Ինչպես դիմավորել կապույտ ձիուն. խորհուրդներ ոճաբանից
Նորաձևությունը ՛՛ ՛՛fashion՛՛-ը կամ ՛՛мода՛՛-ն այն ոլորտն է, որին շատերս առնչվում ենք անընդհատ և ամենուր: Նորաձեւությունն էլ մեզանում քաղաքականության պես մի բան է՝ բոլորը խոսում են, դատողություններ անում ՝ անկախ նրանից հասկանում են գործից, թե ոչ:
Նորաձության սահմանման, համաշխարհային տենդենցների, ամանորյա նորաձևության և այլ հարցերի շուրջ զրուցեցինք ոճաբան Արամ Նիկոլյանի հետ:
-Հետաքրքիր է, թե, ըստ Ձեզ` ինչ է նորաձևությունը:
Իրականում, այն, ինչ ինձ համար է, դա իմ աշխարհն է: Իսկ ավելի լայն մասսաների համար նորաձևությունը այն է, ինչ պետք է և հետաքրքրում է գրեթե բոլորին: Չգիտեմ մի այնպիսի մարդու, ով չի սիրում հագնվել, լինել նորաոճ: Սրանով իսկ պայմանավորված է նորաձևության կարևոր դերը մեր կյանքում:
Ի՞նչ եք կարծում արդյոք հայաստանյան նորաձևությունը համապատասխանում է համաշխարհային տենդենցներին: Ինչպես են, այսօր մեր երիտասարդները հագնվում:
-Վերջին ժամանակներում գրագետ հագնվելու մեծ առաջընթաց եմ նկատում: Մի քանի տարի առաջվա համեմատպատկերը ամբողջովին այլ է: Դրանում մեծ է համացանցի և օր օրի ավելացող բրենդային խանութների դերը: Միշտ շատ ուշադիր նայում եմ մեր երիտասարդներին: Ասեմ, որ շատ է խոսվել երեկոյան զգեստով համալսարան գնալու մասին և այժմ այդ կերպ հագնվողներն իսկապես փոքր թիվ են կազմում:
Արդյո՞ք ճիշտ է ասված, որ նորաձևությունն անընդհատ կրկնվում է, օրինակ` այժմ կարող են նորաոճ համարվել մեր մայրիկների կամ տատիկների զգեստները:
-Թեմատիկ առումով դիզայներները հենց հնից են ոգեշնչվում: Բնականաբար, 60-ականներից սկսած ` նորաձևությունն, անընդհատ փոփոխվելով, թողնում է իր հետքը նորի վրա:
Եւ ամենակարեւորն այս պահին. կարծում եմ՝ բոլորին էլ հետաքրքիր է, թե ինչ հագուստով կամ առհասարակ ինչպես պետք է դիմավորել կապույտ ձիու տարին:
-Եթե անկեղծ, ես ամանորյա հագուստն ու զարդարանքը այնքան էլ չեմ կապում խորհրդանիշի հետ: Պարզապեսցանկացած պարագայում խորհուրդ եմ տալիս հագնվել տոնական, վառ և ուրախ: Նոր տարին շատ պայծառ տոն է:
-Իսկ ի՞նչպես, ինչ ոճով զարդարել տոնածառը:
Խորհուրդ կտամ ընտրել մի թեմա և հենց այդ թեմայի շրջանակներում զարդարել տոնածառը և առհասարակ ողջ բնակարանը:
Ես ամեն տարի հենց այդպես եմ անում: Մի տարի բնակարանս զարդարել էի ջրի թեմայով Մեկ ուրիշ տարի իսպանական մշակույթից ոգեշնչված` տոնածառի անունը դրել էինք ՛՛Կարմեն՛՛ և ողջ բնակարանը զարդարել այդ ոճով, հովհարներով, կարմիր ու սև գույներով: Նույնը խորհուրդ կտամ մեր հայրենակիցներին:
-Եթե Ձեզ վստահվեր զարդարել քաղաքի գլխավոր տոնածառը, ինչպե՞ս կզարդարեիք այն:
Հաստատ կփորձեի ստանալ շատ հետաքրքիր մի բան: Երևի, թեման կդարձնեի Երևանի հիմնական շենքերը,կպատրաստեի այդպիսի խաղալիքներ: Գույնն էլ կընտրեի վարդագույնը` մեր քաղաքը բնորոշող գույնը:
Իհարկե, սա ընդամենը մի վայրկյանում մտածեցի, իրականում, ավելի խորը կմտածեի և հաստատ շատ հետաքրքիր բան կստանայի:
Պատրաստեց՝ Մանե Ղարդյանը