՊՊԾ գնդի վրա զինված հարձակում գործած անձանց խափանման միջոցը փոխելը կարող է դիտարկվել որպես նման գործողությունների արդարացում եւ վատ նախադեպ դառնալ մեր պետության համար: Եթե մի կողմ թողնենք «ապստամբելու իրավունքի» մասին, այսպես ասենք, չափազանց ազատ մեկնաբանությունները, ապա կարելի է արձանագրել, որ, այո, կալանքը որպես խափանման միջոց մեր իրավապահները հաճախ կիրառում են առանց անհրաժեշտության՝ դրդվելով ամենեւին ոչ իրավական շարժառիթներից: Բայց այդ դեպքում պետք է սահմանել «վերին շեմը», որից ցածր այդ խափանման միջոցը չի կիրառվում:
Եթե ՊՊԾ-ի գործով ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող անձանց կարելի է ազատություն շնորհել, ապա ինչո՞ւ նույնը չի կարելի անել, ասենք, բնակարանային գողի հանդեպ: Գուցե նա՛ էլ այդ ենթադրյալ հանցագործությունը կատարելիս յուրովի «ապստամբում էր»: Կամ՝ ինչո՞ւ չի կարելի փոխել խափանման միջոցը խուլիգանական դրդապատճառներով ծեծի ենթարկելու մեջ մեղադրվողին: Բացառված չէ, որ նա ընկերոջ քիթ-մռութը ջարդում էր «հանուն ազգի»: Երեւի ժամանակն է, որ մեր հումանիստ պատգամավորները մտածեն բոլոր ազատազրկվածների, ոչ միայն «ապստամբների» մասին:
Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: