Ինչո՞ւ է ՀՀ մշակույթի նախարարը ցանկանում նախարարությունը տեղափոխել Գյումրի
Գյումրիում լրագրողների հետ ունեցած զրույցի ժամանակ ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը ասաց, որ պատրաստ է անհրաժեշտության դեպքում նախարարության ողջ կազմով տեղափոխվել Գյումրի:
«Շատ դրական եմ համարում նախարարությունը Գյումրի տեղափոխելը: Եթե կարողանանք հասկանալ, թե ինչպես ենք լուծում ադմինիստրատիվ խնդիրները ու շենքի հարցը, ես պատրաստ եմ լինել այն առաջամարտիկը, որը տեղափոխում է նախարարությունը մարզեր: Կարծում եմ՝ մշակույթի նախարարությունը միակ նախարարությունը չպետք է լինի, որ մարզ տեղափոխվի, մյուս նախարարությունները ևս պետք է իրենց գործունեությունն այլ մարզեր տեղափոխեն, որպեսզի կարողանանք մարզերի համաչափ զարգացման մոդելը տեսնել ու տրամաբանություն ապահովել»,-նշեց նախարարը:
Նախարարը խոստացավ նաև առաջին իսկ հնարավորության դեպքում կրկին այցելել Գյումրի՝ այս անգամ արդեն մշակութային քաղաքի՝ այդ թվում Երկրագիտական թանգարանի կառույցի և ֆիլհարմոնիկ դահլիճի խնդիրներին առավել մանրամասն ծանոթանալու նպատակով: «Անպայման պետք է վերադառնամ ու միասին քննենք այդ խնդիրները ու տեսնենք, թե որ օջախից ենք սկսում վերակառուցել և վերակարգավորել»,-նշեց ՀՀ մշակույթի նախարարը՝ փաստելով, որ Գյումրու նախկին հիվանդանոցի շենքը Երկրագիտական թանգարանին հանձնելու Գյումրու ավագանու անդամ Լևոն Բարսեղյանի դիմումն արդեն մակագրվել է փոխնախարարին: Նախարարը նաև անդրադարձավ Գյումրիից ժամանակին տեղափոխված Մինաս Ավետիսյանի որմնանկարներին: «Ընթացք, իհարկե, պետք է տրվի, բոլոր այն կտավները, որոնք չեն գտնվում այնտեղ, որտեղ պետք է գտնվեն, պետք է վերադարձվեն»,-նշեց նախարարը:
Լիլիթ Մակունցը կարևորեց նաև պետական կառույցի և հասարակական ոլորտի համագործակցությունը: «Մինչ այս մշակույթի նախարարությունը փակ է գործել, համագործակցությունը եղել է փակ շրջանի մեջ: Կարծում եմ, ժամանակն է այդ շրջանը բացել և ապահովել համագործակցություն պետական ու հասարակական ոլորտի միջև, քանի որ հասարակական ոլորտը շատ մեծ ներուժ ունի և կարող է լավ թարմ շունչ բերել»,-հավելեց ՀՀ մշակույթի նախարարը: