«Ախր ասում էի՝ տղա ջան մի արա, չի ձգի, կմեռնի…». 5 երեխաների մայրը ամուսնուն է ուզում
«Դաժան կյանքով էինք ապրում, բայց գոնե ընտանիք էինք: Հինգ երեխա եմ լույս աշխարհ բերել: Վատ վիճակի պատճառով երկուսին ուղարկեցի Ռոստով՝ ծնողներիս մոտ: Մինչև այսօր երեխեքիցս խաբար չունեմ, ողբում եմ..,»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արմավիրի մարզի Գայի գյուղի բնակչուհի Մարինե Նահապետյանը:
36 ամյա կինը նշում է, որ ուրիշների տներում կատարում է ամենանվաստացուցիչ աշխատանքները, որ երեք անչափահաս երեխաների համար օրվա հաց վաստակի: Մարինե Նահապետյանը հայտնեց, որ օրերս կալանավորվել է ամուսինը՝ Արցախյան պատերազմի վետերան,հաշմանդամ Սմբատ Սարգսյանը: «57 տարեկան մարդ է, հիվանդ, կռված տղա է եղել ու ներվերը չի հերիքում: Տան մոտ կանեփի թփեր է ցանել ու մեկ-մեկ ծխում էր: 6 տարվա հոդված են դրել վրեն: Ախր ասում էի՝ տղա ջան մի արա:Ինքը չի ձգի, կմեռնի…»,-նշեց Մարինե Նահապետյանը:
Մարինե Նահապետյանը հայտնում է, որ երեք անչափահաս երեխաները գտնվում են գիշերպթիկ դպրոցում: «Շաբաթ ու կիրակի օրերին բերում եմ: Շոր չկա հագները խեղճ երեխեքիս: Բերում եմ ու մեր ցուրտ տան մեջ դողացնում են: Ապրի գյուղապետը ու բարի մարդիկ, որ գոնե հաց են բերում երեխեքիս»,-լաց եղավ Մարինեն:
Մարինե Նահապետյանը դիմում է պատկան մարմիններին.«Սմբոին բաց թողեք, թող տուն գա: Ինքը մենակ իրան ա վնաս տվել: Կմեռնի ու երեխեքս անտեր կմնան»: