«Այլապես այդ «ոչ լեգիտիմ» պիտակը կկպչի…»
«Լռությունը խախտելով` ուզում եմ անդրադառնալ երեկվա Ժուռնալիստների միության իրականում չկայացած համագումարին:1000 -ից ավելի անդամ ունեցող միության նախագահն, ասում են, որ ընտրվել է 57 ձայնով: Որևէ մեկը կարո՞ղ է ինձ բացատրել, թե ինչպես է դա հնարավոր: Անգամ Հայաստանում՝ ինչպես է դա հնարավոր: Հեռուստաէկրանի առջև նստած երեխան, որ տեսնում է որպես ընտրություն մատուցվող այդ մի խումբ մարդկանց իրարանցումը, ի՞նչ քաղաքացի պետք է դառնա: Եվ ընդհանրապես, այդպիսի համագումարից հետո ժուռնալիստները ի՞նչ իրավունք են ունենալու որևէ բան, որևէ քաղաքական գործչի քննադատելու, որևէ ընտրության խարդախության մասին խոսելու: Ես,իհարկե, ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ, որ եթե միությունը վերակենդանացնելու նպատակ կար, ապա ինչու չէր կարելի մի քանի ամիս ժամանակ հատկացնել և այո, թեկուզ <<սառեցված>> կամ չգործող միության 1000 և ավելի անդամներին հրավիրել համագումարի, ինչպես, լավ կամ վատ, անում են մյուս միությունները: Ես, և ամենայն հավանականությամբ շատ-շատերը կընտրեինք հենց Սաթիկին: Ինչու՞ չէր կարելի կիրթ համագումար կազմակերպել և ոչ թե այդպես վարկաբեկվել և խայտառակել մեզ բոլորիս: Ես ինքս այդ միության անդամ եմ բավական վաղուց և անկեղծ ասած հիմա ամաչում եմ դրա համար: Նրանք, ովքեր կարծում են, որ կեղծիքով և օրենքները խախտելով կարելի է լավ բան ստեղծել, գործը տեղից շարժել, սխալվում են: Ինչպես սկսում ես, այդպես էլ շարունակվում է: Իսկ այդպիսի ճանապարհը ոչ ոքի ձեռնտու չէ. և Սաթիկին նույնպես: Այնպես որ բոլոր լռողները լավագույն դեպքում նրան արջի ծառայություն են մատուցում, իսկ վատագույն դեպքում … Ամեն դեպքում, կարծում եմ ուշ չէ այդ խայտառակությունը համարել, որ տեղի չի ունեցել և նախապատրաստվել ու գարնանը իրական համագումար անցկացնել, ժուռնալիստին վայել համագումար: Այլապես այդ<< ոչ լեգիտիմ>> պիտակը կկպչի և կմնա միության ու նախագահի վրա»: