Ո՞վ է քրիստոնյան իրականում. fatherarmen.com
Քրիստոնյան Պողոս Առաքյա՛լն է, որի աչքերը կուրացան ժամանակավորապես Իրական Լույսից և նա քրիստոնյաներ հալածողից դարձավ ընտրյալ քրիստոնյա:
Քրիստոնյան Պետրոս Առաքյա՛լն է, որը ընկավ փորձության մեջ`ուրանալով Տիրոջը և ողջ կյանքը դառնապես զղջալով, նվիրումով ծառայեց Աստծուն:
Թովմա՛սն էր Քրիստոնյա, որը երկմտեց, որովհետև մարդ էր, սակայն այնպես ամրացավ հավատքի մեջ, որ միանգամից գոչեց.«Տեր իմ և Աստված իմ»:
Բոլո՛ր Առաքյալներն են քրիստոնյա, որոնք Քրիստոսին ճանաչելուց և Նրա Սուրբ անունը կրելուց հետ կամավոր նահատակվեցին իրենց ներքին համոզման, զորեղ հավատքի, իրենց աչքի տեսածի ու լսածի համար:
Մեր օրերի քրիստոնյան նա է, որը`
Փնտրում է հավատով, Խնդրում է հույսով, Բախում է սիրով…
Քրիստոնյան երջանիկ է, որովհետև գնահատում է իր պատվավոր անունը.
Ուրախ է, որովհետև սիրտը անդադար զովացնում է Աստծո անմահական ջրով:
Խաղաղ է, որովհետև չի մոռանում, որ իր ապավենը և հույսը Տեր Աստվածն է:
Խոնարհ է, քանզի գիտե իր հողեղեն շինվածքի մասին ու չի մոռանում երբեք:
Ողորմած է, որովհետև առանց Տիրոջ ողորմության ինքը գոյություն չէր ունենա:
Քրիստոնյայի ոտքերը ամուր են երկրի վրա, որովհետև չի մոռանում իր դավանած «Հավատամքը» և այն պահում է իր սրտի գանձարանում և սիրով բարձրաձայնում, որտեղ որ հարկն է` փաստելով իր քրիստոնյա բարձր անունը:
Քրիստոնյան հարաժամ աղոթող է, որովհետև խնդրում է Աստծուց հավատով, բաժանում է այլոց սիրով և սպասում է պսակին` հույսով:
Քրիստոնյան միշտ արթուն է, որովհետև քաջատեղյակ է, որ Աստծու Ամենատես աչքի առջև է հանապազ խոսում, մտածում և գործում:
Քրիստոնյան Սուրբ Հաղորդության միջոցով մշտական կապի մեջ է Աստծո Որդու հետ, որովհետև գիտե իր առաքելության նպատակը այս աշխարհ գալու և հավիտենականություն ժառանգելու մասին:
Քրիստոնյան գիտակցաբար դիմանում է անարդարություններին, անօրենություններին, զրկանքներին, ի մտի ունենալով Արդարի, Ճշմարիտի, Լույսի հալածանքներն ու Խաչելությունը խավարասերների կողմից: Նա չի մոռանում Տիրոջ խոսքը` թե. «Ահա Ես ձեզ հետ եմ բոլոր օրերում` մինչև աշխարհի վախճանը»: Մատթ.28:20
Քրիստոնյան որպես Տիրոջ ներկայություն իր սրտում ունի Աստվածաշունչը: Քրիստոնյան հավատով է վերցնում իր բաժին լուծը և հույսով է տանում բեռը, որովհետև վստահ է, որ Տերը ցույց է տալու իրեն բեռը կրելու հեշտ ճանապարհը: Ոչ թե բեռից հրաժարվելու, այլ սիրով տանելու:
Քրիստոնյան նա վերջապես, որը իր փրկությունը տեսնում է Եկեղեցու ներսում, Եկեղեցու ներսի բացերը ծածկում է իր առաքինություններով, կրթվում է այնտեղ, և ջանում է այլոց համար լինել
վառված մոմ, որից կարող են բոլորը լուսավորվել:
Այս բաները չհիշող քրիստոնյան լինում է տխուր, բարկացկոտ, թերահավատ, սնոտիապաշտ, հպարտ, ծույլ և անհույս` ավա՛ղ, մկրտված լինելով հանդերձ:
Դառնանք Առաքյալների նման քրիստոնյաներ, մի բանով էլ մենք ուրախացնենք մեր Տիրոջը` Նրանից այսքան կատարյալ բարիքներ ստանալուց հետո: Քրիստոսասեր բարեկամ, անհնար ոչինչ չկա Աստծու համար` սրտանց կամենալու և ջանալու դեպքում: