27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Աշխարհը եւ Ամանորը շարքից. Ճապոնիա

 Ճապոնացի երեխաները Նոր տարին դիմավորում են նոր հագուստով։ Համարվում է, որ դա առողջություն ու հաջողություն կբերի։ Ամանորյա գիշերը ճապոնացի փոքրիկները բարձի տակ են դնում այն առագաստանավի նկարը, որով լողում են հեքիաթային յոթ հրաշագործները՝ երջանկության յոթ հովանավորները։ Սառցե պալատներն ու ամրոցները, հեքիաթային հերոսների ձնե վիթխարի արձանները Ամանորին զարդարում են Ճապոնիայի հյուսիսային քաղաքները։ 
  

Զանգի 108 ղողանջները ավետում են Ճապոնիայում Նոր տարվա գալուստը։ Ըստ հին հավատալիքի` յուրաքանչյուր ղողանջը “սպանում է” մարդկային արատներից մեկը։ Դրանք ընդամենը վեցն են` ագահություն, չարություն, թեթեւամտություն, հիմարություն, անվճռականություն եւ նախանձ, բայց յուրաքանչյուրն ունի 18 նրբերանգ. հենց դրանք վերացնելու համար էլ ղողանջում է ճապոնական զանգը։ 
  

Նոր տարվա առաջին վայրկյաններին պետք է ծիծաղել. դա հաջողություն կբերի։ Իսկ որպեսզի երջանկությունը մուտք գործի տուն, ճապոնացիները զարդարում են շքամուտքը բամբուկի, սոճու եւ սալորենու ճյուղերով։ Սոճին երկարակեցության խորհրդանիշն է, բամբուկը՝ հավատարմության, իսկ սալորենին՝ կենսուրախության։ 
  

Սեղանին դրվող ուտելիքը նույնպես խորհրդանշական է. երկար մակարոնները երկարակեցության նշան են, բրինձը՝ բարեկեցության, լոբին՝ առողջության։
  

Յուրաքանչյուր ընտանիքում պատրաստում են ամանորյա ուտեստ՝ մոտի. բրնձի ալյուրից թխած նկանակներ, բլիթներ, բուլկիներ։ Իսկ առավոտյան ճապոնացիները տնից ելնում են փողոց՝ արեւածագը դիմավորելու։ Առաջին ճառագայթների հետ նրանք շնորհավորում են իրար եւ նվերներ տալիս ։ Տներում տեղադրում են մոտիի գնդիկներով զարդարված ճյուղեր՝ մոտիբանա ամանորյա տոնածառ։
  

Ճապոնական Ձմեռ պապի անունը Սեգացուսան է՝ պարոն Նոր տարի։ Աղջնակների ամանորյա սիրելի զվարճանքը փետրագնդակ խաղալն է, իսկ տղաները տոնական օրերին ավանդական օդապարուկ են արձակում։ Ճապոնիայում ամանորյա պարագաների մեջ որպես երջանկության թալիսման մեծ պահանջարկ է վայելում փոցխը։ Յուրաքանչյուր ճապոնացի համարում է, որ ունենալ դա անհրաժեշտ է, որպեսզի Նոր տարվա ընթացքում կարողանաս փոցխով դեպի քեզ քաշել երջանկությունը։ Բամբուկե փոցխերը՝ կումադեները պատրաստում են 10 սանտիմետրից մինչեւ 1,5 մետր չափերի եւ զարդարում տարբեր պատկերներով ու թալիսմաններով։ 
  

Ընտանեկան երջանկություն պարգեւող տարվա աստվածությանը հաճոյանալու համար ճապոնացիները տան առջեւ կառուցում են ոչ մեծ դարպաս՝ բամբուկի երեք ձողերից, որոնց կապում են սոճու ճյուղեր։  

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ