Եվրախորհրդարանում մի քանի բանաձեւեր են ներկայացվել “Սաֆարովի գործով”
Եվրախորհրդարանի կազմի մեջ մտնող 6 կուսակցական բլոկներ բանաձեւեր են ներկայացրել ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի արտահանձնման եւ ներում շնորհելու վերաբերյալ: Այսօր` սեպտեմբերի 13-ին, Եվրախորհրդարանում կկայանան դրանց քննարկումները եւ քվեարկությունը, տեղեկացնում է “Երկրամասը”:
Եվրոպացի պահպանողականները եւ ռեֆորմիստներն իրենց բանաձեւի 6 կետերից 5-ում մտահոգություն են ներկայացրել “Սաֆարովի գործի” կապակցությամբ, մասնավորապես` հանցագործի արտահանձնման օրինականության վերաբերյալ: Խոսվում է նաեւ Ադրբեջանի իրավապահ մարմինների ողջ համակարգում անհրաժեշտ բարեփոխումների մասին:
Սոցիալիստների եւ դեմոկրատների պրոգրեսիվ դաշինքը բանաձեւի իրենց նախագծում առաջին հերթին դատապարտում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի որոշումը` արդարացնել հանցագործին, ինչպես նաեւ նրան հերոսացնելը եւ փառաբանելը:
Եվրախորհրդարանի ամենամեծ թվով խումբը` Եվրոպական ժողովրդական կուսակցությունը, բանաձեւի իր նախագծում նշում է, որ Ալիեւի նման որոշումը մեծացնում է անարադարության զգացումը` կապված ղարաբաղյան հակամարտության չլուծված լինելու հետ:
Բոլոր բանաձեւերում հատուկ կոչ է արվում կողմերին ջանքեր գործադրել` տարածաշրջանում լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ: