Համարձակ ու ճիշտ քայլ ՊԵԿ-ից
Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց լուծարել Պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի նախաբացթողումային հոսկողության վարչությունը: Վարչության գործառույթները կամրացվեն կոմիտեի աշխատակազմում գործող համապատասխան մաքսատուն-վարչություններին: «Ներկայացված առաջարկությունը հերթական կարևոր քայլերից մեկն է հանդիսանում ՀՀ մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման գործընթացը առավել հեշտացնելու ուղղությամբ»,-ասաց ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը:
Նման կերպ ՊԵԿ-ը ձերբազատվում է ապրանքների, դրանց ուղեկցող փաստաթղթերի կրկնակի զննության հնարավորությունից : «Պարո՛ն վարչապետ, համոզված ենք, որ այս առաջարկությունը էական դրական ազդեցություն է ունենալու գործարար միջավայրի վրա»,-նշեց Վ. Միրումյանը: «Պարո՛ն Միրումյան, ես էլ եմ համոզված, շատ համարձակ, ճիշտ քայլ է, մենք ցուցադրում ենք վստահություն բիզնեսին, մենք սահմանի վրա բիզնեսին տալիս ենք մաքսիմալ ազատ անցնելու հնարավորություն, մենք դրանով ցույց ենք տալիս, որ մեր ՊԵԿ-ը ուժ ունի և համապատասխան հսկողության մեխանիզմներ ունի, որպեսզի, եթե այն, ինչ որ պայմանավորվում ենք, խախտվի, հետագայում հայտնաբերվի, շատ լավ բան ա»,-ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը: