Վտանգ ենք տեսնում, որ իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը կարող է նոր թափ ստանալ. քահանա
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը Երուսաղեմի կարգավիճակի վերաբերյալ մեծ անհանգստություն է առաջացրել թե միջազգային, թե կրոնական հանրության շրջանում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը։
Վերջինս նկատեց՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը մտահոգությամբ հետևում է Երուսաղեմի վերջին զարգացումներին:
Տեր Վահրամ քահանա Մելիքյանի խոսքով՝ միջազգային հանրության կողմից ամեն ջանք կգործադրվի հանուն խաղաղության, ինչպես նաև քրիստոնեական եկեղեցիների դարավոր իրավունքների հարգման ու անխաթար պահպանման համար:
«Վտանգ ենք տեսնում, որ իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը կարող է նոր թափ ստանալ: Բացի այդ, Երուսաղեմը շատ բարդ քաղաք է, և գիտեք, որ բազմաթիվ վիճակներ են եղել քաղաքի պատկանելության հետ կապված, ընդհուպ մինչև ժամանակին ՄԱԿ-ի որոշում կայացնելը, որով Երուսաղեմը չեզոք գոտի սահմանվեց»,-ասաց նա: Բացի այն, որ հակամարտության ակտիվացման խնդիր կա, Տեր Վահրամ քահանա Մելիքյանը նշեց, թե բազում խնդիրներ կան կալվածքների իրավունքների հետ կապված: Քրիստոնյաները, մահմեդականները, հրեաներն ունեն իրավունքներ իրենց կալվածքների հետ կապված: