Բնակիչների խնդիրը կլուծվի. նախարարը՝ Նուբարաշենից
Մարդու իրավունքների պաշտպանի մասնակցությունը կառավարության նիստերին սխալ է: Այս տեսակետն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: Նա նշեց, որ դեռևս նման օրենսդրական կարգավորում չկա, որն արգելում է ՄԻ պաշտպանին մասնակցել կառավարության դռնփակ նիստերին: «Խոսքը վերաբերում է որոշումների ընդունման գործընթացի անկաշկանդ լինելուն: Ես չեմ կարծում, որ ՄԻՊ-ը որևէ ձևով կկաշկանդվի քննադատել կառավարությանը, եթե նա չի մասնակցում նիստին»,-հավելեց նա:
Անդրադառնալով Նուբարաշենի քրեակատարողականի վթաված կոյուղատար համակարգին և դրա հետևանքով առաջացած խնդիրներին՝ նախարարն ասաց, որ այստեղ լուծումը շատ պարզ չէ, այն լուծումը, որ հիմա տրվում է, ժամանակավոր է: «Բնակիչների խնդիրը կլուծվի, բայց դա չի նշանակում, որ խնդիրը ընդհանրապես կլուծվի»,-ասաց նա: Նախարարը հայտնեց, որ անցած տարի ձեռնամուխ են եղել նախագիծ պատրաստելուն, այս տարի նախատեսում էին գնումների գործընթաց: Ինչ վերաբերում է նախարարության պատասխանատվությանը, ապա Դավիթ Հարությունյանն ասաց.
«Բնականաբար, մենք պատասխանատու ենք յուրաքանչյուր թերության համար Արդարադատության ոլորտում, և որևէ գաղտնիք չկա, մենք երբևէ չենք խորշել պատասխանատվությունից: Մենք պատասխանատու ենք առողջապահության վատ վիճակի համար, պատասխանատու ենք, որ շենքային պայմանները լավը չեն և բազում հարցերի համար: Պատասխանատվությունը ամենևին չի նշանակում, որ պատասխանատու ենք և դրանով սահմանափակվում ենք, այլ որ ամեն օր կատարում ենք քայլեր՝ գտնելով առաջնահերթ լուծումներ, քանի որ հնարավորությունները սահմանափակ են»,-ասաց նա: Նա նշեց, որ Նուբարաշենի համակարգի վնասված լինելը համարել են առաջնահերթ և պատրաստել են նախագիծ: