Ի՞նչ կարող ենք մենք տալ Աստծուն
Սովորենք ամեն օր դաս քաղել մեր կյանքից:
Սրտագետ Աստված կուրացնում է Պողոս Առաքյալի պես մեկի աչքերը, դարձի բերելու համար, մյուսի կույր աչքերը բժշկում է իր հավատի համաձայն:
Հիսուս Քրիստոսի հրաշքների մասին կարդալիս երբեմն մտածենք, որ մենք այն կույրն ենք Ավետարանի, որի աչքերը բացեց Տերը, երբեմն էլ մտածենք, որ ավելի շատ նման ենք այն անդամալույծին, որը վերցրեց իր մահիճը և քայլեց այն բանից հետո, երբ հավատաց Տիրոջը: Քանանացի կնոջն ենք նման, որին շուն անվանեց Տերը, բայց հավանեց նրա հավատքը: Երբեմն Թովմասին ենք նմանվում թերահավատությամբ, որը տեսնելուց հետո առավել ամրապնդվեց հավատքի մեջ: Մարթայի նման ենք, կենցաղի սովոր: Բայց կարող ենք դառնալ Մարիամի պես` Տիրոջ ոտքերի մոտից չհեռացող և Նրա խոսքի ծարավից չհագեցող մեկը:
Լույս, բժշկություն, արդարություն, իմաստություն և մտածելու կարողություն տվեց մեզ Տերը և այժմ Կանայի հարսանիքի հրաշքն է մեր սրտում, մեր ջուրը գինի է դարձրել, որպեսզի սևերես չմնանք մեր Տիրոջ հետ հանդիպման ժամանակ, և մեր մերձավորների աչքի առջև: Արտոնել է մեզ հաղորդվել Իր Սուրբ Մարմնին և Արյանը, թողություն տալով մեր մեղքերին` մաքրել է մեզ բորոտի պես: Մեր հին էությունից գրեթե բան չի մնացել, ամբողջը ջնջվել, նորն է կառուցվել: Ի՞նչ կարող ենք մենք տալ Աստծուն այսքանից հետո, եթե ոչ սիրտ ու հոգի ու մեր ողջ կյանքը: Ի՞նչի մասին կարող ենք խոսել, կամ ո՞ւմ պետք է փառաբանենք, եթե ոչ մեր Տեր ու Փրկիչ, Լույսի Վարդապետ, հույսի Պարգևիչ, սիրո Արարիչ, հավատ ներշնչող` փառահեղ Աստծուն` Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն: Ինչպես առակողն է ասում. «Սրտի բերկրանքից ծաղկում է դէմքը»: Սովորենք դաս քաղել նաև այսօրվա փորձություններից:
Տէրն է մեր հայրը,
Տէրն է մեր դատաւորը,
Տէրն է մեր իշխանը,
Տէրն է մեր թագաւորը,
Տէրն է մեր փրկիչը, նա է փրկելու մեզ։ Եսայ.33:22
Ծովիկ Դավթյան