Ապրիլ-մայիսին կսրվի, լրջանալ է պետք. Ժամանակ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հերթական զառանցանքն է դուրս տվել Հայաստանի մասին՝ հայտարարելով, թե «Իրեւանի խանությունը», Զանգեզուրը ադրբեջանցիների «պատմական հողերն են», եւ իրենք պարտավոր են մի օր վերադառնալ Երեւան: Ալիեւն այս խոսքերն ասել է փետրվարի 8-ին՝ իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության համագումարի ժամանակ, ավելացնելով, թե «պատմական տարածքներ» վերադառնալն իրենց քաղաքական եւ ռազմավարական նպատակն է:
Իհարկե, առաջին անգամ չէ, որ Բաքվի բռնապետը նման մտքեր է արտահայտում: Բոլոր դեպքերում Հայաստանում արդեն բազմաթիվ արձագանքներ են եղել այս հայտարարությանը քաղաքական եւ այլ մակարդակներում: ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը «Թվիթերի» իր միկրոբլոգում գրել է, որ «Ադրբեջանի գերագույն «ճնշողը» սկսել է նախընտրական քարոզարշավը»:
Իհարկե, շատերը հեգնանքով են մոտենում Ալիեւի անհեթեթ մտքերին՝ ասելով, որ դրանք պարզապես խոսքեր են՝ ուղղված Ադրբեջանի ներքին լսարանին՝ ընտրություններից առաջ հավելյալ ընտրական միավորներ շահելու նպատակով: «Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ-ի ղեկավար, ՀՀ Աժ նախկին պատգամավոր Լարիսա Ալավերդյանը կոչ է անում ավելի լուրջ վերաբերվել նման հայտարարություններին՝ ասելով, որ սրանք զուտ խոսքեր չեն, որոնք Ալիեւը թռցրել է իր շուրթերից: Սա հստակ ռազմավարության արտահայտումն է:
«Նախ, հիշեցնեմ, որ իմ մոտեցումը նույնն է, ինչ եղել է 1988թ. սկսած: Ադրբեջանում տեղի ունեցող դեպքերը պատահական չեն: Սա ցույց է տալիս, որ արդեն իսկ խորհրդային Ադրբեջանում կային այնպիսի խմբեր, որոնք ուզում են ավարտին հասցնել 20-րդ դարի սկզբին սկսված ցեղասպանությունը: Ցավոք սրտի, Հայաստանում ոչ միայն իշխանության շերտերում, այլեւ ժողովրդի մեջ այդ իմացությունը պակասում է: Ավելին՝ կան այնպիսի խմբեր, որոնք տարիներ շարունակ ասում են, թե սա Արցախի հարց է, եւ եթե Արցախի հարցը լուծվի հօգուտ Ադրբեջանի, ապա ամեն ինչ լավ կլինի, եւ մենք կսկսենք ապրել խաղաղ եւ բարեկեցիկ կյանքով:
Կարծում եմ, որ Ադրբեջանի ղեկավարի հայտարարությունները ոչ միայն Ադրբեջանի ներքին լսարանի համար են, այլնախեւառաջ հայաստանյան հասարակության համար, որ վերջապես բոլորս հասկանանք՝ Ադրբեջանը պահում է իրեն ճիշտ այնպես, ինչպես «Իսլամական պետությունը»: Նա ռազմավարական խնդիր է դրել եւ իրականացնում է տարբեր ձեւերով: Արդյոք դա զուտ նախընտրականս հայտարարություն է՝ ուղղված հասարակության ներքին լսարանին: Ոչ»,- թերթի հետ զրույցում մեկնաբանեց փորձագետը՝ ավելացնելով, որ Ադրբեջանի վերնախավը հայտնվել է մի հետաքրքիր իրավիճակում, երբ մի կողմից նմանակում է Թուրքիայի ներկայիս քաղաքականությանը, մյուս կողմից՝ կարծում է, թե ճիշտ ժամանակն է աշխարհաքաղաքական այս քաոսի իրավիճակում լուծել այն խնդիրը, որը դեռեւս 1918թ. իր առջեւ դրել էր Ադրբեջանի դեմոկրատական հանրապետությունը, որի ստեղծման 100-ամյակը նշվելու է այս տարի:
«Պետք չէ թերագնահատել Ադրբեջանում առկա միֆոլոգիական մտածելակերպը, եւ չի բացառվում, որ 2016թ. ապրիլին տեղի ունեցածը ոչ թե հետախուզություն էր, այլ իրական փորձ՝ նախեւառաջ լուծել Արցախի խնդիրը ուժային ճանապարհով, հետո անցնել մնացածին: Այսօր մենք պետք է հստակեցնենք, որ եւ’ ապրիլին, եւ’ մայիսին կարող է բավական անհանգիստ իրավիճակ ստեղծվել Ադրբեջանի քաղաքական ուժերի կողմից: Ինչու եմ ասում, որ սա միայն ներքին լսարանի համար չէ: Սա այն արհամարհանքն է, որը Ադրբեջանը արտահայտում է Եվրոպայի եւ ընդհանրապես Արեւմուտքի ու միջազգային հանրության նկատմամբ:
Պետք չէ մտածել, թե սրանք զուտ խոսքեր են կամ ուղղակի թռցրել է շուրթերից: Ամենեւին: Դուք տեսել եք իր խոսքերի մեջ, որ դրա վրա աշխատել են տասնյակ տարիներ շարունակ, այսօր՝ Ադրբեջանի չճանաչված դեմոկրատական հանրապետության 100-ամյակի նախօրեին, Իլհամ Ալիեւն ուզում է դառնալ ազգային հերոս»: Լարիսա Ալավերդյանի կարծիքով՝ սա բավական լուրջ առիթ է, որ Հայաստանը ոչ թե արհամարհի նման հայտարարությունները, այլ անմիջապես կազմի փաթեթներ, որ Ադրբեջանն իրականացնում է ինչպես ուժային գործողություններ, այնպես էլ կիրառում է ուժի սպառնալիք:
«Համոզված եմ, որ դա պետք է դառնա թիվ մեկ խնդիրը Հայաստանի համար՝ նկատի ունենալով, որ դա ոչ թե զուտ հայերի փրկության համար է, այլ տարածաշրջանում իրապես կայուն խաղաղության հաստատման»:
Լարիսա Ալավերդյանը նույնիսկ ավելորդ է համարում այն հարցը, թե Հայաստանի ղեկավարությունը պե՞տք է արդյոք հանդիպի նման գործչի հետ, որն այսպիսի հայտարարություններ է անում Հայաստանի մասին: Նրա խոսքով՝ Ադրբեջանը դեռ 2016թ. ապրիլին Լեռնային Ղարաբաղում իրականացրած վայրագություններով իրեն դրել է քաղաքակրթությունից դուրս՝ չենթարկվելով պատասխանատվության, եւ նման պետության հետ ոչ թե բանակցելը, այլ հանդիպելը նույնիսկ սխալ է:
Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: