25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Այս ամիսների ընթացքում այնքան բան կփոխվի. ՀՅԴ-ը կսատարի՞ Սերժ Սարգսյանին

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը Henaran.am-ի հետ զրույցում անդրադառնում է Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր կետերի կյանքի կոչելուն, սրա հետ կապված ներքաղաքական զարգացումներին, 2018 թվականի վարչապետի թեկնածուին:

Պարո՛ն Ռուստամյան, իհարկե, ստորագրվեց ՀՀ-ԵՄ շրջանակայի համաձայնագիրը, սակայն մի քանի պահանջներ, բնականաբար, դրվելու են Հայաստանի առաջ՝ ժողովրդավարության ձեռքբերում, կոռուպցիայի նվազում, մենաշնորհների, ստվերների կրճատում: Կա՞ արդյոք քաղաքական կամք՝ այս պահանջները կատարելու:

– Նախ ես կարծում եմ, որ այստեղ չիրացնելն արդեն նշանակում է կյանքի չկոչել Սահմանադրությունը, որովհետև մի զգալի մասով այս համաձայնագիրն արդյունք է այն բանի, որ ՀՀ-ն արդեն որդեգրել էր պարլամենտարիզմը երոպական չափանիշներին համապատասխան, և սրանով իսկ ավելացել էր ՀՀ ինքնուրույնությունը, որի մասին բազմիցս խոսել ենք, որովհետև մի հոգի չի իշխանությունը կենտրոնացնում, և մի հոգի չէ, որ ամբողջ մի երկիր ներկայացնում է, հիմա խորհրդարանն է, խորհրդարանը կոլեգիալ մարմին է, և, բնականաբար, ճնշումները՝ կապված ՀՀ-ի այս կամ այն քաղաքական գիծ ընտրելու հետ, չեն կարող իրականացնել այնպես, ինչպես նախկինում, որ կարող էին մեկ անձի նկատմամբ անել: Հենց սա նկատի ունենալով է, որ Եվրամիությունը գնացել է սրան, ինքն արդեն տեսնում է, որ Հայաստանում  հիմա կա սահմանադրական հիմք, ձևավորված են մեխանիզմներ:

Այն, ինչ կա համաձայնագրի մեջ, չի մնա թղթի վրա, առավել ևս որ հիմա խոսքը գնում է, որ այս պայմանագիրը չի մտնում հակասության մեջ Սահմանդրության հետ, քանի որ համընկավ Սահմանադրության կիրարկման փուլի հետ: Այս համաձայնագրում այն է, ինչը որ մենք եկող տարվա ապրիլից սկսած  այսպես, թե այնպես պետք է անենք, ուրեմն այստեղ գրել ու հետո չանելը կնշանակի չկատարել Սահմանադրությունը: Պարզ է, որ այս երաշխիքները մեր եվրոպացի գործընկերները տեսնում են, վստահ են, որ սա անշեղելի գործընթաց է, պարզապես այս գործընթացը պետք է դառնա ավելի խորքային, համապարփակ: Հիմա մեր որդեգրած սկզբունքների իրացման համար մի կողմ էլ է առաջացել՝ ԵՄ-ն՝ իր համապատասխան գործիքակազմով, հիմա իրենք են գնահատելու այս համաձայնագրի դրույթն իրականացվեց, թե ոչ: Վստահ եմ՝ շատ ավելի երաշխավորված է այն հանգմանքը, որ այն, ինչ ստորագրել են, չի մնա թղթի վրա:

-Լավ, այդ դեպքում ի՞նչ տեմպերի մասին է խոսքը գնում:

– Սրանք էլ պետք է ունենան տրամաբանական ժամկետներ, իսկ այդ տրամաբանական ժամկետները գնահատողը նորից լինելու են ԵՄ մեր գործընկերները:

Համաձայնագրի կյանքի կոչման հիմքում Դուք խորհրդարանական համակարգը դրեցիք, սակայն խորհրդարանում մեծամասնությունը ՀՀԿ-ն է, որը նաև շեշտում է, որ անգամ 2018 թվականից հետո, երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը վայր կդնի լիազորությունները, միևնույն է, իրենց որոշումների հիմքում լինելու է Սերժ Սարգսյաի դիրքորոշումը: Այս հայտարարությունների պարագայում ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր նշած բազմակարծությունը:

– Աշխարհում չկա մի դեպք, որտեղ մեծամասնությունը չորոշի, թե իշխանություն ով է լինելու, ինչպիսի ընթացք է լինելու:

ՀՀԿ-ն բայց շատ է կարևորում նախագահի դերակատարումը:

-ՀՀԿ-ն այդպես էլ պետք է կարևորի, բա իրենց լիդերն, իրենց առաջնորդն է, բա իրենք ո՞ւմ վրա պետք է իրենց ստավկան անեն, դա ակնհայտ է: Հարցն այստեղ այլ տեղ է, քանի որ նույն մեծամասնությունը, որը գոյություն ունի, նախորդ մեծամասնության նման կառավարվող մեծամասնություն չէ: Այս փոփոխությունն էլ մենք պետք է տեսնենք, այսինքն՝ նախորդ մածամասնությունն ամողջությամբ թելադրվում, ղեկավարվում էր նախագահականից, որովհետև այդ նույն մեծամասնությունը որևէ ձևով չէր կարող ազդել նախագահի վրա, քանի որ նախագահն ընտրվում էր 5 տարով, ոչ մեկի առաջ պատասխանատվություն չուներ: Իսկ հիմա, երբ վարչապետն է ընտրվում մեծամասնության կողմից, այդ մեծամասնության առաջ հաշվետու է վարչապետը: Հիմա իրավիճակի փոփոխություն է եղել՝ կապված նրա հետ, թե ով է ումից կախված, քանի որ այն ժամանակ մեծամասնությունը կախված էր նախագահից, իսկ հիմա վարչապետը կախված է մեծամասնությունից: Սա բերելու նրան, որ մեծամասնությունը որակապես փոխվելու է: 

Հիմա իշխանության ապակենտրոնացում կա, որ ասում են, թե Սերժ Սարգսյանն իր իշխանութունը հավերժացնում է, չեն հասկանում, որչ այդ իշխանությունը չկա, որ հավերժացվի: Հիմա Սերժ Սարգսյանը լինի, թե այլ անձ, միևնույն է, այլևս նման լիազորություններ չկան, հիմա իշխանությունն ապակենտրոնացվել է, կձևավորենք նաև դատական իշխանությունը, որն ամբողջությամբ անկախ կղեկավարի բարձրագույն դատական խորհրդի կողմից: Այժմ իշխանության հին ռեսուրսը չկա, ապակենտրոնացման, զսպման էլեմենտներ են առաջացել:

Կարո՞ղ ենք արձանագրել, որ ՀՀ-ԵՄ համաձայնագրի կետերի կյանքի կոչման համար այդքան էլ էական չէ, թե ով կլինի 2018 թվականի վարչապետը

-Կարծում եմ, որ առանցքային նշանակություն չունի, թե ով կլինի, որովհետև այն ծրագրերը, որ հաստատել ենք, անձով պայմանավորված չեն: 2017-2022 թթ-ներին կառավարությունն իր ծրագրերը պետք է իրականացնի, լուծումներ գտնելու առումով ուղղությունները հստակ են սահմանված, որը մեզ բավարարում է: Բայց այստեղ անձի հատկանիշները կարող են նաև նպաստել, որ ամեն ինչ կատարվի ավելի արագ, քանի որ այս կամ անձը կարող է արագացնել կամ դանդաղեցնել գործընթացը՝ կապված իր որակական հատկանիշներից: Այստեղ է խնդիրը, որ մենք նոր կառավարության ձևավորման ժամանակ հաշվի առնենք, որ լինի այն անձը, որ այս ամենը յուրացրել է, ընդունել է և հասկանա, որ մեծ տեմպեր են անհրաժեշտ, որ մարդիկ իրենց կենցաղում փոփոխություն տեսնեն: Ուղղությունը ճիշտ է, բայց տեմպերը գոհացուցիչ պետք է լինեն:

Ասացիք, որ պետք լինի անձ, որը տեղյակ է ամբողջ գործընթացից:  Նախագահ Սարգսյանի օրոք են եղել Ձեր ասած գործըթացները՝ փորձ արվեց ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիր կնքել, որը չկնքվեց, ՀՀ-ն անդամակցեց ԵՏՄ-ին, կատարվեց Սահամանդրական փոփոխություններ, կնքվել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագիրը: Նախագահ Սարգսյանը տիրապետում է ամբողջ գործիքակազմին, այսինքն՝ կարո՞ղ ենք ենթադրել, որ ՀՀԿ-ի՝ 2018 թվականի վարչապետի թեկնածուն կլինի Սերժ Սարգսյանը, իսկ Դաշնակցությունը կսատարի՞ այս թեկնածությունը, հատկապես որ վարչապետ Կարեն Կարապետյանը որակվում է որպես ռուսական կարդ:

– Նախ ասեմ, որ մենք նման գնահատականներ չունենք, մեզ համար գլխավոր գնահատականն այն հանձնառություններն են, որոնք միասին ունենք, և դրա կատարելու հետ կապված պատասխանատվությունն է մերը: Մարդը պետք է գիտակցի պատասխանատվությունը, որ մարդը պետք է ստանձնի, կատարի ու այդ ուղղությամբ ամենաարդունավետ քայլերը: Իսկ անձի հետ կապված մենք միշտ նույն բանն ենք ասել՝ մեր կոալիցիոն համաձայնագրով վարչապետի թեկնածու առաջադրելու տեղը ՀՀԿ-ին է: Քանի դեռ ՀՀԿ-ն որևէ առաջարկով հանդես չի եկել, իսկ այդ ժամանակ մենք մեր ասելիքը կունենանք, հիմա մենք չենք կարող խոսել, իսկ երբ հայտարարվի, կասենք: ՀՀԿ-ն պետք է առաջարկի այս կամ անձին, իսկ մենք քննարկենք ու հասկանանք, թե այս կամ այն աձն ընդունելի է, թե ոչ: Առաջարկությունը պետք է գա ՀՀԿ-ից, դրա համար մենք առաջ չենք ընկնում ու խոսում վարչապետի թեկանծուի մասին, դա էթիկապես էլ ճիշտ չի լինի:

Կո՞ղմ կլինեք Սերժ Սարգսյանի թեկնածությանը:

-Կառաջարկեն, կքննարկենք, այդ ժամանակ էլ կասենք: Հիմա օդի մեջ խոսելու իմաստը չեմ տեսնում:

Ուզում եք ասել, որ հիմա քննարկում չկա՞ հնարավոր թեկնածու հետ կապված:

– Որևէ քննարկում չկա, չկա այդ թեման: Սա դեռ հասունացած թեմա չէ:

Մի քանի ամիս է մնացել ընդամենը:

-Կարճ ժամանակ չէ, այս ամիսների ընթացքում այնքան բան կփոխվի: Ժամանակից առաջ ընկնել բացարձակապես պետք չէ:  Ընթացքում այնքան բան կփոխվի:

 

Հարցազրույցը վարեց Սերինե Գաբրիելյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ