23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ամանորյա հեքիաթից մինչև Քրիստոսի հրաշագործություն՝ կանացի վրձնահարվածներով (ֆոտո)

Ընտանիքը մի մեծ գործվածք է, որի ամեն մի թելը իր գույն ունի, ամեն մի նախշը տարիների փորձի մանրակերտ դառնալով՝ փոխանցվում է ծնողից զավակին: Այն հյուսում են ընտանիքի ամեն մեկով, մեծ ու փոքրով, բայց այն հենքի թելը, որ ամրացնում կամ էլ պատառ-պատառ է անում ամեն մի հյուսվող թելի շարունակությունը՝ կինն է:

-Կինը օջախի շարժիչն է: Եթե ընտանիքում կա պրոբլեմ, անհաշտություն, խելացի, զիջող կին էղավ, էդ կոնֆլիկտը էդ պահին կհարթվի, բայց հետո ինչ-որ ինքը կուզի դրան կհասնի: Տղամարդը ինչքան էլ բարձրանա խելքով, կենցաղային խելք չունի, էդ բոլորը կինը պետք է հարթե, իսկ ընտանիքը հիմնականում կենցաղ է: Այ, էդ իմաստով կինը տան, ընտանիքի և’ նկարիչն է, և’ ճարտարապետն է, և նաև քանդողն է,-իր 7 տասնյակ տարիների փորձով է կիսվում ընտանիքի, ինչպես նաև ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, նկարչուհի Սուսաննա Մկրտչյանը:

                 Նրա աշխարհում կինն է իր բոլոր տեսակներով՝ երկու երեխաների մայր, պաշտոնյա, մանկավարժ, տնային տնտեսուհի, կարող-ձևող, փոփոխությունների նախադրամադրվածությամբ և, իհարկե, կանացի անսահման երևակայությամբ:

Այդ երևակայությունը խտացրել իր վրձնահարվածներում, որոնք մեկ հիշեցնում են Ալեքսանդրապոլի պատկերի արտացոլանքները, մեկ՝ հեռուներին նվեր ծաղիկներն ու արևոտ լուսամուտագոգերի հայացքները: Բայց այդ անսահման երևակայության աշխարհում դիտողը կամ թափանցում է դարերի խորքը ու զգում հնության հոտն ու շունչը, կամ էլ կարծես նկարները ծորում են շրջանակից դուրս:

– 7 տարի առաջ եմ սկսել այս տեխնիկայով աշխատել: Ես ինքս եմ հնարել այս տեխնիկան: Նկարից դուրս ստացված ռելիեֆ ամբողջությամբ թուղթ է: Ես բաժանորդագրված էի քաղաքի բոլոր թերթերին: Օգնում էի խմբագրություններին նաև: Այդ թերթերը հավաքվել էին արվեստանոցում: Սկսեցի փորձարկել, տարբեր սոսինձներով, հենքերով, աշխատանքի ընթացքում նոր բաներ էի գտնում: Ու ստացվեց քաղաքական, ժամանցային տարբեր լուրեր միավորելով՝ հազար գույների ու տարածությունների նատյուրմորտներ,-իր տեխնիկայի գաղտնիքի միայն մի մասով կիսվում նկարչուհին ու խոսքը հասնում է ամեն տարի նկարվող տան տոնական կենդանի «նատյուրմորտին»:

Ամեն տարի տան տոնական տեսքը տարբեր գույն ունի՝ հրակարմիր, խառը ներդաշնակությամբ, ոսկեգույն, արծաթագույն: Ինչպես միշտ, ոչ թե նորաձևության միտումներն են թելադրել, այլ սրտի պարտադրանքով ընտրել է կապույտ գույնը:

Մուգ կապույտ Ձմեռ Պապի գլխարկներով զարդարվել են աթոռները, բաց կապույտով բարձերն ու սպասքը: Ամեն օր մի նոր միտք է ծնվում ու տեղ գտնում տան մի անկյունում: Օրինակ, կապույտ այս ծառը, նախկին կյանքում կտրված ճյուղի մի մասն է եղել, որ զարդարվել է ոչ պիտանի ջահի ապակե հատիկներով, իսկ բաժակները լավագույն մոմակալներն են ցանկացած սեղանի: Բակը նույնպես զարդարում է, արկղերով զարդարանքները, սովորական լվացքի ամրակներն ու քորոցներ, ներկերի գունապնակը դարձնում է իր այս կտավի գործիքները:

 -Ամեն տարի հասարակ կտորներից պատրաստում եմ բարձեր, աթոռների հանդերձանք, ամեն տարի վարագույրները կփոխեմ, թանկարժեք չեն, իմաստ չկա թանկ գնելու, բայց կարևորը փոխվում է տան տեսքը տրամադրությունը: Ամեն տարի էնքան գույներով զարդ ու զարդարանք եմ գնում, սպասք, կտորներ, մոմեր, բայց հետո հասկանում եմ, որ շատ են, չեմ սիրում նաև ծանրաբեռնել,- ասում է տիկին Սուսաննա, ապա նաև սրտնեղում, որ հաճախ եղևնիները «խեղդում եմ» զարդարանքներով, ինչի հետևանքով կորչում է իմաստը՝ կենաց ծառի խորհուրդը: Թեև նկարչուհին կողմնակից է ավանդականի ու նորույթի միահյուսմանը:

-Ավանդույթը այն է, որ սեղան կբացենք ու հյուրերի կսպասենք: Նախկինում լոբին կամ մյուս հատիկավորները դրվել են սեղանին, որ գալիք տարին առատ լինի, չարազը առատության համար են դրել, անցնող տարվա բերքի սիմվոլն է: Իրենց ունեցածն են դրել, որը գարնանը սերմ կդառնա, հիմա դրանք դարձել են խորհրդանշական: Իսկ բլինչիկը, որը հայկական չէ, դարձել է ավանդույթ տոնական սեղանին,-նշում է Սուսաննա Մկրտչյանն ու անցյալի ու ապագայի իր նկարը ուրվագծում:

Նախորդ տարի նկարչուհին Մեծ Պահքի շրջանում 25 մանրանկարչական աշխատանքներ է կերտել: Ձեռքի աշխատանքների ու գործվածքների մի յուրօրինակ համատեղում, որը եղել է իր յուրօրինակ ծոմապահությունը Պահքի շրջանում: Այդ նկարները տեսնելու պատիվը վերապահված է եղել հարևան երկրի՝ Վրաստանի գեղարվեստի սիրահարներին: Մի թավշյա խաչվառ էլ ձեռագործ նախշազարդել է ու նվիրել Վրաստանի Սուրբ Էջմիածնի եկեղեցուն:

-Սուրբ Ծննդյան տոներին շարունակելու եմ շարքը: Քրիստոսի հրաշագործություններն եմ պատկերելու: Երբ կարդում ենք հրաշագործությունները, մեզ թվում է հեքիաթ է, բայց մեծ փիլիսոփայություն ու իմաստ կա թաքնված խորքում: Ուզում եմ հավատալ, որ պիտի հրաշք լինի, մեր երկիրը պետք է ծաղկի, որ մեր երկրում արժանվույն ապրենք, մեր երեխաներին կարողանանք տալ այն, ինչը մենք ենք ուզեցել ու չենք կարողացել նվիրել, մեր ընտանիքի անդամները մեր կողքին լինեն, ոչ թե շատ հեռու ափեր: Չգիտեմ, ինչպիսին կստացվի, ներշնչանքի ուժով ու հրաշագործության հավատով եմ նկարվելու,-խոսքը եզրափակում է ընտանիքի ճարտարապետ, Գյումրիի գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն, գեղեցիկով ապրող սովորական ու անսովոր կին՝ Սուսաննա Մկրտչյանը:

 

Անահիտ Հարությունյան

Vrastani cucadrutyunic1225550399_1586074894845170_8549087839887741006_narvestanocumIMG_4958

IMG_5000 IMG_4970 (1)

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ