26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Պատերազմի շանտաժի տակ՝ Սերժ Սարգսյանի ինտենսիվ հաշվարկը. Ժամանակ

Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, թե ԱՄՆ զինուժի հրամանատարները երևի օսմանյան ապտակ չեն տեսել: Էրդողանը այդ մասին հայտարարել է ի պատասխան զգուշացման, որ թուրքական զորքերը Սիրիայի տարածքում քրդական Մինբիջ մտնելու դեպքում կստանան պատասխան հարված:

Ամերիկա-թուրքական հարաբերությունը հասել է լարվածության գագաթնակետին, և դա խոստովանում են նաև երկու երկրների դիվանագետները: Թուրքիայի արտգործնախարարը հայտարարում է անգամ, որ այդ հարաբերությունը կա՛մ կսկսի կարգավորվել, կա՛մ կփչանա վերջնականապես: Նախապատրաստվում է ԱՄՆ պետքարտուղար Թիլերսոնի այցը Թուրքիա: Ահա այդ այցից առաջ Էրդողանը անում է «օսմանյան ապտակի» մասին հայտարարությունը՝ ասելով, որ պետքարտուղարը կգա, և նրա հետ էլ կխոսեն:

Էրդողանը փաստորեն բացահայտ կերպով ազդարարում է իրեն Օսմանյան քաղաքականության շարունակող, ինչն արդեն ոչ միայն ամերիկա-թուրքական հարաբերության կամ լոկ սիրիական խնդրի, այլև լայն ռեգիոնալ նշանակության հարց է, այդ թվում՝ Կովկասին ու Հայաստանին առնչվող: Եվ ոչ միայն Հայաստանին, այլ նաև հարևան Վրաստանին: Մինչև ուր կհանդգնի Էրդողանը՝ բավականին բարդ է կանխատեսել, սակայն ակնհայտ է, որ Հայաստանին անհրաժեշտ է պատկերացնել ամենավատ սցենարները:

Միևնույն ժամանակ, այստեղ, իհարկե, խնդիրը խուճապի մատնվելու մեջ չէ, և ըստ այդմ՝ պետք է ունենալ ոչ միայն պաշտպանական, այլ նաև հնարավորությունների սցենարներ: Անկասկած է, որ Թուրքիայի հանդեպ կիրառվող գործիքակազմում է նաև հայկական հարցը, և Ֆրանսիայի նախագահ Մակրոնն, օրինակ, այդ մասին հայտարարել է բաց տեքստով: Ուզի Հայաստանը, թե ոչ՝ այդ հարցը թերևս օգտագործվելու է, և ըստ այդմ՝ Հայաստանի խնդիրն է մտածել հնարավորինս էֆեկտ ստանալու մասին:

Միևնույն ժամանակ, Թուրքիայի սիրիական ռազմարշավը Հայաստանի համար հրատապ խնդիրներ է առաջ բերում արցախյան ուղղության վրա Ադրբեջանի պահվածքի մասով, քանի որ Անկարան կարող է ի պատասխան հայկական հարցի՝ փորձել օգտագործել, այսպես ասած, ադրբեջանական հարցը՝ հայերի, ըստ այդմ՝ ռեգիոնալ կայունության, և ըստ այդմ՝ Մինսկի խմբի դեմ: Ադրբեջանում նախագահական ընտրությունների սլաքը վեց ամսով առաջ տալու Ալիևի քայլը առավել է խճճել իրավիճակն ու ռիսկերը այդ հարցում: Նկատելի է, որ Բաքուն փորձում է օգտվել այդ իրավիճակից և բարձրաձայնել պատերազմի շանտաժի մասին՝ պահանջելով «ինտենսիվ բանակցություններ»:

Երևանը գործնականում դեռևս սկզբունքային արձագանք չի տվել Հայաստանում և Ադրբեջանում «նախագահական ընտրություններից հետո» ինտենսիվ բանակցելու ադրբեջանական ակնկալիքին, որ համանախագահների հետ հանդիպումից հետո հնչեցրել էր Բաքուն: Ինչն է այդ արձագանքի բացակայության պատճառը՝ սպասումը հայ-թուրքակա՞ն ուղղությամբ որևէ զարգացման, որի շրջանակում կարող է լինել արձանագրությունները չեղարկելու մասին Սերժ Սարգսյանի՝ դեռևս նախորդ տարի սեպտեմբերից արված հայտարարությունը, թե՞ Երևանը դեռևս չունի վերջնական որոշում ապրիլի վերաբերյալ, թե ինչպիսի դասավորություն է լինելու իշխանության մեջ, և, ըստ այդմ, ինչպիսի մարտավարություն կարող է լինել Ղարաբաղյան խնդրում:

Չի բացառվում, որ ներկայումս Հայաստանը գտնվում է հաշվարկների ինտենսիվ փուլում՝ հասկանալու համար մի կողմից՝ ամերիկա-թուրքական հարաբերության հետագա վեկտորը, մյուս կողմից՝ դրա այս կամ այն տարբերակի դեպքում Հայաստանի համար անվտանգության մարտահրավերների հարցում բերած սպառնալիքները, որոնք կթելադրեն ապրիլյան լուծումների հարցում վերջնական որոշումները:

Այդ ֆոնին հատկանշական է ռեգիոնալ շահագրգռության մյուս ուժի՝ Իրանի դեսպանի՝ նախօրեին Երևանում արած հայտարարությունները, որոնք մի կողմից՝ կրելով դիտողության տոնայնություն, մյուս կողմից՝ նաև պարունակում էին Հայաստանի թիկունքում Իրանի կայուն առկայության մեսիջներ՝ թողնելով Հայաստանին ոգի տալու տրամադրություն:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ