25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Շատերը փոշմանեցին իրենց «հարիֆության» համար. Առավոտ

ԱԱԾ-ի բացահայտումները թեեւ կապված են հարյուր միլիոնավոր դրամների չարաշահումների եւ խարդախությունների հետ, լայն զանգվածների տեսանկյունից այնքան էլ տպավորիչ չեն: Մարդիկ սպասում են, որ ճաղերի հետեւում կհայտնվեն նախկին նախարարներ, պատգամավորներ, օլիգարխներ եւ այլն: Բայց պետք է հասկանալ, որ դա «պատվերով համերգ» չէ՝ բռնենք, որ այդ զանգվածների «արդարության ծարավը» հագենա: Առանց այդ էլ մի ամբոխահաճո քայլ արդեն արվեց՝ «ջրվեցին» օրինախախտ վարորդների տուգանքները:

Օրինապաշտ վարորդները հասկացան, թե ինչպիսի «սխալ էին գործել»՝ մնալով երթեւեկության կանոնների սահմաններում, գուցե շատերը փոշմանեցին իրենց «հարիֆության» համար եւ այսուհետ քշելու են այնպես, ինչպես հարյուր հազարների տուգանքներ կուտակածները: Մանավանդ, որ շուտով քաղաքում արագաչափեր եւ տեսախցիկներ չեն լինելու, եւ ամեն ինչ «կարգավորվելու է» ճանապարհային տեսուչին 5 կամ 10 հազարանոց խցկելու միջոցով: Ագրեսիվ կարգազանց «լյումպենին» հաճոյանալու քայլերը դրանով, կարծում եմ, կարող են սահմանափակվել, եւ հիմա ճիշտ ժամանակն է անել ճիշտ հակառակ՝ ոչ պոպուլյար, բայց անհրաժեշտ քայլեր:

Ինչո՞ւ հենց հիմա: Որովհետեւ այս պահին կառավարությունն ունի Հայաստանի քաղաքացիների ճնշող մեծամասնության աջակցությունը՝ տեսանելի պատմական ապագայում նման իրավիճակ կարող է այլեւս չլինել: Ավելին՝ նույնիսկ այս կառավարությունը, եթե եւս մեկ տարի մնա, չի ունենա վստահության նույն աստիճանը, որն ունի այսօր՝ ոգեւորությունը, հեղափոխական էյֆորիան չի կարող հավերժ տեւել, սոցիալական վիճակը էականորեն չի փոխվի, արտաքին վտանգները կպահպանվեն, «հաղթող թիմի» մեջ կհայտնվեն ներքին հակասություններ եւ այլն:

Ասածս «բայղուշություն» չէ, դա պատմական օրինաչափություն է եւ կախված չէ կառավարության անդամների արժանիքներից: Այդպիսի ոչ պոպուլյար քայլ, որը կարող է անել ներկայիս կառավարությունը, պարտադիր կուտակային կենսաթոշակի համակարգը ներմուծելն է:

Եթե մենք իսկապես ուզում ենք այսօրվա երիտասարդներին 20-25 տարուց նորմալ կենսաթոշակ տալ, եթե մեր ֆինանսական համակարգին «երկար փողեր» են պետք, ուրեմն անհրաժեշտ է հենց հիմա այդ քայլին գնալ: Երբ 2013-14 թվականներին այդ թեմայով բանավեճեր էին գնում, իշխանական թիմը պառակտված էր՝ մասնավորապես իրար դեմ պայքարում էին Տիգրան Սարգսյանն ու Հովիկ Աբրահամյանը: Գումարած, իհարկե, պոպուլիստական փաստարկները, օրինակ՝ «այս կառավարությանը չենք վստահում, նրանք մեր փողերը կուտեն»:

Հիմա ներկայիս կառավարությանը վստահում ենք, այնպես չէ՞, ի՞նչն է, ուրեմն, խանգարում: Մեկ տարով հետաձգելով՝ ոչ մի խնդիր չի լուծվում: Մեկ տարուց այդ համակարգը շատ ավելի դժվար կլինի ներդնել, քան հիմա: Արդեն ասացի, թե ինչու: 

Արամ Աբրահամյան

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ