Պիտի գա ժամը, երբ պիտի թողնես աշխարհն ու նրա ունեցվածքը
Գիտե՞ս, թե ինչից պետք է խուսափես։ Խուսափիր հետաքրքրություններից, հույսերից ու ցանկություններից, եթե իսկապես ուզում ես ձեռք բերել հոգու ազատագրում։
Իմ սիրելի եղբայր, թույլ տուր ավելի խորանալ սրտիդ մեջ։ Դու մեծ հույսեր ունես, որոնց մասին շա՜տ ես մտածում, ե որոնք զբաղեցնում են սրտիդ մի մասը։ Դրանք զբաղեցնում են քո երևակայությունը, և երբ մենակ ես լինում, անրջում ես դրանց մասին։ Ուզում ես շատ կարևոր մեկը լինել, որպեսզի մարդիկ քեզ ճանաչեն ու հարգեն։
Հույսեր ունես կապված հռչակի ու բարի համբավի, հեղինակության ու իշխանության հետ, հույսեր՝ կապված հարստության, հասարակական դիրքի, տիտղոսների, ապագայի հետ։ Ունես ցանկություններ՝ կապված բնակության վայրի, ուտելիքի, հագուստի և մարմնի տարբեր վայելքների հետ։ Դու չես, որ ապրում ես աշխարհում, այլ իրականում աշխարհն է ապրում քո մեջ և իշխում սրտիդ, մտքիդ, երևակայությանդ ու կամքիդ վրա։ Ինչ վերաբերում է հոգուդ, նա այս ամենի մեջ բանտարկված է,նա ցանկանում է ազատագրվել մարմնական ցանկություններից,քանի որ «մարմինը Հոգու հակառակն է ցանկանում» (Գաղ. 5.17)
Այս հույսերը և ցանկությունները քեզ թշվառ են դարձնում, որովհետև դրանցից ոչ բոլորը կարելի է ձեռք բերել։ Սա, իհարկե , դարձնում է քեզ դժգոհ։ Դու փափագում ես այս բաները, և այդ փափագը քեզ դժբախտեցնում է։
Մինչև ե՞րբ պիտի ապրես հույսերի բովում։ Այս աշխարհիկ ցանկությունների հետ կապված զարմանալին այն է, որ դրանք քեզ դժբախտեցնում են, նույնիսկ , երբ իրագործվում են։
Որովհետև, երբ ուզածդ ձեռք ես բերում, գոհ ես լինում, և այդ գոհությունն առաջնորդում է քեզ ավելին փնտրելու, ինչպես Տեր Հիսուս Քրիստոսն է ասում «Ով որ ջրից խմի,նորից կծարավի»(Հովհ. 4.13)։ Ուստի, իմ սիրելի եղբայր, ուզում եմ քեզ հետ հանգիստ քննել այս հարցը։ Ինփու՞ ես ամուր կառչում որոշ աշխարհային ցանկություններից, երբ գիտես, որ. «Թե այս աշխարհն է անցնում, թե ցանկությունը» (Հովհ. 2.17)։
Դու էլ ինձ պես պանդուխտ ես երկրի վրա, և պիտի գա ժամը, երբ պիտի թողնես աշխարհն ու նրա ունեցվածքը։ Ինչպես որ մերկ դուրս եկար մորդ որովայնից, այնպես մերկ էլ կվերադառնաս(Հոբ 1.21)։ Ինչ հեղինակություն, հարստություն , վայելքներ ձեռք բերած լինես այս աշխարհում , դրանք քո մահկանացու մարմինը չեն պաշտպանի քայքայումից։ Դատաստանի օրը Աստծու առջև երկրային ամեն ունեցվածքից զուրկ պիտի կանգնես։ Աշխարհից ոչինչ չես տանի,բացի գործերիցդ լինեն դրանք բարի կամ չար։
Շենուդա Գ Հայրապետ «Հոգու ազատագրումը»