Դուք ասում էիք՝ պետք է բաժանվել, որ տանջել է Ձեզ իմ կյանքը անսանձ….
Չշրջե՜լ զառ ու վառ թփերում էլ քեզ հետ,
Չորոնե՜լ հին հետքեր, թայլախոտ կոխ չտա՛լ:
Վարսակե մազերի քո խրձով՝ առհավետ
Չես կարող արթմնի երազիս այցի գալ:
Քո մաշկը՝ մրգերի ալ հյութով միշտ հարուստ,
Իսկ ինքդ՝ գեղեցիկ և նրբին անպատճառ.
Վարդագույն էիր դու որպես մի վերջալույս,
Եվ անկոխ ձյան նման՝ շողշողուն ու պայծառ:
Հատիկներն աչքերիդ թոշեցին, և գնաց,
Եվ հալվեց ձյունի պես անունը քո քնքուշ,
Բայց անմեղ ձեռքերի մեղրահոտը մնաց
Ճմըրթված մի շալի ծալքերի արանքում:
Եվ խաղաղ այն ժամին, երբ այգը տանիքին
Որպես մի կատվի ձագ բերանն է լվանում,
Անձրևն է քո մասին, առանց մի կարիքի,
Քամու հետ երգելով՝ հնազանդ խոսք բանում:
Թո՛ղ մեկ-մեկ շշնջա կապտաթույր երեկոն,
Թե դու լոկ երգ էիր, ու ցնորք, ու երազ,
Բայց նա, ով հորինեց ուսերն ու մեջքը քո,
Լուսավոր գաղտնիքից անկասկած ուներ մաս:
Չշրջե՜լ զառ ու վառ թփերում էլ քեզ հետ,
Չորոնե՜լ հին հետքեր, թայլախոտ կոխ չտա՛լ:
Վարսակե մազերի քո խրձով՝ առհավետ
Չես կարող արթմնի երազիս այցի գալ:
Նամակ կնոջը
Հիշում եք,
Անշուշտ, ողջն հիշում եք դուք,
Ես կանգնած էի
Լուռ, հենված պատին,
Հուզմունքից քայլում
Եվ ինչ-որ շատ թունդ
Խոսքեր էիք դուք
Նետում ճակատիս:
Դուք ասում էիք՝
Պետք է բաժանվել.
Որ տանջել է ձեզ
Իմ կյանքը անսանձ,
Որ դուք ուզում եք
Արդեն գործ անել,
Մինչդեռ պետք է ես
Գլորվեմ դեռ ցած:
Սիրելիս,
Դուք ինձ չեք սիրել բնավ,
Դուք չգիտեք, որ ես այս կյանքում,
Նման եմ եղել ձիուն քրտնած,
Որին հեծյալը քշել է անքուն:
Դուք չգիտեիք,
Որ սև ծխի մեջ,
Կենսական հողմի այս պտտանում,
Նրա համար եմ տանջվում ես անվերջ,
Որ չգիտեմ, թե բախտն ուր է տանում:
Դեմքը դեմքի դեմ՝
Չես տեսնի սակայն,
Հեռվից է միշտ էլ մեծը երևում,
Դժվար է այնպես ու օրհասական
Վիճակը նավի, երբ ծովն է եռում:
Երկիրը նավ է…
Ու մեկը հանկարծ
Նոր ու փառավոր մի կյանքի համար
Մեր երկրի նավը դեպի փոթորկված
Ծովի տարերքը տարավ վեհաբար:
Բայց նավի վրա մեզանից այդ ո՞վ
Վատ չի զգացել սրտախառնուքից:
Քչերը եղան, որ փորձված հոգով,
Չտատանվեցին հողմից ու բուքից:
Ու ես էլ այնժամ,
Երբ խոլ ու աղմուկ էր,
Իմ գործին այնպես գիտակ ու հմուտ,
Որ էլ չտեսնեմ սրտախառնուքը,
Իջա այդ նավի ներքնահարկը մութ:
Իսկ դա ռուսական
Պանդոկն էր խավար,
Ու ես գավաթին թեքվեցի անքուն,
Որ չտառապեմ ոչ ոքի համար:
Խորտակվեմ հարբած
Այդ զառանցանքում:
Սիրելիս,
Ես ձեզ տանջել եմ անվերջ,
Թախիծ կար ձեր լուրթ,
Հոգնած աչքերում,
Որ պանդոկային կռիվների մեջ
Ես իմ կյանքն էի
Անփույթ սպառում:
Բայց չգիտեինք,
Որ սև ծխի մեջ,
Կենսական հողմի այդ պտտանում,
Նրա համար եմ
Տանջվում ես անվերջ,
Որ չգիտեմ, թե բախտն ուր է տանում:
Տարիք են անցել:
Հասակս այն չէ:
Այլ կերպ եմ հիմա զգում ու խորհում:
Ու միշտ տոնական գավաթի առջև
Ես ղեկավարի փառքը ներբողում:
Պատել է այսօր
Ինձ մի նուրբ հուզում,
Հիշել եմ հոգնած տխրությունը ձեր
Եվ հաղորդել եմ
Հիմա ձեզ ուզում,
Թե ինչ էի ես
Ու ինչ եմ դարձել:
Եվ հաճելի է
Ինձ համար այնքան
Հայտնել ձեզ, որ ես փրկվեցի վիհից
Եվ հիմա երկրում մեր սովետական
«դարձել եմ մոլի ու թունդ ուղեկից»:
Ես այն չեմ հիմա,
Ինչ էի առաջ,
Ձեզ առաջվա պես
Չէի տանջի էլ…
Ես ազատության
Դրոշը առած,
Պատրաստ եմ մինչև
Լամանշը քայլել:
Ներեցեք,
Գիտեմ, հինը չեք էլ դուք,
Ամուսին ունեք լուրջ, մեծապատիվ,
Ձեզ պետք չէ բնավ
Խոնջանքն իմ հոգու,
Ինքս էլ ձեզ պետք չեմ
Եվ ոչ մի կաթիլ:
Ապրեք
Աստղի տակ ձեր այդ լուսաշող,
Թող բախտը կանգնի միշտ ձեր տան սեմին:
Ջերմ ողջույններով,
Ձեզ հավետ հիշող
Բարեկամը ձեր՝
Սերգեյ Եսենին:
ՍԵՐԳԵՅ ԵՍԵՆԻՆ