Երկվորյակ երկնաքերները կործանվեցին. ԱՄՆ-ում հիշում են սեպտեմբերի 11-ի ողբերգության զոհերին /վիդեո/
Այսօր` սեպտեմբերի 11-ին, լրանում է ԱՄՆ-ում տեղի ունեցած խոշորագույն ահաբեկչության 11 տարին: 2001-ի այս օրը “Ալ-Քաիդայի” ահաբեկիչները հարձակում գործեցին ԱՄՆ-ի գործարար կյանքի խորհրդանիշ երկվորյակ երկնաքերների վրա: Երկնաքերներն ամբողջովին փլուզվեցին, ահաբեկչության զոհը դարձավ շուրջ 3 հազար մարդ, 24 մարդ անհետ կորան:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման եւ առաջին տիկին Միշել Օբաման այսօր մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք են մատուցել ահաբեկչության զոհերի հիշատակին: Նախագահական ընտանիքը կմասնակցի նաեւ զոհերի հիշատակին նվիրված միջոցառմանը Պենտագոնում:
11 տարի առաջ “Ալ-Քաիդայի” ահաբեկիչները գրոհեցին 4 մարդատար ինքնաթիռների վրա, որոնցից 2-ը ուղղվեցին դեպի Առեւտրի համաշխարհային կենտոնի շենքերի վրա, որոնք ավելի հայտնի էին “Երկվորյակ աշտարակներ” անունով: Մյուս 2-ն ուղեւորվեցին Պենտագոնի եւ ենթադրաբար Սպիտակ տան ուղղությամբ: Բոլոր ինքնաթիռները, բացի վերջինից, կատարեցին իրենց առաջադրանքը: Վերջինը կործանվեց Փենսիլվանիայում` Շանքսվիլից ոչ հեռու: Ինքնաթիռի ուղեւորներից ոչ ոք ողջ չմնաց: Քննիչների տվյալներով` ահաբեկչությունը կանխել են գրոհի ենթարկված ինքնաթիռի ուղեւորները եւ անձնակազմը: Հենց նրանք են խանգարել ահաբեկիչ-մահապարտներին իրականացնել իրենց ծրագիրը: