14 Հուլիսի, Կիրակի, 2024
KFC

Ընդդիմության դաշտում այսօր չկա միասնական քաղաքական դիրքորոշում. Հ. Նաղդալյան

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը՝ ընդդիմության նախաձեռնության, կուտակային համակարգի ներդրման և երկրորդ նախագահի արձագանքների շուրջ:

Հարց Խորհրդարանի ոչ իշխանական ուժերի միավորման և հունվարի 18-ի հանրահավաքի շուրջ. ինչպե՞ս եք գնահատում այս նախադեպը, և արդյոք իշխանությունները մտահոգություն չունենայսառումով: Ձեր վերաբերմունքը.

    -Ժողովրդավարական համակարգի մեջ շատ կարևոր է ինչպես ուժեղ իշխանության, այնպես էլ ուժեղ ընդդիմության առկայության խնդիրը և այս մասին Հայաստանում հաճախ է խոսվում, այս խնդիրը չի դադարում օրակարգային լինել: Մենք բազմիցս բարձրաձայնել ենք այն մասին, որ այսօր ընդդիմության բևեռում լուրջ , էական փոփոխությունների անհրաժեշտություն և գործընթացների որոշակի տարրեր ենք տեսնում:

Այդ իմաստով, իհարկե, հետաքրքիր պրոցեսներ են ընթանում: 5-6 հոգանոց, ինչպես Հայաստանում ընդունված է ասել՝ մեկ երթուղայինի սրահի տարողության անդամներ ունեցող կուսակցություններ իրենց խորհրդարանական խմբակցությունների գործունեության ընթացքում ունենում են այնպիսի խնդիրներ ու զարգացումներ, որ պարզապես ապշել կարելի է:

Չէ որ կողքին կան 40 հոգանոց այլընտրանք  կամ 70 հոգանոց իշխանություն ներկայացնող խմբակցություններ, և պատկերացնու?մ եք, եթե հանկարծ իրենց ֆրակցիաները թվով ավելի մեծ լինեին, ինչ մասշտաբի խնդիրներ կունենային: Մի ֆրակցիայում տեղի ունեցած և շարունակվող երևույթները՝ ընդամենը 6 հոգի են և չեն կարողանում պայմանավորվել չորս-հինգ պաշտոն միմյանց մեջ բաժանելու հարցում:

Նույն գործելաոճը առկա է նաև մյուս ֆրակցիայում՝ բաժան-բաժան, առանձին-առանձին, յուրաքանչյուրն իր անհատական դիրքորոշմամբ: Այսինքն՝ պարզ երևում է, որ քաղաքական ընդհանուր դիրքորոշում չկա: Եվ այսօր, այս գործընթացները, որոնք տարվում են  այս 4 ուժերի միավորման թեմայի շուրջ, որոշակիորեն հույս են ներշնչում, որ թեկուզ, հիմնվելով սոցիալական խնդիրների վրա,թեկուզ չունենալով քաղաքական դիրքորոշում, ծրագիր և հենք, բայց հնարավոր կլինի քաղաքական միասնականության գործընթաց ծավալել և հանդես գալ քաղաքական ընդհանուր դիրքորոշմամբ:

Միակ ցանկալի հետևանքը պետք է որ սա լինի, թեկուզ հավանականություն չկա: Այդ իմաստով մենք, իհարկե, ողջունում ենք և մեզանում չկա վախի կամ անհանգստության վերաբերմունք, ընդհակառակը՝ մենք որպես իշխանություն, ծառայում ենք մեր պետությունը հզորացնելու գաղափարին և համարում ենք, որ ուժեղ ընդդիմությունը այստեղ նույնպես անելիքներ ունի:

 

Ըստ Ձեզ՝ ինչու խոսեց  2-րդ նախագահը, ինչո՞վ էր պայմանավորված նրա միջամտությունը.

-Որևէ սենսացիայի կամ զարմանալու, ինչպես նաև ապագա քաղաքական հեռանկարների առիթ չեմ տեսնում այն հանգամանքի մեջ, որ երկրի 2-րդ նախագահը արտահայտվում է այս կամ այն հարցի շուրջ, որովհետև, նախ՝ նա գնալուց առաջ լռելու երդում չի տվել, ոչ էլ իրավունքների կասեցման հանգամանք ունի, երկրորդը՝ բնական է, որ  երկրի բոլոր խնդիրներն էլ նրան հետաքրքրում և մտահոգում են՝ թե՛ որպես նախկին նախագահի,  թե որպես մարդու և քաղաքացու, այդ թվում նաև՝ որպես երկրի տնտեսական, բիզնես դաշտում բավական լուրջ գործառույթներ իրականացնող և հետաքրքրություններ ունեցող անձի: Այնպես որ, այս ամենում ցանկացած գնով մեծ սենսացիա փնտրելու աժիոտաժը, կարծում եմ, ընդամենը մամուլի մեկնաբանությունն է, որը հատկապես շահագրգիռ է չեղած տեղից ինչ-որ բան մոգոնելու մեջ:  

    Երկրում միշտ կան կնճռոտ, խնդրահարույց  հարցեր, և այստեղ կարևոր է մեկ առանձնահատկություն՝ Հայաստանը այն երկիրն է, որի բոլոր խնդիրները և դրանց լուծումները, թե ներքին և թե արտաքին քաղաքականությանն առնչվող,  երբեք շոկոլադի մեջ թաթախված չեն եղել և չեն էլ լինելու: Ֆունդամենտալ հարցերի լուծումները միշտ կախված  են լինելու և՛ քաղաքական կամքից , և ռիսկայնության գործոնից, և որևէ մեկը, կարծում եմ, չպետք է մտածի, որ մեզ համար թե՛ երկրի ներսում և թե՛ դրսում  երբևիցե ստեղծված են լինելու այնպիսի բարենպաստ պայմաններ, որ մեր հարցերի լուծումը  100 տոկոսանոց  երաշխավորված է: Ցավոք, դա այդպես չէ, յուրաքանչյուր հարց պայքարի ճանապարհով է լուծվում:

  Կենսաթոշակային համակարգին  առնչվող հարցի շուրջ բազմիցս է հնչել, որ կարող է լինել երկու մոտեցում և  երկուսն էլ` ռիսկային: Այնպես չէ, որ մեկն իդեալական է, անթերի, իսկ մյուսը՝ ոչ: Այսինքն՝ բոլոր համակարգերն էլ ունեն իրենց մեջ և՛ դրական, և՛ բացասական կողմերը: Միայն ժամանակի ընթացքում տարբեր երկրներ, իրենց առանձնահատկություններից և առաջնահերթություններից  ելնելով, ընտրում են այս կամ այն համակարգը:

Մենք այսօր եկել, հասել ենք այն իրավիճակին, երբ տեսնում ենք, որ սերունդների համերաշխության վրա հիմնված համակարգը, որն ավանդաբար մեր երկրում գործել է, արդեն հանգեցնում է բավական լուրջ և ծանր խնդիրների, և այդ պատճառով պետք է մտածել այլ լուծումներ փնտրելու ուղղությամբ: Այսինքն՝ երբ մենք խոսում ենք կուտակային համակարգի անհրաժեշտության մասին, մենք դա ասում ենք ոչ թե, որ այդպես մեզ դուր է գալիս կամ ինչ-որ մեկի շահերից է բխում, այլ այն պատճառով, որ այս համակարգը արդեն ինչ-որ իմաստով իրեն սպառել է և չի ապահովում խնդիրների համակարգային լուծում: Այդ նույն երևույթը կա եվրոպական տարբեր երկրներում, որտեղ այսօր կենսաթոշակային խնդիրների հետագա զարգացման շուրջ բազմաթիվ բանավեճեր են ընթանում, և այդ երկրները իրենց կոնկրետ իրականությունից ելնելով՝ փորձում են խնդիրներին լուծում տալ:

Բնական է, որ առաջարկվող այս համակարգը նույնպես իդեալական չէ, ունի և՛ իր լավ և՛ վատ կողմերը: Այո, որոշ ոլորտների կամ խավերի ինչ-որ խմբեր, մանավանդ առաջին փուլում, գուցե տուժեն այս բարեփոխումից, բայց այս ամենը նախկին և ներկա համակարգերի  համեմատության և համալիրի մեջ պետք է դիտարկել: Այնպես չէ, որ ռեֆորմի հեղինակները կամ նախաձեռնողները չեն տեսնում համակարգի գործարկումից որոշ խավերին պատճառվող վնասի չափը, բայց այս ամենը երկարաժամկետ քննարկում է անցել՝ կոմպլեքսի մեջ, այսինքն՝ համալիր մոտեցում է ցուցաբերվել, որի արդյունքում , մեր կողմից, գոնե, փաստվում է, որ անցնելով այս համակարգին՝ ավելի դրական իրավիճակ ենք ստեղծելու:

 Իրականում այստեղ խնդիրը ոչ թե համակարգերի մեջ է՝ թե որն է լավ, որը վատ, այլ՝ կոնկրետ իրականության մեջ կիրառվող համակարգի արդյունավետ իրագործման քաղաքական կամքի մեջ է:

 Այսօրվա իշխանությունը, հանձին Հանրապետական կուսակցության, ասում է` մենք այն քաղաքական թիմն ենք, և այն իշխանությունն ենք, որը, տեսնելով ու գնահատելով  բոլոր դրական և բացասական կողմերը, ստանձնում է պատասխանատվություն՝ իրականացնելու այս բարեփոխումը: Թիմը միասնական է, ամուր կանգնած է իր ղեկավարի կողքին, մոտեցումները` սկզբունքային են, կառավարությունը պաշտպանված է ամուր հենարանով և նման երևույթներով այս թիմը պառակտել կամ թուլացնել հնարավոր չէ: Սա է ամբողջը:

    Ինչ վերաբերում է 2-րդ նախագահի անդրադարձին, ապա պետք է նշեմ, որ նախագահների անդրադարձները երկրին առնչվող էական գործընթացներին առհասարակ հետաքրքրական են, որովհետև պետական կառավարման հսկայական կենսափորձ, տարբեր երկրներում շփումների և այդ շփումներից ստացած տարբեր տեղեկատվության և գիտելիքների ընդգրկուն պաշար կա կուտակված, և շատ ափսոս է, որ այն չօգտագործվի:

Հատկապես կարևոր է, որ այդ ռեսուրսը ներդրվի երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող և հիմնարար խնդիրների լուծման ժամանակ  / պատահական չէ, որ քաղաքակիրթ աշխարհում ընդունված է, երբ նման պաշտոնյաները դառնում են լուրջ ռազմավարական հետազոտությունների խորհրդատուներ կամ խորհրդականներ/,  այդ բովանդակալից խոսքը հնչի այդ խնդիրների շրջանակներում, իսկ մեր երկիրը նման խնդիրներ այսօր շատ ունի՝ և՛ Մաքսային Միություն մտնելու հետ կապված , և’ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ և շատ այլ հարցերում լավագույն լուծումներ գտնելու անհրաժեշտություն կա: Կարծում եմ, երևույթին պետք է մոտենալ այս դիտակետից:

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ