22 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Ձեռք մեկնիր եղբորդ». 18-րդ բնակարանը

Գուգարաց թեմի առաջնորդ բարձրաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի նախաձեռնած «Ձեռք մեկնիր եղբորդ» հայրենաշեն ծրագրով բնակարանամուտ տոնեց ևս մեկ կարիքավոր, տնակաբնակ ընտանիք:

Սրբազան Հոր ձեռամբ Վանաձորի Սանկտ-Պետերբուրգ տնակային ավանի բնակիչ Սարգիս Օչինյանի բազմանդամ ընտանիքին հանձնվեց 18-րդ բնակարանը Կուրթան համայնքում: Սեփական տունը գնվել է «Հայրենիք միության» միջոցով՝ լոսանջելեսաբնակ ամուսիններ Ժիրայր և Էլիզ Շահնազների բարերարությամբ:

Տնակաբնակ այս ընտանիքը նախկինում բնակվել է Կուրթան գյուղում՝ Սարգիս Օչինյանի հայրական տանը, սակայն մեկ տան մեջ 3 և ավել ամուսնացած եղբայրներով անկարող էին բնակվել՝ հաշվի առնելով մանավանդ բազմազավակության հանգամանքը: Սարգիսի ընտանիքը ստիպված տեղափոխվեց Վանաձորի տնակային ավան: Վերջիններս տնակում բնակվում էին արդեն 10 տարուց ավելի: Սարգիսը և Սուսաննան ունեն 5 երեխա՝ 4 աղջիկ և 1 տղա:  Ամուսինները մասնագիտություն չունեն և տան կարիքները Սարգիսը հոգում էր բանվորական աշխատանքի դիմաց ստացած չնչին գումարով:  

            Ձեռամբ տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Մերուժան քահանա Սողոյանի՝ Օչինյանների նոր բնակարանում կատարվեց տնօրհնյաց կարգ, որի ավարտին Սրբազան Հայրը օրհնեց տան բոլոր անդամներին և տան փոքրիկ բնակիչներին հանձնեց բնակարանի սեփականության վկայականները, որն իր մեջ ներառում էր նաև տանը կից 4 կտոր վարելահողերն ու խոտհարքը:

            Ամուսինները շնորհակալ են և պատրաստակամ՝ զբաղվելու հողագործությամբ և այդ կերպ հոգալու իրենց կենցաղային հոգսերը:

            Սրբազան Հայրը շնորհավորեց ընտանիքի անդամներին և բոլոր ներկաներին, ինչպես նաև իր շնորհակալությունն ուղղեց բարերար ամուսիններին, ովքեր լինելով Հայաստանից դուրս՝ երբեք չեն մոռանում ձեռք մեկնել տնանկին և մշտապես բարի գործերով ծառայում են իրենց երկրին:

Սեպուհ Սրբազանը կոչ արեց Օչինյաններին, ինչպես նաև տնակներում բնակվող այլ ընտանիքների ևս՝ երբևէ չհրաժարվել գյուղում ապրելու հնարավորությունից, քանի որ գյուղում մարդիկ չեն փնտրում աշխատանք, այլ ստեղծում են իրենցը՝ անասնապահությամբ և հողագործությամբ… այնինչ քաղաքացու համար ավելի ծանր է հոգալ իր կարիքները գործազրկության հանգամանքի պատճառով: 

Օչինյանների բնակարանամուտը շնորհավորելու էին եկել Գյուլագարակ համայնքի ղեկավար Մհեր Գևորգյանը և Գյուլագարակ համայնքի մնացյալ վեց գյուղերի վարչական շրջանների ղեկավարները, ինչպես նաև դպրոցի տնօրեններ, ուսուցիչներ, համագյուղացիներ, «Ձեռք մեկնիր եղբորդ» ծրագրի հանձնախմբի անդամներ:

«Ձեռք մեկնիր եղբորդ» բարեգործական ծրագրով վերջերս ավարտվեց նաև 19-րդ բնակարանի շինարարությունը Վարդաբլուր համայնքի բնակիչ, տնակաբնակ Մասիս Պապոյանի ընտանիքի համար. այն ևս իրականացվեց Ժիրայր և Էլիզ Շահնազների ֆինանսական նվիրատվությամբ:  Սրբազան Հոր ընդառաջումով՝ Պապոյան ընտանիքը կարողացավ գրեթե ավարտին հասցնել տնակին կից կցակառույցը, որն էլ ապագայում կլինի իրենց սեփական տունը:

Ի ուրախություն բոլորիս՝ Սրբազան Հայրը հայտնեց նաև, որ մինչ Սուրբ Զատիկ՝ բնակարանամուտ կտոնեն ևս երկու տնակաբնակ ընտանիքներ:

 

Դիվան Գուգարաց թեմի

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ