Ալիեւն ազատեց իր ձեռքերը Ղարաբաղի հարցում. Ժամանակ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հույս ուներ, որ մինչեւ հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրությունները ինչ-որ արդյունքի կհասնի Ղարաբաղի հարցում, կկարողանա մեկ-երկու շրջան «պոկել» Հայաստանից բանակցությունների միջոցով եւ այդ հայրենասիրական ալիքի վրա կկառուցի իր ընտրարշավը, բայց հիմա արդեն բանակցությունների ընթացքից պարզ է, որ դա հնարավոր չէ: Եվ այս իրավիճակում Ալիեւը որոշել է տեղափոխել ընտրությունների օրը հոկտեմբերից ապրիլ՝ նախ, Ռուսաստանի հնարավոր միջամտությունից ապահովագրվելու եւ եվրոպացիների քննադատությունից խուսափելու, մյուս կողմից էլ՝ արձակել իր ձեռքերը Ղարաբաղի հարցում, կախված չլինի ղարաբաղյան գործոնից: «Ժամանակ»-ի հետ հարցազրույցում նման տեսակետ հայտնեց Մերձավոր Արեւելքի եւ Կովկասի հարցերի փորձագետ Ստանիսլավ Տարասովը:
Նշվում են մի շարք ներքին եւ արտաքին պատճառներ, թե ինչու է Ադրբեջանի նախագահը որոշել հոկտեմբերի 17-ի փոխարեն արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնել ապրիլի 11-ին: Որքանո՞վ է այս քայլը կապված Հայաստանի ներքին իրադրության, ղարաբաղյան հակամարտության եւ բանակցային գործընթացի հետ: Գուցե Ալիեւը գոհ չէ ղարաբաղյան հարցի շուրջ բանակցությունների ընթացքից, այդ պատճառով նա որոշել է ազատե՞լ իր ձեռքերը ամառային սեզոնից առաջ:
Այո, ես համաձայն եմ այդ իմաստով, որովհետեւ նախագահական ընտրությունների ամսաթվի տեղափոխումը հոկտեմբերից ապրիլ ներքին ու արտաքին բազմաթիվ պատճառներ ունի, եւ դրանցից մեկը, իհարկե, Ղարաբաղյան հակամարտությունն է: Հայաստանում իրականացվում է անցում կառավարման նոր համակարգի, երկիրն ունենալու է նոր նախագահ եւ նոր վարչապետ: Ադրբեջանը մտնում է նախընտրական շրջան, եւ այս իրավիճակում Ալիեւը երկու ելք ունի: Նրա ղարաբաղյան քաղաքականությունն արդյունավետ չէ, նա որեւէ արդյունքի չհասավ, եւ բնականաբար ուժեղանում է ընդդիմությունը: Նա հույս ուներ, որ մինչեւ հոկտեմբեր կարող էր հասնել ինչ-որ հաղթանակների ղարաբաղյան հարցում:
Պարտադիր չէ, որ դրանք լինեին ռազմական հաղթանակներ: Կարող էր լինել նաեւ դիվանագիտական հաղթանակ: Ալիեւը հույս ուներ, որ մեկ-երկու շրջան կազատեն, եւ ինքն ընտրություններին կգնա այդ հայրենասիրական պոռթկման վրա: Հիմա արդեն պարզ է, որ դա տեղի չի ունենա, քանի որ իրադրությունը փոխվում է: Սա է պատճառներից մեկը, թե ինչու է նա որոշել արտահերթ ընտրություններ անցկացնել: Այս քայլով նա, այսպես ասած, սառեցնում է իրավիճակը Ղարաբաղի հարցում:
Երկրորդ պատճառը եւս շատ լուրջ է: Մարտի 18-ին Ռուսաստանում տեղի են ունենալու նախագահական ընտրություններ, իսկ նախագահի երդմնակալությունը տեղի կունենա մայիսին, այսինքն՝ Ռուսաստանի նախագահը մարտից մինչեւ մայիս լինելու է «իրավական դաշտից» դուրս, եւ այս իրավիճակում նա չի կարող ազդել Ադրբեջանի նախագահական ընտրարշավի վրա: Ըստ երեւույթին, Բաքվում վախենում են, որ Ռուսաստանը կմիջամտի նախընտրական քարոզարշավին Ադրբեջանում: Պատճառն այն է, որ նախորդ ընտրություններն աչքի ընկան սկանդալով: Ամերիկացիները մեղադրեցին Ադրբեջանի իշխանություններին կոպիտ խախտումների համար, եւ միայն Ռուսաստանը պաշտպանեց Ադրբեջանի ղեկավարությանը: Եվ հիմա, հաշվի առնելով իրավիճակը Մերձավոր Արեւելքում, Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները եւ այն, որ Բաքուն կարող է խաղարկել հակառուսական խաղաքարտ, իսկ Մոսկվան ի պատասխան կարող է փորձ անել ազդելու Ադրբեջանի նախագահական ընտրությունների վրա՝ հայտնելով իր դիրքորոշումը, Ալիեւը փորձում է ապահովագրել իրեն, դուրս գալ ռիսկային գոտուց, որպեսզի կախված չլինի ռուսաստանյան իրադարձություններից: Իսկ ռուսամետ տրամադրություններ Բաքվում, այնուամենայնիվ, կան:
Եվ կա եւս մի կարեւոր հանգամանք: Շատ մտահոգիչ են իրադարձությունները Թուրքիայում: Այնտեղ կարող են տեղի ունենալ էլ ավելի դրամատիկ իրադարձություններ, եւ Ադրբեջանի համար շատ դժվար կլինի հանդես գալ Թուրքիայի հետ դաշինքով: Այսօր փաստացի ձեւավորվել է Ռուսաստան-Թուրքիա-Իրան դաշինքը սիրիական հարցի շուրջ, եւ որոշ ադրբեջանցիների թվում է, թե Ադրբեջանը կարող է դրա վրա «տաքացնել իր ձեռքերը»: Եվ նրանք որոշել են ընտրություններ անցկացնել, քանի դեռ գոյություն ունի այս ստատուս-քվոն: Ամեն դեպքում պետք է արժանին մատուցել Ալիեւին: Նա որոշել է գործի դնել վերաապահովագրական մեխանիզմը: Առավել եւս, Ադրբեջանում շատ բարդ տնտեսական վիճակ է: Ըստ կանխատեսումների, նավթի գներն այժմ բավական բարձր են, բայց մինչեւ հոկտեմբեր կարող են ընկնել: Նա գրագետ է գործում: Օրինակ՝ վերցրեք Նազարբաեւին: Նազարբաեւի բոլոր ընտրություններն արտահերթ են եղել: Անշուշտ, որոշակի հաշվարկ կա: Ալի Հասանովը պատճառաբանում է ընտրությունների տեղափոխումը այն հանգամանքով, թե իբր դրանք համընկնում են ինչ-որ միջազգային միջոցառումների հետ: Դա, իհարկե, ոչ ոքի չի համոզում: Կան ներքին այլ պատճառներ, որոնց մասին մենք դեռեւս չգիտենք:
Ռուսական պարբերականները գրում են, թե այս քայլով Ադրբեջանի ղեկավարն ուզում է խուսափել եվրոպացի դիտորդների քննադատություններից:
Այո, դա եւս կարող է լինել պատճառներից մեկը: Ես ինքս գրել եմ այդ թեմայի մասին: Այո, կարող է լինել, որովհետեւ Եվրոպան կենտրոնացած է Ռուսաստանի ընտրությունների վրա, իսկ Ադրբեջանը փորձում է ծածկվել՝ թաքնվել Պուտինի թիկունքում: Ահա թե որն է խնդիրը: Թեեւ բոլորին էլ պարզ է, որ հաղթելու է Պուտինը, դրամատիկ իրադարձություններ չեն լինելու, այնուամենայնիվ նրանք հասկանում են, որ խաղարկվում է հակառուսական խաղաքարտ, ուշադրությունը կենտրոնացած է լինելու Ռուսաստանի վրա, եւ այդ ընթացքում Ադրբեջանի իրադարձությունները կհայտնվեն ստվերում: Բայց եթե Ադրբեջանը հոկտեմբերին միայնակ անցկացներ նախագահական ընտրություններ, բոլոր լուսարձակները կուղղվեին նրա վրա: Ալիեւը որոշեց խուսափել դրանից:
Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: