Իշխանությունը մի արկղ չէ, որ գնան ու վերցենեն. ՀՀԿ
«Դուք բավական համբերատար եք և ևս մի քանի օր համբերեք, մենք դրա հանգուցալուծումը կտանք, կկայացնենք որոշում և կհայտարարենք մեր թեկնածուի մասին»,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Հարցին, թե պարտադիր էր, որ Սերժ Սարգսյանը վարչապետ լիներ, որպեզի թրծեր ավելի երիտասարդներին, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց, թե իրենք դեռ որոշում չեն կայացրել: «Դուք հնչեցնում եք անուններ, եթե մենք նպատակահարմար գտնենք այս փուլում, որ լինի ձեր նշած թեկնածուն, այդ ժամանակ կտանք մեկնաբանություններ: Այս պահին ունենք նախագահ, որը Սերժ Սարգսյանն է, ունենք ընտրված նոր նախագահ, ունենք ՀՀ վարչապետ, որը սահմանադրական իր լիազորությունները պատշաճ կատարում է, և մենք գոհ ենք իր աշխատանքից, իսկ ամսի իննից հետո արդեն կխոսենք մեր անելիքների մասին»,-ասաց նա:
Հարցին, թե ՀՀԿ-ն որևէ անհանգստություն չունի սկսված կամ սկսվելիք փողոցային պայքարից, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Պետք է, որ զգաք, մենք որևէ անհանգստություն չունենք. յուրաքանչյուր քաղաքական ուժ ունի իր ճանապարհային քարտեզը, ինքն է որոշում իր պայքարի ձևը: Ես հասկանում եմ, որ արտախորհրդարանական ուժերը փորձում են փողոցն օգտագործել, բայց անհասկանալի է, երբ խոհրդարանական ուժերն են ընտրում դա, խորհրդարանը թողած գնում փողոցային պայքարի, բայց իհարկե ժամանակը ցույց կտա:
Իշխանափոխության համար պայքար միշտ էլ կարող են լինել, հիմքեր պետք է լինեն, պետք է հանգիստ սպասեն 22թ-ին, որ սահմանադրական ճանապարհով հասնեն իրենց նպատակին»,-ասաց նա:
Հարցին, թե տեղին են այն դիտարկումները, թե երբ Սերժ Սարգսյանի լիազորություներն ավարտվեն, իշխանությունն այդ մեկ շաբաթում ավելի խոցելի կլինի, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց, թե ինքը նման կոչերին հումորով է վերաբերում: «Իշխանությունը մի արկղ չէ, որ գնան ու վերցնեն, հիմքեր են պետք: Մեկ շաբաթվա, մեկ ամսվա ընթացքում սահմանադրորեն իշխանությունը նորից կլինի իր տեղում: Աժ նախագահը կղեկավարի որպես երկրի գլուխ, և այստեղ որևէ արտառոց բան չկա: Շատ է եղել որ նախագահը արձակուրդում է կամ երկրից դուրս է եղել: Այդ ընթացքը մարդիկ ցանկանում են օգտագործել, իրենց իրավունքն է, կարող են օգտագործել»: