26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Վատ երազ եմ տեսել․ շատ եմ վախենում մեր երիտասարդների համար»

«Դրսում ապրող մեր  հայտնի ու ճանաչված, սիրելի հայրենակիցների կոչերը՝ ուղղված ցուցարարներին, մտահոգության հետևանք են։ Իրենք մտահոգ են, վախ ունեն, հայրենիքը կորցնելու վախը կա նրանց մեջ։  Նրանք ապրում են մի աշխարհում, որտեղ ժողովրդի ձայնն ավելի լսելի է, քան մեզ մոտ։ Իրենք, այնուամենայնիվ, այս երկրում չեն ապրում։ Այդպես ողջունել, կոչ անել․․․․ այդ ամենն անելիս մի քիչ պիտի զգույշ լինեն։ Իրենք կարող են իրենց այդ կոչերով այնքան ոգևորել  մեր  երիտասարդներին, որ նրանք կորցնեն ադեկվատ գործելու գիտակցությունը», – Henaran.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հանտնեց Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ  Անահիտ Բախշյանը ։

Նա նշեց՝ երիտասարդները կարող են մտածել, որ եթե  Ատոմ Էգոյանը, Արսինե Խանջյանը կամ Սերժ Թանկյանն  իրենց այդպիսի կոչեր են անում, ուրեմն, իրենք, միանշանակ  ճիշտ քայլեր են անում, բայց այդ ամենը միանշանակ չէ․ վտանգավոր է։ Տիկին Բախշյանն ասաց՝ միգուցե, իր այդ վախն ու վերահաս վտանգի կասկածները իր ապրած կյանքի տարիներից են գալիս, իր աչքի տեսածից։

Հարցազրույցի ընթացքում վերջինս հուզվեց, ասաց՝ շատ է անհանգստանում մեր երիտասարդների համար և նրանց հորդորեց սառը դատել, լինել ողջամիտ, որպեսզի ցավալի կորուստներ, անդառնալի հետևանքներ չլինեն։

«Այդ երիտասարդները ինձ գրավում են դեպի իրենց, ես հոգով  ու մտքով  իրենց հետ եմ, քայլերս էլ են իրենց մոտ տանում, գնում եմ հրապարակ, բայց  վախը  սրտումս եմ գնում, վախ ոչ թե ինձ համար, այլ երկրի համար, երկրի կայունության, անվտանգության համար։ Մենք իրավունք չունենք անել քայլեր, որոնք կհանգեցնեն անդառնալի կորոտստների։ Հիմա իշխանությունը պիտի ձևը  գտնի, առաջարկի  խելամիտ երխկոսության օրակարգ․ գնդակն իշխանության դաշտում է։ Կրքերը պետք է հանդարտվեն, որպեսզի երկուստեք ինչ-որ հարթակ ձևավորվի, որպեսզի   մեր երիտասարդներն էլ, Նիկոլն էլ համոզվեն, որ  հերթական կեղծ  խոստումենրը չեն լինի։ Այդ առաջարկների իրականացման ժամանակացույցն էլ իշխանությունները պիտի ներկայացնեն։ Դա չի կարող մի օրում լինել, դա ժամանակ պահանջող գործընթաց է, մնում է՝ քաղաքական կամք լինի, որ այդ քայլերը    ճիշտ լինեն», –  ասաց Բախշյանը։

Հարցին՝ իսկ եթե  մեր աշխարհահռչակ հայրենակիցները Հայաստան գան, հնարավո՞ր է, որ կարողանան  իրավիճակը մեղմել՝ խնդրի լուծման ուղիներ առաջարկելով,  տիկին Բախշյանը պատասխանեց․ «Ինձ թվում է ՝  այս  մթնոլերտը, կոչերը, խոսքերը այնքան են էլեկտրականացել, որ  դժվար է ասել․․․  Երբ  հազարավոր մարդիկ են կանգնած քո առաջ ու ծափ են տալիս,   նույնիսկ դու ես սկսում հավատալ   քո ասածին, բայց դա դեռ իրականություն չէ, դա դեռ այն չէ,  ինչը  մեզ այսօր պետք է։

Ես մեր երիտասարդներին գոտեպնդում եմ, հավատում իրենց ասածներին, բայց   գուցե իմ տարիքը, տեսածը փոխում են մի բան․ ես ինձ հետ կռիվ եմ տալիս։ Մի կեսս ասում է՝ միանաշակ, երիտասարդները ճիշտ են, հազար տոկոսով ճիշտ են,  բայց մյուս կողմից այն քայլերը, որոնց մասին ասում են՝ այսօր, հիմա․․․ դա վտանգավոր է։ Ես հիմա Ձեր միջոցով  եմ այս կոչն անում, բայց չեմ համարձակվի այս ամենն այն հարթակում (նկատի ունի ցուցարարների առաջ, հանրահավաքի հարթակում- հեղ․)   ասել, որովհետև ուղղակի ինձ կսուլեն։ Ես շատ եմ վախենում մեր երիտասարդների համար, սիրտս անհանգիստ է, վատ երազ եմ տեսել», – հուզվելով  եզրափակեց Անահիտ Բախշյանը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ