Աղ լցրեց Էրդողանի եւ Ալիեւի վերքին. Ժամանակ
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Մեթյու Բրայզան «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղն ու միջազգային ահաբեկության դեմ պայքարը այն հարթակներն են, որտեղ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը գործակցում են: Բրայզան ասել է, որ Վրաստանի հարցում, օրինակ, ունեն էապես տարբերվող մոտեցումներ, իսկ ահա ղարաբաղյան խնդրում ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջեւ գործակցություն է:
Բրայզան Մինսկի խմբի թերեւս հակասական եւ ամենավառ ամերիկացի համանախագահներից էր, որին թե՛ հայերն էին մեղադրում այսպես ասած ադրբեջանամետ կամ թուրքամետ լինելու համար, թե՛ ադրբեջանցիներն էին մեղադրում հայամետ լինելու համար:
Հայկական կողմից մեղադրանքները առավել ուժգնացան, երբ նա ամուսնացավ թրքուհու հետ, իսկ հետո նաեւ դեսպան նշանակվեց Ադրբեջանում: Ավելին, ամերիկահայ լոբբին փորձեց խոչընդոտել Բրայզայի նշանակումը Կոնգրեսում եւ, կարծես թե, շոշափելի հաջողության հասավ այդ հարցում, երբ Բրայզան ի վերջո դեսպան նշանակվեց այսպես ասած նախագահական մանդատի միջոցով: Բրայզայի շուրջ այդ հակասականությունը ըստ էության վկայում է այն մասին, որ նա Մինսկի խմբի համանախագահի պաշտոնում իսկապես բավական ակտիվ եւ պրոդուկտիվ էր, այլապես նրա շուրջ կլիներ անտարբերություն:
Իր այդ պաշտոնում, ու նաեւ դրանից հետո ամերիկացի դիվանագետը անում էր հայտարարություններ, որոնք, այսպես ասած, բուռն եւ ակտիվ հանրային քննարկումներ էին խթանում ղարաբաղյան կարգավորման շուրջ, որոնց հանրագումարի արդյունքում ի վերջո պահպանվում էր ստատուս-քվոն: Այսինքն՝ Բրայզան ի վերջո իր գործունեությամբ եղել է ամերիկացի՝ այսպես ասած ամենաաչքի ընկնող համանախագահներից մեկը, որն իր հակասականությամբ հանդերձ զգալի լումա ունի ստատուս-քվոյի առ այսօր պահպանման հարցում, ինչը ըստ էության նաեւ խաղաղության եւ կայունության թեկուզ հարաբերական պահպանման մեխանիզմն է:
Եվ այդ իմաստով Բրայզայի հերթական հայտարարությունը հնչում է խիստ ուշագրավ, որը դե ֆակտո հայտարարություն է հենց այն մասին, որ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան գործակցում են ստատուս-քվոն, այսինքն՝ հարաբերական կայունությունը եւ խաղաղությունը պահպանելու հարցում: Նա խոսում է Վրաստանի հակամարտությունների հարցում էական տարբերության մասին: Իսկ ինչն է այդ տարբերությունը:
Բոլորին է հայտնի, որ Վրաստանի հակամարտությունների հարցում ԱՄՆ-ը պնդում է տարածքային ամբողջությունը, իսկ Ռուսաստանը՝ հակառակը: Եվ երբ ղարաբաղյան հարցում Բրայզան այդ համեմատության մեջ խոսում է գործակցության, համատեղ աշխատանքի մասին, ապա դա նշանակում է, որ թե՛ ԱՄՆ-ը, թե՛ Ռուսաստանը նույն կարծիքին են: Այստեղ իհարկե հարց է առաջանում՝ նույն կարծիքին են, որ ստատուս-քվոն պետք է փոխվի՞, թե՞ հակառակը՝ որ պետք է մնա:
Ֆորմալ առումով, իհարկե, ԱՄՆ-ն ու Ռուսաստանը կարծում են, որ ստատուս-քվոն պետք է փոխվի: Համենայնդեպս, նրանք միջնորդ են այդ տրամաբանությամբ ընթացող այսպես կոչված բանակցային գործընթացի: Մյուս կողմից, սակայն, իրական քաղաքականության ռեժիմում թե՛ ԱՄՆ-ը, թե՛ Ռուսաստանը իհարկե ավելի ու ավելի հստակ են պատկերացնում, որ ստատուս-քվոյի փոփոխությունը էլ ավելի մեծ ռիսկեր է պարունակում տեւական կայունության եւ անվտանգության տեսանկյունից, նույնիսկ՝ արդեն իսկ գործընթացի փուլում, քան դրա պահպանմանն ուղղված ջանքը:
Ի դեպ, այդ տեսանկյունից խիստ հետաքրքիր զուգորդում կա Բրայզայի՝ «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցի, եւ թուրքական լրատվամիջոցների հետ Էրդողանի զրույցի միջեւ, որտեղ Թուրքիայի նախագահը խոսում է Պուտինի հետ Սոչիի՝ նոյեմբերի 13-ի հանդիպմանը ղարաբաղյան քննարկման մասին:
Էրդողանը հայտարարել էր, թե Պուտինը հույս չունի, որ տարածքների վերադարձը իրականանալի հեռանկար է: Եվ երբ համադրում ենք Թուրքիայի նախագահի այդ հայտարարությունը Բրայզայի հարցազրույցում հնչած մտքի հետ, ապա ակնառու է դառնում, որ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի համատեղ աշխատանքի մասով խոսքը վերաբերում է հենց ստատուս-քվոյի պահպանման ուղղությամբ: Ընդ որում, խոշոր հաշվով այդ տրամաբանությունը հնչել է արեւմտյան դիվանագետների շուրթերից շատ ավելի վաղ, պարզապես ոչ ուղիղ ձեւակերպումով:
Գուցե Բրայզայի նախկին դիվանագետի կարգավիճակը թույլ է տալիս անել ավելի ազատ ձեւակերպումներ, բայց երբ ԱՄՆ կամ ՆԱՏՕ բարձրաստիճան դիվանագետները, զինվորականները հայտարարում են, թե իրենց համար խնդիր չէ, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է եւ այդ անդամությունը չի խոչընդոտում հայ-ամերիկյան կամ Հայաստան-ՆԱՏՕ ձեւաչափով հարաբերության խորացմանը, եւ այդ առումով Հայաստանը նույնիսկ եզակի օրինակ է, ապա դա ըստ էության հենց Բրայզայի մատնանշած համատեղ աշխատանքն է ստատուս-քվոյի ուղղությամբ: Որովհետեւ ի վերջո Հայաստանի անվտանգություն հասկացության չբարձրաձայնվող, սակայն գործնականում անվիճելի հոմանիշը դա ստատուս-քվոն է:
Ոչ այն պատճառով, որ Հայաստանը ծավալապաշտ է, կամ տառապում է ռազմա-հայրենասիրական ռոմանտիզմով: Խնդիրն այն է, որ իրական քաղաքականության ռեժիմում ստատուս-քվոն է ապահովում տարածաշրջանային հավասարակշռություն, ինչի վրա էլ կառուցվում է Հայաստանի անվտանգության հիմքը: Խախտել ստատուս-քվոն, նշանակում է խախտել Հայաստանի անվտանգության հիմքը, իսկ այդ հիմքը խախտել, նշանակում է խախտել տարածաշրջանային անվտանգությունը:
Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում :