Գյումրին կրկին դիմավորեց չեմպիոնին (ֆոտո, տեսանյութ)
Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականն այսօր մայիսի 3-ին վերադարձավ հայրենիք:
Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճած Արթուր Ալեքսանյանին ու Մաքսիմ Մանուկյանին, բրոնզե մեդալակիր Կարեն Ասլանյանին, թիմի մյուս անդամներին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել են ողջունել:
Բայց ամեն անգամ Գյումրեցի օլիմպիական չեմպիոնին գյումրեցիները յուրովի են դիմավորում: Ողջունում, դափնեպսակներով ու փողային նվագախմբի ուղեկցությամբ: Այսօր ևս Գյումրին տոնական տրամադրություն ուներ: Թեև անձրև էր տեղում, բայց սպասեցին ու ողջունեցին Արթուր Ալեքսանյանին:
“Թեթև վնասվածք ունեցել եմ, բայց միևնույնն է, հաղթանակը եղել է ավելի հեշտ», ասաց մարզիկը, իսկ այն հարցին, թե հույս կա որ ի վերջո կլուծվի Գյումրիում ըմբշամարտի դպրոցի կառուցման հարցը, Արթուր Ալեքսանյանը նշեց, որ խոստացել են ու դեռ սպասում են մարզիկներով ու մարզիչներով:
Հարցին, թե ինչպես է վերաբերվում ներքաղաքական իրավիճակի փոփոխությանը նշեց, որ «Ես գտնում եմ, որ ուզում է լինի, մեր ժողովրդին լավ նայի, մեր ժողովուրդը շատ է տանջվել”, նշեց չեմպիոնը:
Հիշեցնենք, որ Հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի եռակի չեմպիոն, օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը չորրորդ անգամ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Ռուսաստանի Կասպիյսկ քաղաքում անցկացված առաջնության 97 կգ քաշային կարգում Արթուր Ալեքսանյանը Եվրոպայի չեմպիոնի կոչումը վիճարկեց Սերբիայի ներկայացուցիչ Միխեիլ Կաջայայի հետ գոտեմարտում եւ հաղթեց 7:0 հաշվով:
Աշխարհի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճել էր 82 կգ քաշային կարգում: Եզրափակիչում Մաքսիմ Մանուկյանը առանց խնդիրների պարտության մատնեց բելառուս Վիկտոր Սասունովսկուն՝ 8:0:
67 կգ քաշային կարգում Կարեն Ասլանյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտեց լեհ Դավիդ Կարեցինսկու հետ եւ հաղթեց մեծ առավելությամբ՝ արդեն առաջին մրցափուլում վաստակելով 6 միավոր: Հայ ըմբիշը մրցակցին պարտության մատնեց 7:2 հաշվով՝ առաջին մեդալը բերելով Հայաստանին այս առաջնությունում: